«Իշխանության կողմից Մարտի 1-ի բացահայտման պաշտոնական հավաստիացման մեր պահանջը կատարված է, եւ մենք ընկալում ենք դա` որպես ազդանշան, որ իշխանությունները դիտարկում են մեր այդ մինիմալ փաթեթի այլ պահանջների կատարումը նույնպես»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Հարցին, թե որքանո՞վ է հնարավոր, որ մինչեւ ապրիլի 28-ը (ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքի օրը) ազատ արձակվեն անազատության մեջ գտնվող բոլոր ընդդիմադիրները, նա պատասխանել է, թե իրենց բոլոր պահանջների կատարումը «քաղաքական կամքի հարց է», եւ ցանկացած պահի երկրի գործող ղեկավարությունն այդ հարցերը կարող է լուծել «րոպեների ընթացքում»: Իսկ հարցին էլ, թե մինչեւ ապրիլի 28-ը բոլոր երեք պահանջների չկատարման պարագայում հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ը հետաձգի «ջրբաժանի օրը»,
Լ. Զուրաբյանը պատասխանել է, թե իրենք շատ «վճռական են տրամադրված», եւ այդ երեք պահանջները «պե՛տք է կատարվեն»: Հակառակ դեպքում, ըստ նրա` իրենք ունեն «մշակված տարբերակներ», թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկելու` չբացառելով «շուրջօրյա հանրահավաքների անցկացումը»: