Հարաբերականության տեսությունն՝ ըստ հայկական կովերի

28/04/2011

Երբ լսեցի, որ մեր բոլոր պետական այրերը մտահոգված են գյուղատնտեսության խնդիրներով, անհանգստացա գյուղատնտեսության համար: Կյանքի փորձը հուշում է` եթե պետությունը սկսել է լրջորեն զբաղվել տնտեսության որեւէ ճյուղով, ապա` վայ այդ ճյուղին:

Սկզբում ղեկավարությանը սկսեց անհանգստացնել պանրի գների թանկացումը: Սկսեցին փնտրել պատճառները: Պանրի թանկացումը կապեցին կաթի թանկացման հետ: Իսկ կաթի մատակարարը հենց ինքը` ժողովուրդն է: Շատ արագ հայտնաբերվեց հաջորդ մեղավորը: Դա կաթ վերամշակողն էր: Նրանց էլ հրահանգվեց` անկախ կաթի թանկացումից, չթանկացնել պանիրը` սպառնալով հարկային տեռորով: Ստալինյան ժամանակներում ընդունված էր հետեւյալ պրակտիկան. եթե երկրում սով է, «հայտնաբերվում» էր հանցավոր մի խումբ, որի վրա էլ բարդվում էր թանկացման, սովի պատասխանատվությունը: Միտքը պարզ է` մի խումբ «չարագործների» միջոցով արդարացնել աշխատավոր ժողովրդի առջեւ սեփական սխալները: Չեմ ցանկանում զուգահեռ անցկացնել ստալինյան կառավարման մեխանիզմների եւ ժամանակակից Հայաստանի կառավարման մեխանիզմների միջեւ: Պանրագործներին չեն գնդակահարում, հավկիթ արտադրողներին չեն բանտարկում, բայց մեղավորների հայտնաբերման գործընթացում` սեփական սխալները թաքցնելու նպատակով, ինչ-որ ընդհանրություններ նկատվում են` նեղճակատ կասկածամտություն, կեղծ PR…

Հեռուստատեսությամբ սկսեցին «ներմուծող» բառին բացասական իմաստ տալ. թանկության պատճառը ներմուծողներն են, հավկիթ չկա շուկայում` մեղավորը հավկիթ արտադրողն է, պանիրը թանկացել է` մեղավորը պանիր արտադրողն է: Ավելի ուշ պարծանքով հայտարարվեց` մեղավորները պատժվել են, Հակամենաշնորհային կոմիտեն տուգանել է հավկիթ արտադրող մի ընկերության: Իրականում տվյալ ընկերությունը շուկայում ստեղծված իրավիճակում բացարձակ մեղավոր չէր: Ուղղակի տվյալ ընկերությունն ամենաանպաշտպանն էր եւ հարմարը` քավության նոխազ դարձնելու համար: Հասարակության առաջ արդարանալու մեթոդը, իրոք, հիշեցնում է ստալինյան շրջանը, սակայն սա մի ծերակույտի մարազմատիկ քաղաքականություն չէ: Նույնիսկ երիտասարդ հեռուստավերլուծաբանը` անդրադառնալով պանրի թանկացման խնդրին, մտքեր Էր արտահայտում, թե այն կապված է պանրագործների չարամիտ պայմանավորվածության հետ` գիտակցելով, որ շուկայի այսքան մասնակցի (նրանք հազարավոր են) դեպքում դա անհնար է: Եվ ինքն էլ եզրակացրեց` սա հայկական ֆենոմեն է: Հիանալի լուծում: Ցանկացած շուկայում, ուր կան տասնյակ-հազարավոր մասնակիցներ, պայմանավորվածությունը բացառվում է: Սա աքսիոմա է: Սակայն այն, որ մեզանում մեծ տարածում ստացավ պետության կողմից թելադրվող առավելագույն գինը, փաստում է, որ այդ նեղճակատ կասկածամտությունը դեռ աշխատում է: Եվ սա` ազատ, հազարավոր մասնակից ունեցող շուկաներում, ուր չկա մենաշնորհ: Իսկ ամենածիծաղելին այն է, որ գնի թելադրանքն ամբողջությամբ անօրինական գործընթաց է, բայց պետությունը գնում է այդ քայլին: Դա տարրական շանտաժ է: Նման տեխնոլոգիա կիրառվեց հավկիթի, պանրի, ալյուրի շուկաներում, երեւի թե կա նաեւ այլ շուկաներում, պարզապես ես դրանք չեմ ուսումնասիրել: Եվ նման գործիքներ կիրառող պետությունը խոսում է արտասահմանյան ինվեստիցիաների ներգրավման մասին: Անհնար է:

Եկեք պանրի օրինակի վրա պարզենք թանկացման իրական պատճառը: Իսկ դրա համար պետք է ետ գնալ 5-6 տարի: Այդ տարիներին բելառուսական, ուկրաինական շուկաներն առաջարկում էին բավականին էժան կաթի փոշի, որի գինը որպես բազիս ընդունելով` համեմատական կարգով տեղական կաթի ողջամիտ գին թելադրվեց` 80-100 դրամ: Նշեմ, որ տեղական կաթի ինքնարժեքն այդ տարիներին կազմում էր 120-140 դրամ: Մի խոսքով` կաթ արտադրելը ձեռնտու չէր: Ոլորտը խեղճանում էր, փակվում էին տնտեսություններ, կրճատվում էր անասունի գլխաքանակը: Միայն տավարաբուծությանը յուրահատուկ իներտությունը թույլ տվեց այդպիսի մահամերձ վիճակում գոյատեւել մի քանի տարի: Մի փոքր շունչ էր նկատվում Երեւանի մոտակայքում, այն էլ` այն տնտեսություններում, որոնք ունեին սեփական վերամշակման արտադրամաս: Ընդհանուր գլխաքանակն, ամեն դեպքում, կրճատվում էր, նոր մասնագիտացված տնտեսություններ չէին ստեղծվում, գյուղացին վերացնում էր անասունը: Ոլորտը կամաց-կամաց մահանում էր: Ցավոք, այդ տարիներին ոչ ոք չէր մտահոգվում կաթի, պանրի գներով. հույսները դրել էին բելառուսական կաթի փոշու վրա:

Եվ եկավ մի պահ, երբ բելառուսական եւ ուկրաինական փոշին թանկացավ (ինչպես միշտ պատահում է այն պետությունների հետ, ով իր երկրի սննդի անվտանգությունը վստահում է այլ երկրին): Եվ այդ ժամանակ բոլորը բացականչեցին` բա մեր կովե՞րը: Չկային մեր կովերը, պետական անտարբերությունը արդեն սատկացրել էր մեր կովերին: Իսկ հետո արդեն` դասական է առաջարկ-պահանջարկ բանաձեւը, դրան գումարած` կթու կովերի բացակայությունը: Խնդիրն առաջացել էր 5-6 տարի առաջ, եւ պետք էր անհանգստանալ այն ժամանակ, երբ տեղական կաթը 120 դրամ ինքնարժեքով մրցակցում էր բելառուսական կաթի փոշու հետ եւ պարտվում էր:

Գյուղատնտեսությունը ստրատեգիկ ոլորտ է, որը կապված է երկրի սննդի անվտանգության հետ, եւ մեր պետական այրերը պետք է անհանգստանային ոչ թե այն ժամանակ, երբ կաթը թանկացավ, այլ` երբ տեղական կաթը էժան էր, եւ գյուղացին ստիպված էր մորթել կովին` որպես անեկամտաբեր կենդանի: Մենք պետք է վախենանք տեղական կաթի ոչ թե թանկ գնից, այլ էժանից: Այն տարիներին կաթի ընդունման գինը 60-80 դրամ էր, իսկ այժմ` 160-180: Հաշվի առնելով, որ կաթի ինքնարժեքը 120-140 դրամ է, ես կարող եմ վստահ պնդել` վնասարարը 60-80 դրամն էր: Սա մահապատժի դատավճիռ էր կաթ արտադրողի համար: Այսինքն` այն, ինչի դեմ հիմա պայքարում են, իրականում նորմալ, բնական վիճակ է: Չարիքն արհեստականորեն իջեցված կաթի մթերման գինն էր` 60-80 դրամ, եւ պետության հանցավոր անտարբերությունը: Այն ժամանակ էր, որ պետական միջամտություն էր պահանջվում, իսկ լուծումներն այնքան պարզ էին, ուղղակի պետք էր ներմուծվող բելառուսական փոշու հարկման քաղաքականությունը վարել համահունչ տեղական կաթ արտադրողի ինքնարժեքի հետ: Այսինքն` 120-140 դրամի հետ: Եվ ոլորտը չէր խեղճանա: Տնտեսության ոչ մի ոլորտ չի զարգանում, եթե այն եկամտաբեր չէ: Մենք պետք է փայփայենք տեղական արտադրողի եկամտաբերությունը, այլ ոչ թե տարվենք ժամանակավոր էժանությամբ` զոհաբերելով մի ամբողջ ոլորտ:

Գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որը մեկ օրում կամ մեկ տարում անհնար է վերականգնել: Այս խնդիրը պետք է անհանգստացներ Գյուղնախարարությանը, Սննդի անվտանգության տեսչությանը, Հակամենաշնորհի կոմիտեին: Ներմուծվող կաթի փոշու հարկման բազան այն տարիներին իրական դեմպինգ էր տեղական արտադրողի համար, իսկ վերոնշյալ կառույցների խնդիրը հենց դեմպինգի դեմ պայքարն է (ժամանակավոր ցածր գինը պահելու քաղաքականությունը` մրցակիցներին վերացնելու նպատակով, կոչվում է դեմպինգ): Բայց որեւէ մեկը չէր միջամտում, երբ Երեւանում հավկիթի գինն ընկավ մինչեւ 5 դրամ` 30-35 դրամ ինքնարժեքի դեպքում: Ոմանք նույնիսկ ողջունում էին նման էժանությունը: Հավատացե՛ք, դա շատ թանկ էժանություն է: Հավկիթի դեպքում մենք դրանում համոզվեցինք մի քանի ամիս անց, պանրի դեպքում դեռ կհամոզվենք: Այս խնդրին արձագանքելը Սննդի անվտանգության տեսչության սուրբ պարտականությունն է: Էլ չեմ ասում Գյուղնախարարության մասին: Բոլոր այս կառույցների պարտականությունների մեջ է մտնում տեղական սննդամթերք արտադրողի եկամտաբերության փայփայումը: Իհարկե, այստեղ պետք չէ ծայրահեղության հասնել, չնայած պանրի դեպքում դա արդեն անհնար է, քանզի այդ շուկայի մասնակիցները հազարավոր են: Եվ իհարկե, սա չի վերաբերում այն ոլորտներին, ուր արդեն կա մենաշնորհ: Ի՞նչ պարզվեց, ի վերջո, կաթի թանկացման պատճառը ո՞րն էր: Իհարկե, արտասահմանյան փոշու թանկացումը: Եվ փառք այդ թանկացմանը: Իսկ տեղական արտադրողի, գյուղացու համար կաթը չի թանկացել, ուղղակի գինը վերջապես կարգավորվել է: Այո՛, կաթը թանկացել է նախկին 60 դրամ գնի համեմատ, իսկ ինքնարժեքի համեմատ` նորմալացել է: Ասվում է, թե` պետությունը միջամտում է միայն մենաշնորհ դիրք ունեցող ընկերությունների մատակարարած ապրանքների եւ ծառայությունների գնագոյացման դեպքերում, բայց դա սուտ է: Պանրի հազարավոր արտադրողներին զգուշացվել է` գինը բարձրացնեք, վատ կլինի: Պանրի հազարավոր գործարանները գերիշխող դի՞րք ունեն: Իհարկե` ոչ: Կա մի դրական փաստ, եւ չի կարելի դա չնշել այստեղ: Դա նորանշանակ գյուղնախարարի համարձակ հայտարարությունն էր, թե կաթի թանկանալը դրական պրոցես է: Հայտնվում են մարդիկ, ովքեր հասկանում են եւ խոսում են այդ մասին: Միգուցե ինչ-որ բան կարգավորվո՞ւմ է: Ամեն դեպքում, անհանգստացեք, երբ տեղական գյուղատնտեսական արտադրանքն ինքնարժեքից ցածր շուկայական գին է ունենում: Եվ ձեր ամբողջ եռանդով միջամտեք այն ժամանակ, երբ գյուղատնտեսությունն ունի ձեր կարիքը: Իսկ հիմա ուղղակի մի՛ խանգարեք:

Տիգրան ԱԶԻԶԲԵԿՅԱՆ
Գործարար