Թամարը գնաց

28/04/2011

Երեկ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանը հայտարարել է հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից իր հրաժարականի մասին` նշելով, որ ինքն այլեւս աննպատակահարմար է համարում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ նրա նախագահ` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հետագա համագործակցությունը: «Այսօր իմ հրաժարականի ամբողջ փաթեթը կներկայացվի վարչապետին»,- երեկ ասել է Պողոսյանը: Ըստ նրա` ինքը հայտնի վեճի մասին նամակներով դիմել է Հայաստանի նախագահին, վարչապետին, Դատախազությանը: Վարչապետի վերահսկողական ծառայությունը, նրա տեղեկացմամբ, երկու ուսումնասիրություն է իրականացրել հիմնադրամում` տալով «կողմնակալ եւ կողմնապահ եզրակացություն»: «Ես բողոքում եմ ՀՀ նախագահին, որ մեր ապարատի ծախսերի 80 տոկոսը կտրել եւ տվել են այլ կազմակերպությունների, Ֆինանսների նախարարության համաձայնությամբ մեզ հատկացվելիք ամբողջ գումարը հատկացվում է Սփյուռքի նախարարությանը: Սա փակ շղթա է, ումից ես բողոքում եմ` իմ բողոքը վերահասցեավորում են նրան: Այս երկրում բողոքարկման մեխանիզմները չեն հասնում իրենց նպատակին»,- ասել է նա` նշելով, որ եթե ինքը, լինելով «ներքին խոհանոցի մարդ», չկարողացավ իր խնդիրը լուծել, ապա պատկերացնում է, թե ինչպիսին է շարքային քաղաքացու վիճակը:

Հիշեցնենք, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը Թ. Պողոսյանին մեղադրել է հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը չարաշահելու, հիմնադրամում իր բարեկամներին աշխատանքի տեղավորելու եւ գործադիր տնօրենի իրավասությունից դուրս գտնվող գործառույթներ իրականացնելու մեջ: