Երեկ ժամը 14:00-ի սահմաններում զինված անձինք Ծարավ Աղբյուրի փողոցում ավազակային հարձակում են իրականացրել Ոստիկանության զորքերի աշխատավարձ տեղափոխող ԳԱԶ-24 մակնիշի ավտոմեքենայի վրա: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` ականատեսները հայտնել են, որ այդ ավտոմեքենան տեղափոխելիս է եղել Ոստիկանության զորքերի աշխատավարձը: Ըստ Գ. Շամշյանի` մեքենայում եղել է 97 միլիոն դրամ գումար: Ավազակները, հանդիպելով Ոստիկանության զորքերի ծառայողների դիմադրությանը, դիմել են փախուստի: Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը, Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ Գագիկ Ավետիսյանը, Երեւան քաղաքի Ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Մուշեղ Օհանյանը: Ավելի ուշ` Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Նոր Նորքի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Հայաստանի քր.օր.-ի 175 հոդվածի հատկանիշներով (ավազակային հարձակում):