Բջջային հեռախոսների շուկայի առաջատարներից մեկը` ֆիննական «Nokia» ընկերությունը հայտարարել է, որ ընկերության ծախսերը կրճատելու համար աշխատանքից հեռացնում է մոտ 4000 աշխատակցի: Բացի այդ, եւս 3000 աշխատակից կտեղափոխվեն «Accenture» ընկերություն, որտեղ կզբաղվեն «Symbian» օպերացիոն համակարգի մշակման աշխատանքներով, որով աշխատում են «Nokia»-ի սմարթֆոնները: «Reuters»-ի հաղորդմամբ` ընկերությունում կարծում են, որ այս քայլով հնարավոր կլինի տնտեսել մոտ 1.5 մլրդ դոլար: Հիմնական կրճատումները կլինեն Մեծ Բրիտանիայում, Ֆինլանդիայում եւ Դանիայում: Այս գործողությունները շատ մասնագետներ կապում են «Microsoft»-ի հետ ստորագրված պայմանագրի հետ, որով նախատեսվում է ստեղծել iPhone-ի «քիլլերին»:
«Nokia»-ն վերջին շրջանում կտրուկ կորցնում է դիրքերը սմարթֆոնների շուկայում, որտեղ նրա հեռախոսները չեն կարողանում մրցակցել iPhone-ի, ինչպես նաեւ Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի հետ: Ի դեպ, 2007-ից ի վեր, երբ շուկայում հայտնվեց iPhone-ը, շուկայում «Nokia»-ի մասնաբաժինը կրճատվել է 23%-ով, իսկ կապիտալիզացիան` 60%-ով: