Ընդամենը մեկ օրից Արքայազն Ուիլյամը եւ Քեյթ Միդլթոնը կդառնան այր ու կին, սակայն կրքերն այդ իրադարձության շուրջ գնալով թեժանում են: Այն մասին, որ անգլիացիները բավականին մեծ գումարներ աշխատեցին կայանալիք հարսանիքի հաշվին, խոսում են բազմաթիվ լրատվամիջոցներ: Արքայազնի եւ Քեյթի լուսանկարներով զարդարված բաժակներն ու շապիկները, ամսագրերն ու թերթերը կայծակնային արագությամբ վաճառվեցին այն օրվանից, ինչ Ուիլյամն ու Քեյթը հայտարարեցին իրենց ամուսնության օրը: Լեդի Դիանային պատկանող կապույտ ադամանդով մատանին, որն այսուհետ կրում է Քեյթը, դարձավ բրիտանացի աղջիկների երազանքը: Ոսկերիչներին պատվիրում էին Դիանայի մատանու կրկնօրինակը եւ հաճույքով գնում այն: Զգեստը, որով առաջին անգամ արքայազնը տեսել էր Քեյթին` բեմի վրա, վաճառվեց աճուրդով` հսկայական գնի դիմաց: Սակայն երիտասարդների հաշվին գումար վաստակելու վերջին իրադարձությունը` սահմանել է ցինիզմի ռեկորդը: Ինչպե՞ս կարելի է անվանել մարդու երջանկության հաշվին խաղադրույքներ անցկացնելու փաստը: Ինչպես հայտնում է Top-news.am-ը` ապրիլի 29-ին նշանակված հարսանիքից 3 օր առաջ William Hill աշխարհահռչակ բուքմեյքերական գրասենյակը բազմատեսակ խաղադրույքներ է ընդունում այդ իրադարձության հետ կապված: Այսպես, 66/1 է գնահատվում հավանականությունը, որ նորապսակների մեքենան եկեղեցու ճանապարհին կփչանա: Հավանականությունը, որ հարսնացուն կթողնի Ուիլյամին հենց խորանի մոտ, կազմում է 100/1: Իսկ ամենաքննարկվող թեման, իհարկե, այն է, թե որքա՞ն կտեւի Արքայազնի եւ Քեյթի համատեղ կյանքը: Բուքմեյքերները ընդունում են խաղադրույքներ 8/1 առ այն, որ նորապսակները 10 տարի էլ չեն ապրի համատեղ: Ակնկալվում է, որ արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի հարսանիքի կապակցությամբ տոտալիզատորի ընդհանուր շրջանառությունը կգերազանցի 1 միլիոն ֆունտը: