ԱՄՆ տնտեսությունը ոչ միայն վերականգնվում է, այլեւ ավելի է հզորանում` յուրացնելով ֆինանսական հերթական ցնցման դասերը: Նախօրեին նման հայտարարություն է արել ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները: Ըստ նրա` ներկայում ԱՄՆ տնտեսությունը երեք հիմնական առաջադրանք ունի` վերականգնում, ֆինանսական բարեփոխումների անցկացում եւ բյուջետային խնդիրների լուծում: Գայթների կարծիքով` ԱՄՆ տնտեսության աճին, առաջին հերթին, խոչընդոտում են գործազրկության բարձր մակարդակը եւ անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակը: «Վնասը վերացնելու համար տարիներ կպահանջվեն. ճգնաժամի հետեւանքներն իրենց վրա զգում են նաեւ ԱՄՆ քաղաքացիները, այդ թվում` միջին խավը»,- ասել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը: Գայթները ընդգծել է ԱՄՆ ֆինանսական համակարգի համապարփակ բարեփոխումների անցկացման, այլ ոչ պետական ծախսերի զգալիորեն կրճատման անհրաժեշտությունը: Նա նաեւ դեմոկրատներին եւ հանրապետականներին խորհուրդ է տվել միջոցների խնայման եւ արդյունավետ ծախսման համընդհանուր մոտեցումներ մշակել: