«Զոհը նա է, ով զի դիմանում»,- ասում է Արմեն Շեկոյանը

28/04/2011 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

– Շատ է խոսվում, որ հիմա գիրք չեն կարդում:

– Գրականությունն ընդհանրապես հիմա հետաքրքրություն չի առաջացնում։ Գեղանկարիչ Հակոբ Հակոբյանն, օրինակ, ձեր թերթին տված հարցազրույցում սենսացիոն բաներ էր ասել, եւ շատ ուրախալի է, որ նկարիչն է խոսել գրականության մասին, բայց զարմանալին այն է, որ Հակոբ Հակոբյանի բարձրացրած հարցերին ոչ ոք չարձագանքեց:

– Կարդալու ժամանակ մնո՞ւմ է:

– Ես էնքան շատ եմ գրում, որ կարդալու ժամանակ չի մնում: Երբ խոսում ես մեր գրողների մասին, դառնում ես Գրողների միության հերթական պլենումի մասնակիցը։ Ուրիշների գրքերը կարդալիս միշտ էլ անհատականացված վերաբերմունք ես ցուցաբերում, եւ շատ դեպքերում գերադասում ես չկարդալ, մանավանդ, երբ հիշում ես, որ Շեքսպիրի, Տոլստոյի գրածների կեսից ավելին չես կարդացել։ Նույնիսկ, եթե ժամանակ էլ ունես, չես հասցնում կարեւորագույնը կարդալ։ Ընդհանրապես կարդալը փրկություն չէ, միեւնույն է` օբյեկտիվ գնահատել չես կարող։ Ինձ համար լավագույն ընթերցողը նկարիչը, մաթեմատիկոսը, վարորդը կամ արհեստավորն են, ովքեր գրածդ ըստ էության են կարդում, եւ նրանց խոսքն էլ է էական, ի տարբերություն, ասենք, գրողների ու գրականագետների գնահատականների: Ես, օրինակ, ավելի շուտ իմ տեսած ցուցահանդեսի, այլ ոչ թե գրողի գրքի մասին կարծիք կհայտնեմ։ Ասեմ, որ էդ նկարիչն էլ իմ ասածն ավելի ուշադիր կլսի, քան նկարչի ասածը։ Ես ավելի ազատ եմ ընկալում նկարչությունը, քան` գրականությունը։ Եվ այն, ինչը գրելու արժանի եմ համարում, ինքս եմ գրում ու էդ արժանին ուրիշների գրածի մեջ չեմ փնտրում։ Իմ նախընտրած արձակագիրն, օրինակ, Վանո Սիրադեղյանն է։ Բայց նրա անունը երբեք չես հանդիպի ոչ «Գրական թերթի» էջերում, ոչ էլ Գրողների միության պլենումների ժամանակ հնչող ազգանունների ցանկում։

– Իսկ չկա՞ զգացում, որ կարելի էր ավելի շատ բան անել, քան արել ես:

– Ես միշտ համարել եմ ինձ ավելի գնահատված, քան պետք է։ Ընդհանրապես անհաջողակ, հալածված, նվնվացող մարդկանց երբեք չեմ սիրել։ Եթե նույնիսկ անհաջողակ եմ, ամեն գնով դա կքողարկեմ, քանի որ կարծում եմ` անհաջողակ լինելը ամոթ բան է։ Ես Երեւանի մի քանի դպրոցներում եմ սովորել, ու իմ համադասարանցիները, թաղի ընկերներն ինձանից ամեն ինչ սպասում էին, բացի բանաստեղծություն գրելուց։ Եվ միշտ փորձել եմ քիչ շեշտել անունս, նույնիսկ հարցազրույցներ տալուց եմ խուսափում, որովհետեւ ուզում եմ, որ ինձ հնարավորինս քիչ ճանաչեն։ Բայց թարսի պես ճանաչողներ կան։ Եթե ձգտեի ճանաչված լինել, ինձ ավելի քիչ մարդ կճանաչեր։ «Հայկական ժամանակն», օրինակ, անավարտ վեպ է, բայց արդեն 15 գրախոսականի է արժանացել։ Վեպիս մասին ավելի շատ է գրվել, քան անհրաժեշտ է։ Մի մարդ, որը բոլորից շատ է գրում, ո՞նց կարող է իրեն անհաջողակ համարել։ Սովետի տարիներին իմ նման գրողներին բամբասում էին, ասելով՝ թանաքը չչորացած` գիրքը տպարան է ուղարկվում։

– «Հայկական ժամանակն», իրոք, տպարան է ուղարկվում հենց օրաթերթի ռեժիմով:

– Իմ վեպը բոլոր ժամանակների ամենաերկար վեպն է։ «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանի հետ մտածում էինք, որ երբ ավարտենք վեպի 10-րդ հատորը, Գինեսի ռեկորդների հանձնաժողովին կներկայացնենք։ Բայց երբ հասանք 12-րդ հատորին, այդ հետաքրքրությունն էլ անցավ։ Ծավալն ընդհանրապես շատ հարաբերական բան է։ Եթե Արամը չտպագրեր «Հայկական ժամանակը», վեպն էսքան չէր երկարի: Վեպս թերթի ու գրողի համագործակցություն է, որն ինձ համար շատ հետաքրքիր է: Գրեցի մի հատոր, հետո մյուսը, երրորդը: Հիմա էլ շարունակում եմ գրել, որովհետեւ դա ինձ համար զուտ գրականություն չէ, այլ կյանքի ու ապրելու պես բան է:

– «Հայկական ժամանակում» Ժամանակը շատ խառն է։

– Ուրիշները ճշգրիտ դեպքեր են գրում, բայց իրենց հարազատների, ծնողների, ընկերների անուններն են փոխում, իսկ ես հակառակն եմ անում՝ անուններն եմ իրական գրում, բայց ասածներն ու արածներն եմ հնարում։ Դա է իմ գրածի առանձնահատկությունը:

– Թերթ կարդում են բոլորը, ու թերթում տեսած վեպն էլ կարծես կարդալու հրավեր է։

– Ամբողջ ցավն էլ նրանում է, որ միշտ հրավիրում են նրանց, ում հրավիրել պետք չէ։ Վերցնենք «Եվրատեսիլը»։ Մեր երգիչները Երեւանում երգում են մի ոճով, բայց հատուկ «Եվատեսիլ» գնալու համար երգի մեջ արաբական, թուրքական, ու եսիմ ինչ ելեւէջներ են մտցնում։ Եթե էստեղ երգում եք ու հաջողություն ունեք, ուրեմն Եվրոպայում էլ նույն ձեւով երգեք։ Անպայման հաջողություն կունենանք, եթե ուղարկենք այն մարդկանց, ում էստեղ սիրում են։ Եթե ժողովուրդը Թաթայի ու Ռուբեն Հախվերդյանի երգերն է սիրում, նրանց էլ պիտի «Եվրատեսիլ» ուղարկեն:

– Կհաղթե՞ն։

– Մրցանակը գրպանում հետ կգան։ Պիտի ուղարկեն նրանց, ում Ժողովուրդը սիրում է։ Իհարկե, ես էդ մրցույթը շատ չեմ կարեւորում, բայց եթե ժողովուրդը կարեւորում է, նայում ու միավորներ է շնորհում, ուրեմն պետք չէ այն երկրորդ սորտի մրցույթ համարել։ Ընդհանրապես պետք է քվեարկել այն մարդու օգտին, ում սիրում ես։ Երբ, օրինակ, կարդում ես գրական մրցանակներ շնորհող հանձնաժողովի անդամների ցուցակը, ուղղակի սարսափում ես։ Մտածում ես, որ առանց կարդալու էլ էդ մարդիկ գիտեն, թե ով է արժանի մրցանակի։ Բայց ես հիմա խորհուրդ տվողի դերում եմ հայտնվել, ինչը չեմ սիրում։ Բոլորը հիմա իշխանություններին, ընդդիմությանը, նախագահին խորհուրդ են տալիս։ Եթե նախագահը ի պաշտոնե խորհրդականներ ունի, ես ինչո՞ւ պիտի խորհուրդ տամ։ Ինչո՞ւ պիտի բացատրեմ, որ, օրինակ, Նիկոլ Փաշինյանի ազատազրկումը հենց նախագահին, այլ ոչ թե Նիկոլին է վնասում։ Խորհուրդ տվողները, վերջիվերջո, աշխատավարձ են ստանում։ Բայց հիմա խորհրդականներ են նշանակվում հիմնականում դեռահաս մարդիկ, կամ էլ` թոշակի անցած նախկին պաշտոնյաներ: Ավագանիներ կան, բայց ավագներ չկան։ Մուսուլմանների մոտ, օրինակ, «ակսակալ» հասկացությունը կա։ Միգուցե դա ձեւական բան է, բայց ակսակալը տարիքով մարդ է, ով կարող է շատ դեպքերում նաեւ տհաճ, բայց օգտակար բաներ ասել, այլ ոչ թե քծնել։ Իսկ երբ մեր օգնականներին ու խորհրդականներին ես նայում, տեսնում ես, որ նրանք ի վիճակի չեն խորհուրդ տալ։

– Խորհուրդներ ու հանձնաժողովներ ստեղծելը մեր երկրում մոլուցք է դարձել։ Խորհուրդներ կան թատրոններում, մրցույթներում։ Այդ ապարատը, միեւնույն է, չի կարող օբյեկտիվ որոշումներ ընդունել, բայց անընդհատ ուռճացվում է։

– Եթե ես դառնամ որեւէ հանձնաժողովի նախագահ կամ անդամ, մրցանակն էլի սխալ մարդկանց կտրվի, որովհետեւ բոլորս էլ սպեցիֆիկ կապեր ու ճաշակ ունենք։ Գրական մրցանակները պիտի հասարակ ընթերցողները տան։ Թեկուզեւ՝ սխալ։ Իսկ երբ պրոֆեսիոնալների, մանավանդ՝ կեղծ պրոֆեսիոնալների ես դարձնում հանձնաժողովի անդամ, ավելի սխալ մարդիկ են մրցանակ ստանում։

– Իսկ հնարավո՞ր է անկախ մրցանակներ ստեղծել:

– Չեմ կարծում, որ մեզ մոտ նման բան կլինի։ Վախենում եմ, որ նորից գնան ու կեղծ պրոֆեսիոնալներին հարցնեն՝ ո՞ւմ տանք։ Մրցանակն օգնում է գրողին ֆինանսապես անկախանալ ու չգնալ, ասենք, թաղապետի ընտրություններին գովք անելու` մտածելով, որ դրա դիմաց իր գրքույկը կտպագրվի։ Գրողն այսօր ողբալի վիճակում է։ Իհարկե, բոլոր երկրներում էլ գրողը պիտի վճարի, որպեսզի իր գիրքը տպագրվի, ու կարողանա վաճառված տիրաժի հաշվին ապրել։ Բայց մեզ մոտ դա անհնարին է, որովհետեւ մեր ժողովուրդը վճարունակ չի: Անվճարունակ ընթերցողի դեպքում անկախ գրող լինել չես կարող։ Ֆինանսապես ապահովված լինելու համար լիքը ճանապարհներ կան, բայց բոլորն էլ զարտուղի են ու մարդկային էությանը անհարիր։

– Եվ ո՞ւր են տանում այդ ճանապարհները։

– Ռուսերեն լավ բառ կա՝ ֆալշ։ Վերջերս ես նկատեցի, որ լրագրողի, գրողի, նկարչի արածին նայելով` առաջին հերթին ուզում եմ հասկանալ՝ ֆալշ կա՞, թե՞ չկա։ Ու թեեւ բոլորին թվում է, որ իրենք անկեղծ են, բայց էդ ֆալշը միանգամից զգացվում է։ Միգուցե ես էլ ի՛մ ֆալշը չեմ զգում (շաբաթական թերթի երկու էջ գրելն ու ֆալշ թույլ չտալն անհնար է), բայց շատ լավ զգում եմ ուրիշներինը։ Ֆալշը որակի հետ կապ չունի. մարդը կարող է լրիվ անկեղծ լինել, բայց գրածը ոչ մի արժեք չներկայացնի։ Ես, օրինակ, այլեւս բանաստեղծություններ չեմ գրում, որովհետեւ չափածոն արդեն իսկ ֆալշ է։ Իմ դեպքում, իհարկե:

– Ինչո՞ւ։

– Երբ հարմարեցնում ես հանգերը, դա անում ես ինչ-որ բանի հաշվին։ Ու հայտնվում է էդ կեղծիք կոչվածը։ Պոեզիայի մեծագույն նվաճումն այն է, որ կարելի է անգամ ամենախիստ հանգերի, ռիթմերի մեջ ազատ լինել։ Այնպես, ինչպես ասենք՝ բանտում հայտնված մարդն է իրեն ազատ զգում։ Իսկ եթե այդ ազատության զգացումը չկա, ավելի լավ է պոեզիա չգրել։ Կարելի է այդ ռիթմն ու հանգը նաեւ արձակի միջոցով արտահայտել։ Ի վերջո, նախկինում գրած բանաստեղծություններից ավելի լավ էսօր չեմ գրի: Վերջերս թարգմանեցի Բորիս Գրեբենշչիկովի բանաստեղծությունները: Վստահ էի, որ նրան ոչ ոք չի թարգմանել, էդ պատճառով էլ ցանկացա թարգմանել: Եվ քանի որ ես վաղուց պոեզիա չէի գրել, մեջս շատ բան էր կուտակվել: Ու թարգմանելով` կարծես հավեսս հանեցի:

– Դա ավելի շուտ Շեկոյան էր, ոչ թե Գրեբենշչիկով:

– Մենակ էդպես կարելի էր նրան թարգմանել: Համոզված եմ, որ եթե բառացի թարգմանեի, ավելի քիչ Գրեբենշչիկով կլիներ, քան եղավ: Կյանքն ընդհանրապես շատ հետաքրքիր է. երբ պոեզիա էի գրում, հետո էլ գրեցի «Անտիպոեզիան», մարդիկ կային, որոնք առանձնապես չէին խրախուսում: Եվ դրանք էն մարդիկ էին, որոնք էսօր գրավոր ու բանավոր ասում են՝ ինչո՞ւ ես արձակ գրում. ախր դու չտեսնված պոետ էիր։ Մարդն ընդհանրապես հանիրավի մեծամտանում է, երբ իր գրածը ուշացումով են ընկալում։ Շատերն էլ ասում են, որ սովետական տարիներին գրածներս ավելի լավն էին։ Փաստորեն, ստացվում է, որ ցենզուրայի պայմաններում ավելի լավ եմ գրել։

– Իսկ խորհրդային տարիներին ցենզուրայի ճնշումն անձամբ զգացե՞լ ես:

– Ցենզուրան կար, բայց ես դա չեմ զգացել։ Ընդհանրապես դիսիդենտական գրականություն ոչ սիրել եմ, ոչ էլ ինքս եմ գրել։ Թեեւ այն տարիներին կլանում էինք Սոլժենիցինի գրածները, ինձ համար իսկական գրողները Շուկշինն ու Հրանտ Մաթեւոսյանն են: Եվ երբ մտածում ես, որ Սոլժենիցինը ապրեց 80 տարի, իսկ Շուկշինն ու Վիսոցկին` դրա կեսը, հասկանում ես, որ հենց նրանք են զոհ, այլ ոչ թե` Սոլժենիցինը։ Չէ՞ որ զոհը նա է, ով կյանքից շուտ է հեռանում, եւ նշանակություն չունի` ինֆա՞րկտը, թե՞ այլ բան է պատճառը։ Ով քիչ է դիմանում, նա էլ զոհ է։ Չարենցն, օրինակ, զոհ էր։ Սեւակն ու Մինասը` նույնպես։ Մարդը երբեք կամավոր ինֆարկտ չի ստանում, ոչ էլ ձգտում է դրան։ Եթե անգամ ինֆարկտի պատճառը շատ ծխելն է, ուրեմն մարդուն հասցրել են շատ ծխելու վիճակին։ Ասածս այն է, որ Սոլժենիցինը զոհ չէր. ի վերջո, նա Նոբելյան մրցանակ ստացավ, որպես հերոս գնաց հայրենիքից, որպես հերոս էլ վերադարձավ։ Սոլժենիցինը, Շոլոխովն ու Մարկեսն այն բացառիկ գրողներն են, ովքեր Նոբելյան մրցանակը երկար վայելեցին. մնացած գրողները հենց ստացել են էդ մրցանակը, շատ արագ հեռացել են կյանքից։ Երեւի Աստված նրանց շատ մեծ բան տալով՝ փոխարենը շատ մեծ բան է վերցրել։ Նոբելյան մրցանակը մեծ բեռ է, որը տանելը երեւի շատ դժվար է։ Էդպես եղավ նաեւ Բրոդսկու հետ։ Մարդկային սիրտը ոչ միայն մեծ տխրությանը, այլեւ մեծ ուրախությանը չի դիմանում։

– Իսկ Ինտերնետը գրողի արածը ներկայացնելու համար լա՞վ, թե՞ վատ տարածք է:

– Ես կասեի` վատ, բայց դրա բարոյական իրավունքը չունեմ, որովհետեւ էդ գործիքին ու էդ տարածքին չեմ տիրապետում:

– Մեր շուրջն ինչ ասես կա` եւ արժեք, եւ աղբ: Բայց կարծես միշտ միջակությունն է օրինակելի ու պատվավոր համարվում: Արժեք հայտնաբերողներ չկա՞ն:

– Ինչպե՞ս կարող են հայտնաբերել, եթե հանձնաժողովներն առաջին հերթին ֆալշը գնահատող չակերտավոր վարպետներն են: Գրականագետներն էսօր գրում են Չարենցի մասին, որովհետեւ իրենցից առաջ արդեն հայտնաբերվել է, որ Չարենցը մեծ գրող է: Բոլորս հիմա մեծարում ենք Չարենցին, բայց մեզ հարց չենք տալիս` եթե Չարենցի օրոք ապրեինք ու նրա գրածը կարդայինք, մենք նրան գնահատողների՞, թե՞ սպանողների շարքում կլինեինք: Մենք ասում ենք, որ Չարենցին սպանեց Ստալինը, եւ դրանով փրկում ենք մեզ: Բոլորս ենք փրկվում, մանավանդ` Չարենցի ժամանակակիցները: Բայց Չարենցին մենք ենք չէ՞ սպանել: Բակունցին էլ ենք մենք սպանել: Այսինքն, սպանել են էն մարդիկ, որոնք էսօր նրանց գովում են: Մեր գրողներն ընդհանրապես շատ դժբախտ մարդիկ են եղել: Եթե կարդաս` ինչ ահավոր բաներ են գրել Թումանյանի մասին, կսարսափես: Գրում էին` հայերեն լեզուն է փչացնում, անգամ ռուսական լրտես էին անվանում: Պարզապես սպանում էին էդ մարդուն: Եվ սպանեցին: Բակունցի ու Չարենցի պես ուղղակի չսպանեցին, բայց, միեւնույն է, դա էլ էր սպանություն: Տերյանին էլ սպանեցին` մեղադրելով նրան ապազգայնության մեջ: Մենք մինչեւ հիմա տերյանական լեզվով ենք գրում ու խոսում` համարելով նրան մեր գրական լեզվի հիմնադիրը, իսկ նրա ժամանակակիցներն ասում էին` Տերյանը ապազգային պոետ է:

Աբովյանն, օրինակ, խոսակցական աշխարհաբարը մտցրեց գրականություն, եւ դա համարվեց նվաճում: Իսկ հիմա գրական լեզվից մի քիչ շեղվող գրողին սկսում են լուրջ մեղադրանքներ ներկայացնել ու ասել` ինչպե՞ս կարելի է բարբառով ու խոսակցականով գրել: Բայց խնդիրն այն է, որ գրականագետներն ու լեզվաբանները հանկարծ են որոշել Աբովյանին աշխարհաբար գրականության հիմնադիր դարձնել: Չգիտես ինչու` ո՛չ Սայաթ-Նովային, ով Աբովյանից շուտ է աշխարհաբար գրել: Որոշել են, դասագրքերի մեջ գրել են, ու թող որեւէ մեկը հանկարծ Աբովյանի պես գրական լեզվից գոնե փոքր-ինչ շեղվի, միանգամից կխոշտանգեն. ընդ որում` Աբովյանի՛ անունից:

– Ոչինչ չի՞ փոխվել:

– Կարո՞ղ ես մի դեպք հիշել, երբ կազմակերպված պայքարել են միջակության դեմ: Ոչ. միշտ պայքարել են այն մարդկանց դեմ, ովքեր հետագայում մեր գրականության հենասյուներն են դարձել: Եվ դա վկայում է այն մասին, որ պրոֆեսիոնալներն ավելի սխալ են գնահատում, քան` սիրողները: Եթե սիրողները չլինեին, Թումանյանը չէր լինի: Թումանյանի հենարանը ժողովուրդն է, որովհետեւ ժողովրդի հենարանն էլ Թումանյանն է: Թումանյանի «էս»-ն ու «էն»-ը էն ժամանակ շատ խիստ էր քննադատվում: Հիմա էլ քննադատվում են մարդիկ, որոնք «Է» օժանդակ բայը «ա» են դարձնում: Եթե իմ գրական հերոսը Վիկտոր Համբարձումյանը լինի, ես էլ «է»-ով կգրեմ, բայց ո՞նց կարող եմ թույլ տալ, որ վարորդ հերոսս գիտնականի լեզվով խոսի ու արտահայտվի: Մեր գրագետները, կամ, ավելի ճիշտ, իրենց գրագետ ցույց տվողները պետք է դա հասկանան: Հիմա բոլորն ասում են` պահպանենք մեր լեզուն` չհասկանալով, որ դա շատ վատ կարգախոս է: Փոխանակ ասենք` զարգացնենք մեր լեզուն, ասում ենք` պահպանենք: Ախր միայն մեռած բանն է զմռսվում ու պահպանվում: Հիմա շատերը բողոքում են, որ սերիալները փչացնում են 9-10-րդ դասարանցիների լեզուն, բայց սերիալները ընդամենը ընդօրինակում են դպրոցականների վարքը, լեզուն, հումորը, մի խոսքով` ամեն ինչը: Եթե գրողը, գրաքննադատը, լեզվաբանը լեզուն չեն զարգացնում, լեզվի զարգացումը մնում է հենց 9-10-րդ դասարանցիների հույսին: Մնացածը միայն պահպանելով են զբաղված: Թեեւ ի՞նչն են պահպանում, չես հասկանում: Տերյանն, օրինակ, ասում էր, որ «հեծանիվ» բառը երբեք չի փոխարինի «վելոսիպեդին», բայց տեսանք, որ լավ էլ փոխարինեց: Այսինքն, ոչ ոք չի կարող վստահորեն ասել, թե ո՞րն է լեզվի ճիշտն ու սխալը: Ժամանակի ընթացքում որ լեզվական ձեւը հաղթեց, այն էլ ճիշտն է:

– Մեր լեզուն կարծես ոչ թե յուրացնում է օտար բառերը, այլ անպայման ուզում է թարգմանել դրանք: Եվ շատ դեպքերում անճոռնի բառակույտեր են ստեղծվում: Հիմա խոսում ենք կամ արհեստական գրական լեզվով, կամ գռեհիկ ժարգոնով: Եվ շատերն են նշում, որ Արմեն Շեկոյանի լեզուն խառնուրդ լինելով` շատ պարզ ու հարուստ է:

– Հետաքրքիր է, որ ամենաշատը օտարաբանություններից օգտվել են ռուսները, եւ ամենահարուստը հենց ռուս գրականությունն է: Ռուսաց լեզուն առավոտից իրիկուն զարգանում է, քանի որ այդ երկրում «պահպանենք լեզուն» կարգախոս չկա:

Հիմա ես քեզ հարցազրույց եմ տալիս, եւ ես ճիգ եմ գործադրում, որպեսզի հետաքրքիր բաներ ասեմ, բայց չեմ կարող պարզել` ո՞րն է իմ լեզուն: Էդ պատճառով էլ միտքս հաճախ կիսատպռատ է ստացվում: Մենք պիտի համադրենք լեզվական ձեւերը, բայց միշտ հակադրում ենք: Հիմա համակարգիչը շատ բան է հեշտացրել. օրինակ, այլեւս տողադարձի խնդիր չկա, ու պետք չէ տանջվել` տողադարձի կանոնները վերհիշելու ու «ը» գաղտնավանկը գրելու իմաստով: Ինչքա~ն ժամանակ ենք դպրոցում կորցրել տողադարձի կանոնները սովորելու վրա, ու հիմա էլ ենք նույնն անում` առանց մտածելու, որ տողադարձը մեր փոխարեն համակարգիչն է անում:

Ընդհանրապես կյանքում ու արվեստում` մոդեռն լինի թե դասական, ամենաարժեքավոր բանը պարզությունն է: Նույնիսկ Մալեւիչի «Սեւ քառակուսին» է շատ պարզ: Թումանյանը, Սարյանը, Չարենցը, Շեքսպիրն էլ են շատ պարզ: Մարդկությունը չի ստեղծել որեւէ լուրջ արժեք, որը պարզ չլինի: Եվ միայն անհասկացողներն են էդ արժեքները բարդ համարում: Հիշում եմ, որ «Բիթըլզների» երաժշտությունը համարում էին աղմուկ-աղաղակ, բարդ մի բան, հետո էլ ասում էին` երկար մազեր ունեն: Հիմա, երբ նայում եմ նրանց նկարներին, տեսնում եմ, որ խեղճերի մազերն ամենեւին էլ երկար չէին. մենք էդ տարիներին ավելի երկար մազեր էինք պահում: Ուզում եմ ասել, որ մեծությունները միշտ ավելորդ քարկոծումների են ենթարկվել: Հիմա Հրանտ Մաթեւոսյանի տարին ենք նշում, մեծ-մեծ նկարներ ենք փակցնում, բայց երբ հիշում եմ` ինչպե՞ս էին նրան կյանքի վերջին տարիներին հալածում, սկսում եմ վախենալ: Վախենալ ինձանից, մեզանից: Վախենում եմ, որ ընդունակ ենք հեշտությամբ անել ու հեշտությամբ էլ մոռանալ մեր արածը: Մի խոսքով, եթե մարդը խղճով ապրի, ամաչելու առիթներ չի ունենա: Խիղճը մարդու ամենաթանկարժեք զարդն է:

– Լավ գրողներին կարելի է չէ՞ տարբեր հարցեր տալ: Ուզում եմ հարցնել` ի՞նչ է երջանկությունը:

– Վեպիս վերջին գլուխներում էդ մասին շատ եմ գրում: Ինքս էլ չգիտեմ` դա ինչ է: Երբ երջանիկ ես, էդ մասին չես մտածում: Մտածում ես միայն էն ժամանակ, երբ ուրիշներն են երջանիկ: Երջանկությունը երկարատեւ չէ. հո չե՞ս կարող 30 տարի շարունակ երջանիկ լինել: Դա արդեն միօրինակություն կլինի: Մարդը մի արարած է, որը միշտ մտածում է` ուրիշը երջանիկ է, իսկ ինքը` ոչ: Մինչդեռ երջանկությունն ընդամենը մի պահ է, առկայծում է, որը գիտակցում ես միայն կորցնելուց հետո: Եթե երջանկությունը ճշգրիտ գիտություն լիներ, բոլորն էլ կկարողանային սովորել այն: Բայց դա աբստրակտ մի բան է, ինչպեսեւ սերը: Ես չեմ ճանաչում մի մարդու, ով ասի` ես երջանիկ եմ, բայց հենց գնում են Նազենիի «Երջանկության մեխագնիկային» մասնակցելու, բոլորն ասում են` մենք երջանիկ ենք: Հասկանում ես, որ մարդն ուզում է իրեն երջանիկ ցույց տալ: Եթե մի քանի ամիս առաջ մտածում էինք, որ ճապոնացիներն ավելի երջանիկ են, քան` մենք, ցունամիից հետո այլեւս էդպես չենք մտածում: Մի բան միայն գիտեմ. երջանկությունը փողի մեջ չէ: Շուրա Բալագանովն, օրինակ, հստակ գիտեր` իրեն ինչքան գումար է պետք երջանիկ լինելու համար: Բայց դա չօգնեց նրան:

– «Ոսկե հորթը» հիանալի հայերեն թարգմանություն ունի:

– Եթե մեզ նեղություն տայինք ու հարցնեինք` ինչո՞ւ են մի քանի ռուսական ֆիլմերը հայերեն ավելի լավ հնչում, քան նույնիսկ բնագրում, ապա անպայման կհիշեինք էդ մի քանի ֆիլմերի ընտիր թարգմանիչ Վարոս Հովակիմյանին: Էդ մարդու ձեռքը ինչին կպել է, ոսկի է դարձել: Հիմա հարյուրավոր հոբելյաններ ենք նշում, բայց նրան չենք հիշում: Անարդարությունը շատ է: Բայց մյուս կողմից էլ` երեւի երջանկությունը հենց այն է, որ մարդու գործն ավելի հայտնի է, քան` անունը:

– Շատերը վստահ են, որ եթե հիմա վերահրատարակվի Արմեն Շեկոյանի պոեզիան, մեծ հաջողություն կունենա: Շատերը չեն հասցրել քո գրքերը ձեռք բերել:

– Վերահրատարակելն ավելի էժան հաճույք է, քան տպագրելը: Բայց դա պետք է հրատարակիչն ուզենա անել. ես համաձայն եմ հեղինակային իրավունքներս զիջել, եթե «Անտիպոեզիան» կամ «Երեւան հյուրանոցը» վերահրատարակվեն: Բայց, ճիշտն ասած, ես միշտ երազել եմ, որ մեր կոմպոզիտորներն իմ գրած տեքստերը երգ դարձնեն: Սակայն չի ստացվել: Կոմպոզիտորները դիմում են պոետին` բառեր գրել իրենց գրած երաժշտական «բալվանկայի» համար, բայց ոչ ոք պատրաստի տեքստը երգ դարձնել չի ցանկանում: Տեքստն են հարմարեցնում երաժշտությանը, այլ ոչ թե` հակառակը: Իմ ամենասիրած երգն, օրինակ, Սեւակի «Երեքնուկ» բանաստեղծության հիման վրա գրված երգն է: Ոչ ոք ենթադրել չէր կարող, որ էդ տեքստը դուդակահար Վաչե Հովսեփյանը փառահեղ երգ կդարձնի:

– Հիմա շոու-բիզնեսը նույնպես խառնուրդ է, ով ինչ ուզում է` վերցնում է պոեզիայից: Ու զարգացնում է:

– Դա զարգացում չէ. երգահանները կյանքից հետ են մնացել: Եթե փնտրեն, անպայման կգտնեն: Բայց մեր կոմպոզիտորները գտնում են միայն իրենց ուզածը, այսինքն` մի կերպ հարմարեցված բառեր: Ուզում են, որ պոետը հարմարվի իրենց. չեն հասկանում, որ եթե իրենք հարմարվեն պոետին, երգերն ավելի բովանդակալից կստացվեն: Եթե խնդիրը հարմարեցնելն է, կարելի է, վերջիվերջո, «Բիթըլզի» երգերը վերցնել ու դարձնել հայերեն: Կատարյալ հայերեն երգեր կստացվեն: Երգերը թարգմանելը լավ գործ է:

– Իսկ ափսոս չէ՞, որ քո պոեզիան չի թարգմանվել։

– Չնայած ինքս բանաստեղծություններ թարգմանել եմ, այդուհանդերձ, պոեզիայի թարգմանությունը լուրջ չեմ համարում: Չարենցի ու Թումանյանի պոեզիան հնարավոր չէ այլ լեզվով թարգմանել: Ցավոք սրտի, էդպես է: Պուշկին հասկանալու համար պիտի ռուսերեն կարդաս: Եվ դա պոետների դժբախտությունն է: Ավելի ճիշտ` ընթերցողի` դժբախտությունը: