Դյուցազնները կանգնած են մահանում
Հին Հունաստանի հարյուրների հասնող պոլիս-քաղաքների մեջ եղել են երկուսը, որոնք առանձնահատուկ տեղ են գրավել ոչ միայն Հելլադայի, այլեւ ողջ անտիկ աշխարհի պատմության մեջ: Դրանք են` Աթենքը եւ Սպարտան: Չլինեին այդ երկու պետությունները, կամ, եթե նրանք չլինեին այնպիսիք, ինչպիսիք որ կային, Հելլադայի պատմությունը, թերեւս, այլ կերպ դասավորվեր, Հին աշխարհն ուրիշ ճանապարհով ընթանար եւ ուրիշ կերպ զարգանար քաղաքակիրթ Եվրոպան:
Աթենքի ու Սպարտայի համար հայրենիքի ազատությունն ու անկախությունը եղել են բացարձակ արժեքներ, որոնց համար նրանք պայքարել են դարեր շարունակ, ընկել են, բարձրացել, սակայն երբեք չեն ընկրկել: Հետաքրքիրն այն է, որ այս ենթատեքստում` նրանց հարաբերությունները միմյանց հետ զարգացել են պարադոքսալ զիգզագներով: Նրանք մերթ պայքարել են Հելլադայում գերակայելու համար, երեսուն տարի եղբայրասպան պատերազմում իրար արյուն են թափել, ինչը, բնականաբար, մասնատել է երկիրը եւ բացել դարպասները օտար նվաճողների առաջ: Մերթ միացել, դիմակայել եւ միասին հաղթել են ահեղ թշնամուն: Մերթ էլ նույն բանն արել են զատ-զատ` ասես մրցելով, թե ով ավելին կանի հայրենիքի համար, քանզի այն հավասարապես թանկ է եղել եւ՛ մեկի, եւ՛ մյուսի համար: Ի դեպ, այս սիրո եռանկյունին` Աթենք-Սպարտա-Հելլադա մշտական մտորումների եւ ուսումնասիրությունների առարկա է մասնագետների համար, ոչ միայն անտիկ աշխարհի գաղտնիքներին հասու լինելու առումով: Այդ հեռավոր ժամանակների քաղաքական եւ դիվանագիտական շատ երեւույթներ, ուշադիր նայելու դեպքում, տեսնում ենք, որ իրենց մեջ պարունակում են արդի միջազգային հարաբերությունների վերլուծության կոդը…
Եվ, երբ արքայից արքա Քսերքսեսը 481 թվին ձեռնարկեց մեծ արշավանքը Հելլադայի դեմ, Սպարտան եւ Աթենքը, բարեբախտաբար, իրար կողքի էին, չնայած պարսից տիրակալն ամեն ինչ արեց նրանց մեջ սեպ խրելու համար: Ապարդյուն: Այդ հետո էր` որ հույն-պարսկական պատերազմին անմիջապես հաջորդելու էր Պելոպոնեսյան պատերազմը, երբ հույնը թափելու էր հույնի արյունը: Իսկ այժմ Հունաստանի գլխին կախվել էր մահացու` լինել-չլինելու վտանգը: Այդ վտանգը միաձուլել էր Աթենքն ու Սպարտան:
Զանգվածային, մեծ էքսպանսիան այդ չափի էլ ուժ է պահանջում: Քսերքսեսը լինելով լավ զորավար` հասկանում էր դա, եւ ըստ այդմ էլ պատրաստվել էր: Նա կարողացել էր ստեղծել ժամանակի ամենամեծ, ի դեպ, ինտերնացիոնալ, ցամաքային եւ ծովային բանակը: Հերոդոտոսը գրում է, որ դրանց մեջ կային նաեւ արմեններ, նկարագրում է նրանց հանդերձանքն ու զենքերը: Նրա վկայությամբ, երբ պարսկական բանակը դադար էր առնում, որեւէ` ոչ շատ մեծ գետի մոտ, այն ցամաքում էր: Նա գրում է, որ այդ բանակում հաշվվում էր 1.700.000 մարդ, իսկ ռազմական նավատորմում կար 3000 միավոր: Ուսումնասիրողները գտնում են, որ Հերոդոտոսի բերած թվերը չափազանցված են: Կան տարբեր վարկածներ: Ինչեւէ:
Եվ, ահա, պարսկական նավատորմը հասավ Մագնեսիայի ծովափ եւ խարիսխ նետեց Կասթանեա քաղաքի եւ Սեպիաս հրվանդանի միջեւ: Առավոտյան ծովային հետեւակը դուրս էր գալու ցամաք, ամեն ինչ հողին հավասարեցնելու մտադրությամբ: Իսկ գիշերն այնպիսի մի փոթորիկ պայթեց, որը կործանեց ավելի քան 400 նավ: Արդ, աթենացիները հաստատ համոզված էին, որ կատարվածը Բորեասի` հյուսիսային քամիների աստվածության սարքած գործն է, որին նրանք նախօրեին օգնության էին կոչել աստծու պատգամով եւ զոհ մատուցել` խնդրելով խորտակել թշնամու նավերը: Բորեասն էլ անսալով խնդրանքին` ուժեղ փոթորիկ սարքեց պարսիկների գլխին: Պատերազմից հետո աթենացիները Իլիսոս գետի մոտ տաճար կառուցեցին նրա պատվին…
Պարսկական նավատորմին փոթորկի պատճառած վնասը նույնն էր, ինչը մոծակի խայթոցը փղին: Ռազմական մոնստրը շարժվում էր առաջ: Զորքն այնքան բազմաքանակ էր, այնքան ահարկու, որ երբ Ասիայից Եվրոպա էր անցնում Հելեսպոնտոսի վրա կառուցած նավակամուրջներով, ականատեսներից մեկը բացականչեց. «Ո՜վ Զեւս, ինչո՞ւ դու պարսիկի կերպարանք ընդունելով եւ Քսերքսես անունը ստանալով, ամբողջ աշխարհը բերել ես քեզ հետ եւ ուզում ես ամայացնել Հելլադան: Չէ՞ որ կարող էիր այդ ամենն անել առանց դրա»: Արքայից արքան, չնայած նավատորմին փոթորկի հասցրած որոշ վնասին, գտնվում էր բարձր տրամադրության մեջ եւ դույզն անգամ չէր կասկածում, որ առանց դժվարության մտնելու է Եվրոպա:
Եվ հանկարծ նրա ճանապահին հայտնվեց ինչ-որ մի կիրճ, ինչ-որ տարօրինակ Թերմոպիլե անունով, որը թարգմանվում է «Տաք դարպասներ»: Այդ այսօր է, որ աշխարհը ճանաչում է այն` որպես արիության, խիզախության, անձնազոհության եւ հայրենասիրության խորհրդանիշ: Կիրճին հարող բլրի վրա կա մի հասարակ եւ անշուք գերեզմանաքար, որի տապանագիրն (էպիտաֆիա) ասես խնդրում է.
Անցորդ, ավետիր Լակեդոմիայի մարդկանց, թե` այստեղ
Պառկել ենք հավերժ մենք հավատարիմ նրանց պատվերին:
Եվ այդ հեռավոր 481 թվին (չմոռանաք` մեր թվարկությունից առաջ), ամռանը սպարտացի երեք հարյուր գվարդիականներ (խնդրում եմ ուշադրություն. ընդամենը 300) փակել էին արքայից արքա Քսերքսեսի զորքերի ճանապարհը դեպի Թեսալիա` այնտեղից միջին Հունաստան: Այլ անցում գոյություն չուներ: Պարսկական հետախուզությունը զեկուցում է, որ, իրոք, ճանապարհն արգելափակել է հելլենների մի խումբ, որոնք հանգիստ մաքրում են իրենց զենքերն ու սանրում երկար մազերը: Քսերքսեսը լիաթոք ծիծաղում է նման անհոգության վրա եւ նրանց անվանում խելապակասներ: Նա, թերեւս, զգույշ լիներ իր գնահատականի մեջ, եթե ծանոթ լիներ պատմիչի վկայությանը. «Նրանք (սպարտացիները.- Ա.Ն.) մարտում ամենաարիներն են: Նրանք թեեւ ազատ են, բայց ոչ ամեն ինչում: Նրանց տերն օրենքն է, որից նրանք երկյուղում են: Նրանք կատարում են այն, ինչ օրենքը հրամայում է. իսկ օրենքի հրամանը միշտ մեկն է. այն արգելում է մարտում փախչել թշնամու ցանկացած բազմության առաջ, այն պատվիրում է մնալ շարքում եւ հաղթել կամ սպանվել»: Եթե նա չէր կարող իմանալ պատմահոր կարծիքը, ապա կարող էր լսել իրեն ծառայող Սպարտայի նախկին թագավոր-դավաճան Դեմարատոսի կարծիքը, որը նա համարձակվեց հայտնել Քսերքսեսին. «Այդ մարդիկ եկել են այստեղ մեր դեմ կռվելու այս անցավայրի համար, եւ նրանք պատրաստվում են կռվի: Նրանց բարքերն այսպիսիք են. մահու եւ կենաց կռվի պատրաստվելիս` նրանք հարդարում են իրենց գլուխները: Այժմ իմացիր, ով արքա. եթե դու հաղթես այդ մարդկանց եւ նրանց, ովքեր մնացել են Սպարտայում, ապա աշխարհում ոչ մի ժողովուրդ արդեն չի համարձակվի քեզ դիմադրել: Այժմ դու դեմ հանդիման կանգնած ես Հելլադայի ամենաարքայական տոհմի եւ ամենաքաջ մարդկանց առաջ»:
Այս խորհրդի ազդեցության տակ Քսերքսեսը դեսպաններ է ուղարկում սպարտացիների մոտ, ովքեր պարսկական շատախոսության համաձայն` երկարաշունչ ելույթ են ունենում եւ պահանջում զենքերը հանձնել: Գվարդիան գլխավորող թագավոր Լեոնիդասը լակոնիկ եւ արհամարհական պատասխանում է. «Molon labe»-«Եկեք եւ վերցրեք»: Այնժամ պարսիկ դիվանագետները երկար-բարակ գովերգում են իրենց ռազմական հզորությունը, համոզում` հանձնվել, սպառնում` ահավոր հետեւանքներով: «Ճանապահն ազատեք,- ասում են նրանք: -Հակառակ դեպքում, երբ գրավենք Ատտիկան, կմտնենք Լակոնիա եւ կկործանենք Սպարտան: Մեր զորքն այնքան է, որ երկինքը կսեւանա մեր նետերի քանակից»: Սպարտացիների պատասխանը. «Հրաշալի է: Կկռվենք ստվերի տակ»:
Չորս օր սպասելուց հետո, եւ սպարտացիների «անամոթ հիմարությունից» կատաղած` արքայից արքան հինգերորդ օրը նրանց դեմ է ուղարկում մեդիացիների զորախմբերին, կարգադրելով գերի վերցնել սպարտացիներին եւ ներկայացնել իրեն: Մեդիացիները բազմաթիվ զոհեր տալով` նահանջում են: Այնժամ մարտի է նետվում «Անմահների» գվարդիան, որի մարտիկները մեռնում են, բայց չեն նահանջում: Լակեդեմոնացիները ցուցաբերում են մենամարտելու բարձրագույն վարպետություն եւ աներեւակայելի հմտություն, օգտվում են զենք բանեցնելու այնպիսի ձեւերից, որոնց մասին պարսիկները գաղափար անգամ չունեին: Կռվելով նեղ վայրում, պարսիկները չէին կարողանում առավելության հասնել թվաշատությամբ, նրանց խեղճացնում էր իրենց նիզակների կարճությունը սպարտացիների նիզակների համեմատությամբ: Սպարտացիները հարձակվում էին, հետո փախուստ ձեւացնում: Պարսիկները ոգեւորված, աղմուկ-աղաղակով ընկնում էին սպարտացիների հետեւից, եւ այն պահին, երբ հասնում էին նրանց, վերջիններս դեմքով շրջվում էին դեպի բարբարոսները եւ սպանում նրանց: Սպարտացիները մշակել էին մարտավարելու իրենց տեխնիկան, որի դեմ պարսիկներն անզոր էին: Սպարտացիները խաբսի մեծ վարպետներ էին։ Գտնվելով թշնամուն դեմ առ դեմ` նրանք գալարաձեւ շարժումով, ասես օղակ` hulla hupa էին պտտեցնում գոտկատեղին, հետո դուրս էին գալիս հարվածի տակից եւ հասցնում անկասելի պատասխան հարված վզին կամ ուսին` ճեղքելով պարսիկների մարմինը մինչեւ ազդրամեջ: Ընդ որում, սպարտացիները հավասարապես աշխատում էին եւ՛ աջով, եւ՛ ձախով, ակնթարթային արագությամբ զենքը մի ձեռքից փոխելով մյուսին: Այս դեպքում հակառակորդը դառնում էր միանգամայն անպաշտպան: Հարվածից փրկություն չկար:
Սպարտացիները փակել էին կիրճի մուտքը, եւ որքան պարսիկ թողնում էին մտնել այնտեղ, այնքան էլ կոտորում էին` հազարներով: Պարսից «Անմահները» լրիվ արդարացրին իրենց կոչումը` չնահանջեցին, բայց մասսայաբար կոտորվեցին: Քսերքսեսն ահաբեկված էր: Իսկ երբ ընկան նրա երկու խորթ եղբայրները, ինքն էլ ընկավ կատարյալ պրոստրացիայի մեջ: Նա չէր կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում: Մի՞թե հնարավոր բան է, երեք հարյուր հոգի քայքայում են իր բազմահազարանոց բանակը:
Ամեն ինչ վերջացավ այնպես, ինչպես վերջանում են բոլոր հերոսապատումները: Գտնվեց կամավոր մատնիչ-սրիկա` Եպիալտես անունով: Մեծ պարգեւ ստանալու ակնկալությամբ, նա ներկայացավ Քսերքսեսին եւ հայտնեց այն կածանի մասին, որը լեռան վրայով տանում էր Թերմոպիլե, եւ դրանով իսկ կործանեց հելլեններին` ինքը լինելով հելլեն: Նա պարսիկների համար կանաչ լույս վառեց` դեպի Աթենք…
Սպարտացիները պատվի եւ խղճի խնդիր համարեցին վրիժառությունը եւ իսկական որս հայտարարեցին փախած մատնիչին գտնելու համար: Երկար փնտրտուքներից եւ հետապնդումներից հետո Եպիալտեսին բռնեցին եւ տանջամահ արեցին: Ամփիկտիոնները նրան նզովքի ենթարկեցին, եւ սերունդներն անեծքով են հիշում նրա անունը:
Թերմոպիլեի կռիվներում զոհվածների թիվը բոլոր աղբյուրներում նշվում է նույն թվերով. սպարտացիներ-300, պարսիկներ-20.000 մարդ, այդ թվում` երկու հոգի, ինչպես նշեցինք, արքայական ընտանիքից: Փրկվեց ընդամենը երկու սպարտացի: Մեկին աչքերի հիվանդության պատճառով Լեոնիդասը հեռացրել էր մարտի դաշտից: Նա վերադարձավ Սպարտա, բայց հայրենակիցները չընդունեցին նրան եւ անվանեցին վախկոտ, որը հավասար է մահվան դատավճռի: Երկրորդին թագավորը դիվանագիտական առաքելությամբ ուղարկել էր Թեսալիա, եւ երբ դեսպանն իմացավ ընկերների հետ կատարվածը, կախվեց:
Արքայից արքան, ով գնում էր Եվրոպա նոր աշխարհակարգ ստեղծելու համար, նա, ով իրեն հռչակում էր Արդարության եւ Օրենքի ջերմ պաշտպան, Ստի եւ Խաբեության երդվյալ թշնամի, որը քարոզում էր վեհ եւ ազնիվ գաղափարներ, վրեժ լուծեց սպանվածներից: Նա Լեոնիդասի գլուխը կտրեց եւ ցցհան արեց, իսկ մարմինը խաչեց: Հետո հրամայեց հազար պարսիկի դիակ պատվավոր թաղել, իսկ մնացած զոհվածներին լցնել մի ընդհանուր փոսի մեջ, եւ հողը հավասարեցնել, որպեսզի թաքցնի կորուստի քանակը: Ապա նա հրավիրեց իր զորքին եւ մատնացույց անելով մի տեղում իրար վրա թափված հելլենների դիակները` ծաղրանքով ասաց. «խելացնոր մարդիկ, ովքեր երազում էին հաղթել արքայի հզորությանը»: Մի խոսքով, սրբապղծություն թույլ տվեց դիակների վրա:
Շարունակելի