Շուրջ մեկ ամիս է, ինչ Հ2 հեռուստաալիքով գովազդվում է նոր հաղորդաշարի սկիզբը, որը ռուսական տարբերակում կոչվում է «Բոլշիե գոնկի»:
Բոլոր նրանք, ովքեր տեսել են այդ խաղի գոնե մեկ հաղորդումը, գիտեն, որ այն բավականին վտանգավոր հեռուստանախագիծ է: Շոուի գունազարդ հսկայական տաղավարն ու մասնակիցների` երբեմն ծիծաղելի կերպարային հագուստը, հօդս են ցնդում, երբ վանդակից դուրս է գալիս կատաղի ցուլը: Թեեւ ռուսական «Բոլշիե գոնկի»-ի հաղորդավար Դմիտրի Նագիեւը չէր զլանում ամեն անգամ շեշտել, որ ցլերի պոզերը հատուկ «վնասազերծված» են, այնուամենայնիվ, հանդիսատեսը շատ անգամ ականատես էր լինում, թե ինչպես են շտապօգնության աշխատակիցները տաղավարից դուրս բերում ցլի հարվածներից վիրավոր հերթական մասնակցին:
Այս տարի, ի թիվս այլ երկրների ներկայացուցիչ թիմերի, Ֆրանսիայում անցկացվող հեռուստախաղերին ներկա կլինի նաեւ 20 հոգուց բաղկացած հայկական թիմը: 15 սպորտսմեններից եւ շոու-բիզնեսի 5 ներկայացուցիչներից բաղկացած հայկական թիմը Ֆրանսիա կմեկնի մայիսին: Իսկ խաղերը կսկսեն մայիսի 23-ից: Սակայն Ֆրանսիայում հայերի արկածներին հեռուստադիտողն ականատես կլինի միայն սեպտեմբերին: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց երգչուհի Սյուզին, ով եւս ընդգրկված է կայանալիք խաղերում: Բացի Սյուզիից, Ֆրանսիա կմեկնեն նաեւ երգիչ Նարեկ Բավեյանը, ռեփեր ՀՏ Հայկոն, վերջերս նշանված պարուհի Թինա Քեյը եւ «Մագ-ավտոյի» հաղորդավարուհի Մագան:
Հարցին, թե` ո՞վ է վարելու հայկական «Բոլշիե գոնկի»-ն, որն, ըստ նախնական տվյալների` կոչվելու «Ամենից ամենա», Սյուզին պատասխանեց, որ իր տեղեկություններով` հաղորդավարները լինելու են երկուսը` «Բերնարդ Շոուի» Արմենն ու Արտյոմը: Խաղի ռուսական տարբերակում, մասնակիցներից բացի, ներկա է նաեւ երկրպագուների մի ամբողջ բանակ` կազմված ռուսական շոու-բիզնեսի եւ սպորտի աշխարհի ակնառու դեմքերից: Պարզվեց, որ մեր մասնակիցներին ոգեւորելու համար Հայաստանից ընդամենը 10 հոգի է մեկնելու Ֆրանսիա: Քչով բավարարվող ազգ ենք:
Հեռուստադիտողը դեռեւս «Ֆորտ Բոյար» հեռուստախաղից է ճանաչում երգչուհի Սյուզիին` որպես խիզախ եւ վճռական մասնակից: Չափազանց նիհար Սյուզիից ոչ ոք չէր սպասում, որ նա առանց վայրկյան անգամ կասկածելու կկարողանա հաղթահարել «Ֆորտ Բոյարի» փորձությունները: Այստեղ են ասում` տեսքին մի խաբվեք: Այնպես որ` Սյուզին որոշակի փորձ արդեն իսկ ունի նմանատիպ խաղերում:
Պարուհի Թինա Քեյին գոնե մի քանի ժամ ճանաչողները կհամաձայնեն, որ նա ոչ միայն պատվով կմասնակցի, այլեւ ցանկության դեպքում Հայաստան կբերի խաղի անբաժան «մասնակից» ցլերի պոզերը: Հարցին, թե` չե՞ք վախենում արդյոք խաղի հետեւանքներից, պարուհին պատասխանեց. «Նշանածս` Մովսեսը, ինձ քաջալերում է ամեն հարցում: Հնարավոր է, որ մենք միասին մեկնենք: Այնպես որ` ես վախենալու պատճառ չունեմ: Իսկ ցլերը… Ցուլ է, էլի: Կարող է ձեռքս կամ ոտքս կոտրեմ, սակայն դա այդքան էլ էական չէ: Կարեւորն այն է, որ նման վնասվածքները չեն խանգարում երեխա ունենալուն: Իսկ մնացածը, ինչպես ռուսներն են ասում` «դո սվադբի զաժիվյոտ»: Ի դեպ, Թինան մեզ հետ զրույցում նշեց, որ իր նշանածը` Մովսեսը, շոու-բիզնեսից չէ։ «Նա Երեւանի քաղաքապետարանում է աշխատում, ինչպես հասկանում եք` չափազանց հեռու է իմ ոլորտից, սակայն միշտ հասկանում եւ աջակցում է ինձ` ամեն հարցում»,- ասաց Թինան:
Ի դեպ, լուրեր էին շրջանառվում, թե այս խաղերին մասնակցելու է նաեւ երգիչ Հայկոն: Որքանո՞վ է այս լուրը համապատասխանում իրականությանը` հարց ուղղեցինք անձամբ Հայկոյին: «Այս խոսակցությունները սկսեցին միայն այն պատճառով, որ ես եթերով խաղի մասնակիցներին ուղղված բարեմաղթանքի խոսքով հանդես եկա: Բոլոր նրանք, ովքեր ճանաչում են ինձ, գիտեն, թե որքան հեռու եմ նմանատիպ շոուներից, ես հանգիստ մարդ եմ: Եվ ամենակարեւորը` ի՞նչ գործ ունեմ ես օտար երկրում, երբ ընդամենը մեկ ամսից պետք է ծնվի իմ տղան: Ես պետք է կնոջս կողքին լինեմ, ինչպես հիմա, այնպես էլ երեխայի ծնունդից հետո: Այս շրջանում նա իմ կարիքը շատ կզգա, այնպես որ` ես ոչ մի տեղ էլ չեմ գնում»: