Մատիտեղ ճնճղուկի խոտաբույսը պատկանում է ոչ պահանջկոտ բույսերի թվին։ Այն կարող է աճել ժայռի փոքր ճեղքում, ավազի վրա։
Բույսը կարող է զբաղեցնել մեծ տարածք` գորգի պես ծածկելով այն։ Նման տեղերում այն օգտագործվում է որպես ֆուտբոլային դաշտի բնածածկույթ։ Բույսն արագ վերականգնվում է ոտնատակ լինելուց հետո, աճում է նաեւ աղակալած խոնավ հողերում: Այն կարելի է տեսնել քարապատ ճանապարհի վրա։ Մատիտեղը տարածված է ողջ Եվրոպայում։ Բույսի մերձծովյան, ցամաքային, դաշտավայրային եւ լեռնային տարատեսակները տարբերվում են իրարից։
Կենտրոնական Եվրոպայում մատիտեղի սերմերով կերակրում են ընտանի թռչուններին։
Գերմանացիները այս բույսն անվանում են «Heggras», ինչն էլ թարգմանաբար նշանակում է ճամփեզրի խոտ։
Մատիտեղը դժվար վերացվող մոլախոտ է: Մարդն անհիշելի ժամանակներից օգտագործել է այն որպես բուժամիջոց եւ սնունդ։ Տնային տնտեսուհիները բույսի թուրմն օգտագործում են որպես խոհանոցային սպասքի ախտահանման միջոց, քանի որ այն պարունակում է հեշտ լուծվող կրեմնիումի միացություններ։ Մատիտեղն ունի հետեւյալ կենսաբանական հատկությունը. գիշերը տերեւները փոխում են իրենց դիրքերը եւ մոտենում իրար։ Տարվա եղանակից կախված` մատիտեղը փոխում է գուներանգը. գարնանը` նուրբ զմրուխտե, ամռանը` մուգ կանաչ, աշնանը` դեղնակարմրավուն։ Հարավ-Արեւելյան Ասիայում աճում է մատիտեղի տարատեսակ («Tinctorium»), որից ստանում են որակյալ ներկանյութ (ինդիգո)։
Polygonum aviculare-հայերեն անվանումներն են` մատիտեղ թռչնի, մատիտեղ ճնճղուկի, արինճ, հավուկեր, որոնք համահունչ են լատիներեն անվանմանը։ Aviculare թարգմանաբար նշանակում է` թռչնակ։
Մատիտեղը միամյա վաղ գարնանային բույս է, ունի լավ զարգացած առանցքային արմատ, որի մերձգետնյա բողբոջներից աճում են ճյուղավորվող հանգույցներով փռվող կամ կիսականգուն (30-40 սմ երկարության) ցողուններ։ Էլիպսաձեւ տերեւների ծոցից աճում են 2-5-ական մանր, սպիտակ կամ վարդագույն (երբեմն` կանաչավուն) ծաղիկները։
Բույսի ենթաշաքիլային մասը, ինչպես նաեւ` հանգույցները, տերեւների հիմքի հետ ներկված են վարդագույն: Պտուղը եռանիստ է, թխագորշ, շատ մանր։ Մեկ բույսը տալիս է մինչեւ 5000 (եւ ավելի) սերմնապտուղ, ծլում է վաղ գարնանը` գրեթե ձյան տակից։ Ծաղկումը սկսվում է մայիսից եւ շարունակվում մինչեւ աշուն։ Նույն ժամանակաշրջանում նաեւ պտղաբերում է։ Սերմերը, երկար տարիներ մնալով հողում, հաճախ պահպանում են իրենց ծլունակությունը` պաշտպանելով տեսակը։ Հայաստանում մատիտեղն աճում է ցածրադիր, նախալեռնային եւ լեռնային գոտիներում, հաճախ` խաղողի եւ պտղատու այգիներում։
Մատիտեղի քիմիական բաղադրությունը բավականին հարուստ է, պարունակում է բուսական սպիտակուցներ (17 տոկոս), թաղանթանյութ (27 տոկոս), մոխիր (8-9 տոկոս), շաքար (2,5 տոկոս)։ Բույսի մեջ շատ է ֆոսֆորը, կալցիումը, ցինկը, կրեմնիումի թթուն։ Պարունակում է նաեւ խեժ, լորձանյութ, մեղրամոմ, դառնանյութ, մեծ քանակությամբ (0,35 տոկոս) դաբաղանյութ, եթերային յուղի հետքեր, գլյուկոզիդ ավիկուլարին, ենթավիտամին A, վիտամիններ K, E։
Բույսը պարունակում է նաեւ թրթնջկաթթու, մեծ քանակությամբ կրեմնիումի միացություններ (1,45 տոկոս)։
Ասկորբինաթթվի պարունակությունը 100 գրամ թարմ բույսի մեջ հասնում է 120 մգ-ի, իսկ չորացրած տերեւներում այն ավելին է։
Բուժական նպատակներով օգտագործվում է բույսի վերգետնյա մասը։ Կտրում են ցողունի վերին մասը (մինչեւ 7 սմ), փռում բարակ շերտով, չորացնում օդափոխվող ծածկի տակ։ Պահպանում է բուժիչ հատկությունները մինչեւ 3 տարի։
Մատիտեղ թռչնի պատրաստուկները դրական ազդեցություն ունեն աղեստամոքսային համակարգի վրա, այն բնորոշվում է դաբաղանյութի հակամանրէային, հակաբորբոքային եւ կապող հատկություններով։ Վերականգնվում է լորձաթաղանթի վնասված հատվածը, նվազում եւ վերանում արնահոսությունը։ Բույսն ունի որոշ հիպոտենզիվ հատկություն, դրա պատրաստուկները լավացնում են շնչառությունը, բարձրացնում հարթ մկանների կրճատման ունակությունը եւ արյան մակարդելիությունը։ Որպես հիմնական միջոց` բույսը կիրառվում է երիկամների եւ միզուղիների բորբոքման, թրթնջկաթթվի եւ աղերի դուրս բերման համար, կիրառվում է միզաքարային եւ որոշ մաշկային հիվանդությունների դեպքում։
Մարդիկ հնագույն ժամանակներից նկատել են, որ կրեմնիումն ունի ախտահանող հատկություն. կրեմնիումով պատել են մսի պահեստների պատերը, ջրհորների հատակը եւ ներքին մակերեսը։ Կրեմնիումը մեծ դեր է կատարում մարդու օրգանիզմում. սպիտակուցների հետ համատեղ այն նպաստում է ֆերմենտների, ամինաթթուների, հորմոնների գոյացմանը։ Հետազոտությունների միջոցով ապացուցված է, որ կրեմնիումի անբավարարության դեպքում չեն յուրացվում 74 կարեւորագույն տարրեր։
Էլեկտրական ձգողականության շնորհիվ կրեմնիումը դեպի իր կոլոիդային միացություններն է քաշում եւ կլանում արյան եւ աղիների մեջ գտնվող գրիպի, հեպատիտի, պոլիարթրիտի, ռեւմատիզմի եւ այլ վիրուսներն ու վնասակար միկրոօրգանիզմները։ Ընդ որում, կրեմնիումը չի հեռացնում օրգանիզմից օգտակար նյութերը։ Կրեմնիումը հիմնական կապող ստրուկտուրային տարրն է մարդու օրգանիզմում։ Կրեմնիումը` սեւ կամ մոխրագույն, կազմում է երկրակեղեւի 25,3 տոկոսը։ Կրեմնիումն օգտագործվում է ջրի ախտահանման եւ ակտիվացման համար։ Կրեմնիումի ոչ մեծ կտորները լավ լվանում են եւ դնում ապակե տարայի հատակին, տարան ծածկում են, պահում արեւի ճառագայթներից հեռու, սենյակային պայմաններում` 3-5 օր, հիվանդների համար` 7 օր, ջուրը զտելիս չի կարելի թափ տալ` տարայի տակի նստվածքը պետք է թափել։ Կրեմնիումը չի կարելի եռացնել ջրում։ Մեկ խորանարդ սանտիմետր կրեմնիումի բեկորով հնարավոր է զտել 1000 լիտր ջուր։ Կրեմնիումով հարստացրած ջրով կարելի է ճաշ պատրաստել, խորհուրդ չի տրվում այն դնել սառնարանի մեջ, ախտահանված ջուրը երկար ժամանակ պահպանում է իր հատկությունները սենյակային պայմաններում։ Քարերը կրկին օգտագործելի են։
Կրեմնիումը` Silicium, որպես քիմիական տարր` կազմում է կավի, ավազի, ժայռերի հիմնական մասը: Այն պարունակում է մի շարք բոստանային մշակաբույսերի (գետնախնձոր, կարմիր բողկ, վարսակ, գարի, մարոլ, այլն) եւ վայրի աճող «մոլախոտերի» (խատուտիկ, մատիտեղ, ձիաձետ) մեջ։ Առավելապես հարուստ են կրեմնիումի հեշտ լուծվող աղերով ձիաձետը եւ մատիտեղ թռչնին (0,25 տոկոս)։
– 10 գրամ մատիտեղ թռչնին թանզիֆե պարկիկով իջեցրեք 1 լիտր ջրով լցված տարայի մեջ, հասցրեք եռման աստիճանի, թրմեք 3-4 ժամ։ Խմեք մեկ բաժակ օրվա ընթացքում։ Նման դեղամիջոցը հատկապես խորհուրդ է տրվում շաքարախտի, ինսուլտի, դիսբակտերիոզի դեպքում։ Վերքերի, այրվածքների, խոցի դեպքում ցայեք թուրմը (կրեմնիումի ջուրը), դրեք թրջոցներ բորբոքված տեղին, ցավոտ մկանին։ Պսորիազի, էկզեմայի, նեյրոդերմիտի դեպքում ընդունեք լոգանքներ։
Մատիտեղ թռչնին կարողանում է «բուժել» իր վնասված մասերը, նա ունակ է բուժել նաեւ մարդուն։ Բույսի պատրաստուկները կարող են կանխարգելել բազմաթիվ հիվանդություններ, դրանք են`
– բարձրացնում են դիմադրողականությունը: Հեռացնելով վնասակար նյութերը` նվազեցնում ուռուցքների գոյացման հնարավորությունը,
– ամրացնում երակների պատերը, մաքրում սկլերոտիկ գոյացություններից,
– իջեցնում է «վատ» խոլեստերինի բաղադրությունը արյան մեջ,
– կարգավորում է լեղու արտազատման գործընթացը,
– լուծում եւ հեռացնում է քարերը երիկամներից, լեղապարկից եւ միզապարկից,
– կարգավորում է նյութերի փոխանակումը, ամրացնում է լնդերը,
– ամրացնում է մազարմատները, լավացնում է մաշկի որակը։
Դեղատոմսեր
Երկարատեւ արգանդային արնահոսությունների դեպքում. Մանրացրեք եւ խառնեք հավասար քանակությամբ մատիտեղ թռչնի, ճնճղկապաշարի, սպիտակ ճագոմի խոտերը եւ կծոխուրի պտուղները։ Խառնուրդի 1 ճ/գ-ին ավելացրեք 200 մլ եռջուր, թրմեք 1 ժամ, քամեք։
Պատրաստի դեղամիջոցը ընդունեք կեսական բաժակ, օրը` 2-3 անգամ, սնունդ ընդունելուց հետո։
Շաքարային դիաբետի դեպքում պատրաստեք հետեւյալ խառնուրդը` 25-ական գրամ ձիաձետ դաշտային, ազնվամորու եւ 50 գրամ մատիտեղ թռչնի խոտերը։ Ավելացրեք 2 ճ/գ խառնուրդին 500 մլ ջուր, թրմեք 1 ժամ։ Քամեք։ Դեղաթուրմի պարունակությունը խմեք օրվա ընթացքում։
Թոքախտի դեպքում. Խառնեք մատիտեղ թռչնի խոտը (1։1) մատուտակի արմատին, ավելացրեք 500 մլ եռջուր, եռացրեք 5 րոպե մարմանդ կրակի (ջրային բաղնիք) վրա։ Թրմեք 1 ժամ, քամեք։ Ընդունեք օրը 100-ական մլ սնունդ ընդունելուց հետո։
Թոքաբորբի դեպքում. Խառնեք մատիտեղ թռչնի, ձիաձետի խոտերը եւ գիհիի պտուղները (3։2։1)։ Խառնուրդի 3ճ/գ-ին ավելացրեք 500 մլ եռջուր, թրմեք 1 ժամ, զտեք, խմեք փոքր կումերով, 1-2 օրվա ընթացքում։
Շնչառական խնդիրների դեպքում, կրծքահեղձուկ. Խառնեք հավասար քանակությամբ մատիտեղ թռչնի, երիցուկի, առյուծագու տերեւները եւ կատվախոտի արմատը, ավելացրեք 500 մլ օղի, երբ խառնուրդը հովանա (40-45 աստիճան) քամեք, զտեք եւ ավելացրեք 500գ մեղր։ Բուժման առաջին շաբաթը խմեք մեկական թ/գ առավոտյան եւ երեկոյան, հաջորդ օրերը` մեկական ճ/գ։ Ոգեթուրմը վերջանալուց 15 օր հետո պատրաստեք նորը։
Տրոֆիկ խոցի դեպքում. Մատիտեղ թռչնի մանրացրած տերեւները փաթաթեք թանզիֆի մեջ, դրեք վերքերին։
Թութքի դեպքում. Մատիտեղ թռչնի 2 ճ/գ-ին ավելացրեք 300 մլ եռջուր, եռացրեք 30 րոպե թույլ կրակի (ջրային բաղնիք) վրա։ Հովացրեք, քամեք։ Դրեք թրջոցներ, կատարեք եփուկով լվացումներ։
Սրտային անբավարարության դեպքում. Խառնեք (2։3։5) մատիտեղ թռչնի, ձիաձետի խոտերը եւ մասուրի ծաղիկները։ Խառնուրդի 2ճ/գ-ին ավելացրեք 200 մլ եռջուր, թրմեք մեկ ժամ, զտեք։ Խմեք թուրմը փոքր կումերով` օրվա ընթացքում։
Հակացուցված է հղիներին, երիկամների եւ միզապարկի հիվանդությունների սուր ընթացքի, վարիկոզի, տրոմբոֆլեբիտի դեպքում։
Սնունդը` դեղ
Մատիտեղ թռչնին խառնում են աղցանների, բանջարեղենային արգանակների մեջ։ Օգտակար է ուտել սպանախի, ավելուկի հետ։
Գեղարարություն
Կրեմնիումի ջուրն ամրացնում է մազարմատները, նպաստում մազերի աճին:
1ճ/գ թարմ մատիտեղ թռչնի խոտը 200 մլ եռջրով թրմեք ջերմապահի մեջ` 30 րոպե։ Քամեք։ Թուրմով շփեք գլխամաշկը 10-15 րոպե։ Բուժումը շարունակեք 20 օր։