Գործընթացը դանդաղել է

25/04/2011

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի կարծիքով` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը դանդաղել է: «Դանդաղել է այն ստրատեգիայի պատճառով, որ աշխարհը, որը ժամանակին իսկապես գնում էր այդ խնդիրը ճանաչելու ուղղությամբ եւ, երեւի թե, գտնում էր, որ ճիշտ է այդ ուղղությունը, այսօր երեւի ավելի շատ հույսեր ունի, որ դա պիտի իսկապես Հայաստան-Թուրքիա հարաբերություններում լուծվի,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է փորձագետը` հավելելով,- Բոլորն են հասկացել, որ դա հզոր քաղաքական լծակ է միջազգային քաղաքականության մեջ, եւ գուցեեւ այդ լծակը այսօր պետք չէ օգտագործել. պետք է թողնել կողմերին: Ինչ-որ մի վերաբերմունք փոխվել է»: Նա, միաժամանակ, դժվարացել է ասել, թե ինչքանով է այդ նոր իրողությունը դրական Հայաստանի շահերի տեսանկյունից. «Չգիտեմ` ինչքանով է դա լավ, ճիշտ: Դա պիտի արդեն հայկական էլիտան ինքը որոշում ընդունի եւ գնահատի այդ փոփոխությունը… Այդ գնահատականները նույնպես շատ տարբեր են, որովհետեւ, եթե աշխարհը փոխել է որոշումը, չի երեւում, որ հայությունը փոխել է»: Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձին, որում նա գործածել է «Մեծ եղեռն» բառակապակցությունը` Մ. Սարգսյանն ասել է. «Նպատակն այն է, որ իսկապես ոչ թե ճնշման տակ դա արվի, այլ ընդամենը դիալոգի մեջ` հայերի եւ թուրքերի»: Իսկ ԱՄՆ նման մոտեցումը, Մ. Սարգսյանի դիտարկմամբ` շատ ավելի մեծ նշանակություն ունի, որովհետեւ այն ցույց է տալիս հարցի վերաբերյալ այդ երկրի ռազմավարությունը. «Ի վերջո, կարելի է ճնշել: Բայց նրանք, ըստ երեւույթին, ռեալ արդյունք չեն տեսնում, եւ այդ ճանապարհը չէ, որ ԱՄՆ-ին հետաքրքրում է»: