Կրակոցներ Երեւան-Աշտարակ ճանապարհին

28/04/2011

Կոտայքի մարզի ոստիկանության Նաիրիի բաժին ապրիլի 27-ի առավոտյան` 06:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երեւան-Աշտարակ մայրուղու 5-րդ կիլոմետրում կրակոցներ են հնչում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` պարզվել է, որ նշված վայրում տեղի են ունեցել կրակոցներ եւ դեպքի վայրից երկու մարդու կրծքավանդակի ձախ շրջանում ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վնասվածքներ ստացել են եղբայրներ 42-ամյա Գագիկ Միրզոյանը եւ 38-ամյա Վահե Միրզոյանը: Ըստ ականատեսների, նրանք գազա եւ բենզալցակայան ունեն Երեւան-Էջմիածին ճանապարհին:

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 13 ՏՕ 698 համարանիշի ավտոմեքենա, որի դռան վրա` վարորդի կողմից, կրակոցների հետքեր են հայտնաբերվել:

Ավտոմեքենան տեղափոխվել է Նաիրիի ոստիկանության տուգանային հրապարակ: Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ մասերով (Երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) եւ 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի հրազեն կրելը, պահելը, փոխադրելը):