Կմեծանաս՝ կմոռանաս

25/04/2011

Երեկ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես է եկել հերթական զավեշտալի նախաձեռնությամբ. նա պաշտոնապես առաջարկել է միջնորդի դեր ստանձնել իշխանական կոալիցիայի եւ Հայ Ազգային կոնգրեսի միջեւ: Խնդիրն այն չէ, որ միջնորդական գործունեությունը Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակներից դուրս է, թեեւ ինքը` Կարեն Անդրեասյանը, դա փորձել է ներկայացնել որպես իրեն Սահմանադրությամբ վերապահված գործառույթ: «Նախեւառաջ, ես կողմերի հայրենակիցն եմ, ավելին` միջնորդի գործառույթն ինձ տրված է ՀՀ Սահմանադրությամբ»,- առանց Սահմանադրության որեւէ հոդված մեջբերելու` հայտարարել է նա: Խնդիրն այն է, որ Կարեն Անդրեասյանն իրեն չափից ավելի լուրջ է վերաբերվում եւ կարծում է, որ կարող է լուծել այն խնդիրը, որն արդեն երեք տարուց ավելի Հայաստանի քաղաքական ճգնաժամի սկզբնաղբյուրն է: Ավելին` նա իրեն նույն հարթության վրա է դնում միջազգային միջնորդական առաքելությունների հետ, ովքեր այս ընթացքում փորձել են հարթել Հայաստանի իշխանության եւ ընդդիմության միջեւ գոյություն ունեցող հակասությունները: «Ամենայն երախտապարտությամբ գնահատելով օտարերկրյա գործիչների ու կազմակերպությունների ջանքերը` այդուհանդերձ ցավալի է, որ մեր ներպետական խնդիրներում մեզ անվերջ գնահատում, ուղղորդում, սովորեցնում եւ դատում են օտարները: Վստահ եմ, որ մենք ունենք ներազգային ներուժ` ինքնուրույն հաղթահարելու չափազանց ցավալի իրադարձությունների հետեւանքները»,- ասել է նա` ներկայացնելով իր` որպես միջորդի ամենահզոր «փաստարկը»` «…ես նոր եմ քաղաքական գործընթացներում ու բավական երիտասարդ, որպեսզի անկեղծ հավատամ, որ եղբայրասիրության ու համերաշխության գաղափարները չեն վերացել մեր ոչ մի քաղաքական ուժի գաղափարախոսությունից, եւ որ անհնարը հնարավոր են դարձնում երիտասարդ իդեալիստները, մասնագետ պրագմատիկները եւ մարդասերները»: