Չորս տարեկան Ալիկի աշխարհից կտրված հայացքն ինչ-որ տեղ է: Այնտեղ, որտեղ, հավանաբար, կարոտ, երազանքներ ու սպասում կա:
Գլուխը դրել է պապի ծնկներին ու չի արձագանքում անծանոթ մարդկանց ելումուտին, տան անսովոր մարդաշատությանը, անշտապ գործողություններին ու խոսակցություններին: Հարցնում եմ` «Դու մանկապարտեզ գնո՞ւմ ես»: Ալիկն անվրդով շարունակում է մտովի լինել մի տեղ, որի մասին միայն ինքը գիտի, ու որը հասկանալու համար առնվազն պետք է Ալիկ լինել: Փոքրիկ տղան տառապած մեծահասակի նման խորը հոգոց հանելով` գլուխը թաքցնում է պապի պատառոտված, անլվա ու «կյանքն» ապրած բաճկոնի մեջ: Պապը գրկում ու, ցավոտ հարցերից պաշտպանելու համար, բաճկոնի եզրագծերով ծածկելով, ասես, վերացնում է թոռանն այն ցավոտ իրականությունից, որին նույնիսկ ինքը` 50 տարեկան Ալիկը, չի դիմանում: Ալիկն ու երկու տարեկան քույրը` Ալինան, ամեն օր մոր հետ հողագործությամբ են զբաղվում, երկար տարածությամբ հեռավորությունից դույլերով ջուր են կրում:
«Բա ի՞նչ անեն երեխեքս, տեսնում են, որ ուրիշ ճար չկա»,- կմկմալով ասում է չորս երեխաների մայր Մարինեն: Նոր է ծննդաբերել ու դեռ 40 օրը չհաղթահարած Արմենին` Մարինեն ուղարկել է մոր մոտ` Էջմիածին, հակառակ դեպքում` երեխան… «Չգիտեմ, ուրիշ ելք չկար: Ոչ կաթ կա, ոչ էլ կեր: Թողել եմ մորս մոտ, յոլա կտանեն, թե չէ էստեղ երեխայիս կյանքը…»,- ասում է Մարինեն ու աչքերից արցունքներն այնպես են պայթում, որ սկեսրայրի ներկայությունից ամաչելով` վազում է հարակից սենյակ: 2-ամյա Ալինայի բերանն ամբողջությամբ արյունլվա է: Բակում ոտաբոբիկ կանգնել, չոր հացի փշրանքները բերանը տանելիս` շրթունքն այնպես է ցավում, որ նյարդային ճչում է: «Հողի մեջ գործ էր անում հարսս, ուզում էր երեխեն մոր մոտ գնար, աստիճաններից ընկավ` բերանը լրիվ արյունլվա եղավ: Ատամը մտել ա շրթունքի մեջ»,- ասում է պապը, ով հոգեկան հիվանդություն ունի եւ երկրորդ կարգի հաշմանդամության համար ստանում է 16.400 դրամ: Ասում է, որ դեղորայքի ազդեցության տակ գտնվելով` անհամեմատ իրեն հանգիստ է զգում, բայց սթրեսը սթրեսի ետեւից, սոված ու անօգնական թոռների հետ ապրելը, անճարությունը նյարդային համակարգն այնպես է «ավերում», որ նորից վատանալու վախը սրտում է: Մարինեն չորս երեխաների ու սկեսրայրի հետ ապրում է սկեսրայրի 16.400 դրամ հաշմանդամության թոշակով: Ասում է` «Տնամերձ հողամասում մի քիչ բան-ման եմ ցանել: Բողկն աճել ա, քաղում եմ, բայց չեմ կարում գնամ ծախեմ: Երեխեքս փոքր են, պահող չունեմ: Սկեսրայրս հիվանդ մարդ ա, ճիշտ ա` իրանց նայում ա, օգնում ա, բայց չի կարա երկար ժամանակ յոլա տանի»:
Մասիս քաղաքում գտնվող նրանց տանը դժվար է որեւէ իր գտնել: Բետոնապատ փոքրիկ տան սառնությունից ու խոնավությունից երեխաներն իրենց դուրս են գցում: Երեխաները մի տեսակ ոչ ադեկվատ վարքագիծ ունեն: Չեն վազվզում, չեն աղմկում ու առհասարակ ծպտուն չեն հանում, իսկ երբ հարց եմ տալիս` շվարած նայում են աչքերիս մեջ: Մարինեն ասում է` Ալիկը մի քանի բառ իրար կցմցելով «կիսատ-պռատ» խոսում է, իսկ մյուսները` ոչ: Սկեսրայրը պատմում է, որ անասուններ են ունեցել, որոնց պահելով` կաթ, մածուն են վաճառել ու նորմալ ապրել են: Երկու տարի առաջ կնոջ մոտ քաղցկեղ են հայտնաբերել. «Էնքան գցեցին հիվանդանոցի դռները… Վիրահատության համար շատ մեծ գումար ուզեցին, ստիպված անասուններին ծախեցինք: Վիրահատությունն արեցին, բայց իզուր… մահացավ»: Չորս երեխաների հայրն, արդեն մեկ տարի է, ինչ գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: Ասֆալտի գործարանից տանիքի թիթեղներ է գողացել: Գողացած երկու թիթեղների համար գործարանին պատճառել է 15.000 դրամի վնաս: Գողության հոդվածով դատապարտվել է երկու տարվա ազատազրկման: Ալիկն, արդեն մեկ տարի է, կալանավայրում է, բայց նրան այցելող չի եղել: Զանգահարել, կնոջից գումար է խնդրել. «Որ քարտ կամ պապիրոս առնի: Ես էլ ասեցի` երեխեքդ սովից մեռնում են, ես ո՞նց գումար ճարեմ»: Մարինեն առանձնանում է սենյակի անկյունում ու սկսում է նյարդային լաց լինել: Հարցնում եմ` «Բայց ախր ո՞նց երեխեքին էս վիճակում թողնել կամ գողություն կատարել` առանց հետեւանքների մասին մտածելու»: Մարինեն պատասխանում է, որ ինքը ոչ մի բանից տեղյակ չէ: Վերջերս անձնագիրը պետք է եղել, տունը տակնուվրա է արել, բայց չի գտել. «Հետո իմացա, որ բանկից 350.000 դրամ ա վերցրած եղել, հետո էդ գումարի վրա էնքան տոկոս ա եկել, որ դարձել ա 2000 դոլար: Իմ ու իրա անձնագրերն էլ զալոգ ա թողած եղել: Իրանը տվել են գործերի համար, իսկ իմը` մինչեւ էդ գումարը չփակի` չեն տա: Ես չգիտեմ` ինչի՞ ա արել, կհավատա՞ս, ոչ մի բանից տեղյակ չեմ, ամեն ինչի մասին նոր եմ իմանում»: Սկեսրայրը միջամտում է` ասելով, որ ընտանիքը շատ վատ վիճակում է եղել, հարկադրաբար է որդին նման քայլի գնացել: Ուզում է որդուն պաշտպանել, բայց մտքում հաստատ դատապարտում է Ռոմանի արարքները: Մեկ ամիս առաջ ծննդաբերած Մարինեն վստահեցնում է, որ անձնագրի բացակայության պատճառով նույնիսկ չի կարողանում ստանալ չորս երեխաների համար տրամադրվող պետական 450.000 դրամ սոցվճարը: «Ասում են` չորս երեխա ունենալու դեպքում 450.000 թե 500.000 դրամ պետությունը տալիս ա, բայց ո՞նց ստանամ: Էլ չեմ ասում, որ «Փարոս» ընդհանրապես չեն ձեւակերպում առանց փաստաթղթերի»: Մարինեն նաեւ ասում է, որ չորս երեխաներից ոչ մեկը ծննդական չունի, բայց պատճառների մասին լռում է: Ռոմանն ազատության մեջ գտնվելիս անասնապահ է եղել եւ ամսական 60.000 դրամով ընտանիք է պահել ու հիվանդ հայր: Թե ինչո՞ւ է նման արարք կատարել` միաժամանակ եւ՛ դժվար է հասկանալ, եւ՛ կարելի է հասկանալ: 2 տարեկան Ալինան ոտաբոբիկ ներս ու դուրս է անում, իսկ բերանից արյունը շարունակում է հոսել: Մարինեն աննկարագրելի նիհար, հյուծված է, մարմինը մի կերպ քարշ տալով` մի ձեռքով գրկել է փոքրիկին, իսկ մյուսով` էլեկտրական սալիկի վրա խաշվող ձավարն է խառնում: Ոտքի վրա «չորանում» է, որովհետեւ ուշքն ու միտքը նաեւ մոր մոտ գտնվող նորածինն է: Երեխաներին քնացնելուն պես ամբողջ գիշեր ջուր է կրում, որ լվացք անի, ամանները լվանա ու հողամասը ջրի: Ալինան ամուսնուն չի հասկանում, բայց հասկանում է իր մանկահասակ չորս երեխաների տառապանքները: Ուզում է ատամներով պաշտպանել երեխաներին, բայց ամենաշատն ինքը պաշտպանության կարիք ունի: Հոգեկան հիվանդություն ունեցող սկեսրայրի ու չորս երեխաների խնամքը մաշել է այս երիտասարդ կնոջը: Ասում է` «Մանկապարտեզի վարձն էլ 5000 դրամ ա, թե չէ` երեխեքին կտանեի: Գոնե համ էնտեղ հաց կուտեին, համ էլ` էդ մի քանի ժամվա մեջ ես կհասցնեի գնալ բողկ վաճառելու»:
Ալիկն ամբողջ խոսակցության ընթացքում դեմքով «թաղվել» էր պապի պատառոտված, անլվա ու «կյանքն» ապրած բաճկոնի մեջ: Հրաժեշտ տալիս կրկին հարցերիս նույնքան անտարբերությամբ` չի արձագանքում, որքան անշարժ ու անտարբեր էլ դիմավորում էր: Ալիկն ինչ-որ տեղ հեռվում է, որտեղ երազանքներ, կարոտ ու սպասում կա: Բայց Ալիկին հասկանալու համար առնվազն պետք է Ալիկ լինել: Հոր կարիքն ունի: