ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը ուրբաթ օրը հատուկ նիստ է անցկացնելու, որտեղ քննարկելու է Սիրիայի բարդացող իրավիճակը: «Reuters» գործակալության փոխանցմամբ` նիստ գումարելու ԱՄՆ առաջարկին արձագանքել են կազմակերպության 16 անդամներ: Նիստ գումարելու համար բավարար է կազմակերպության անդամների մեկ երրորդի համաձայնությունը: Արաբական երկրներից ոչ ոք չի արձագանքել այդ առաջարկին: Սիրիայում արդեն մեկ ամսից ավելի շարունակվող ժողովրդական հուզումների ընթացքում, «Syrian Observatory for Human Rights» սիրիական իրավապաշտպանական խմբի տվյալներով, ցուցարարների եւ իրավապահ մարմինների աշխատակիցների միջեւ բախումներին զոհ է գնացել 453 մարդ: Սիրիայում հակակառավարական բողոքի ցույցերը սկսվեցին մարտի 18-ին Հորդանանի սահմանակից Դարաա քաղաքում, այնուհետեւ տարածվեցին Լաթաքիայում, Բանիասում, Հոմսում, Համայում եւ Դամասկոսի որոշ արվարձաններում: