Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկ հայտարարել է, թե ցանկանում է միջնորդ դառնալ Հայ Ազգային կոնգրեսի եւ իշխող կոալիցիայի միջեւ:
«Կարեւորելով մարդու իրավունքների ոտնահարման կանխարգելումը` հնարավոր ներքաղաքական լարված իրավիճակներում, ինչպես նաեւ` անկեղծ հավատալով, որ մեր հասարակության զարգացման եւ պետության հզորացման համար իսկապես անհրաժեշտ է քաղաքական ուժերի երկխոսություն եւ առողջ համագործակցություն` ես ցանկանում եմ հանդես գալ Հայ Ազգային կոնգրեսի եւ խորհրդարանական իշխող կոալիցիայի միջեւ ՄԻՋՆՈՐԴ դառնալու առաջարկությամբ»,- երեկ իր պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության մեջ նշել է օմբուդսմենը:
Ընդդիմության, հատկապես ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ երկխոսության անհրաժեշտության մասին այսօր շատերն են խոսում: Այդ մասին արդեն տեւական ժամանակ խոսում են նաեւ կողմերն իրենք: Դրա վերջին դրսեւորումներից էր ապրիլի 8-ի հանրահավաքին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե հաջորդ` ապրիլի 28-ի հանրահավաքը կարող է դառնալ երկխոսության կամ ջրբաժանի օր: Դրան էլ անցած շաբաթ հաջորդեց նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե ակնկալում է նոր թափ եւ ընդգծված ակտիվություն Մարտի 1-ի բացահայտման գործում: Սա ՀԱԿ-ի հիմնական պահանջներից մեկն է, եւ Ս.Սարգսյանի հայտարարությունը պատասխան էր ընդդիմությանը: Եվ ընդդիմության ու իշխանության միջեւ հնարավոր կամ արդեն գոյություն ունեցող երկխոսությունը գնալով նոր դրսեւորումներ է ունենում: Երեկ քաղաքական շրջանակներում բոլորովին էլ պատահական չէին համարում Կ.Անդրեասյանի այս հայտարարությունը: Մեր իրականության մեջ օմբուդսմենն այնքան անկախ չէ, որ ինքնուրույն նման հայտարարություն անի: Ամենայն հավանականությամբ, դրա հրահանգը տրվել է նախագահական նստավայրից: Այնպես, ինչպես օմբուդսմենի թեկնածությունն էր այնտեղից ներկայացվել խորհրդարան: Սակայն խնդիրը սա չէ. այստեղ առաջնայինն այն է, թե ինչ ենթատեքստ կամ իրական նպատակ է թաքնված այդ ցանկության մեջ: Արդյո՞ք Կ.Անդրեասյանն է այն մարդը, ով պետք է միջնորդ լինի իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ: Միգուցե՞ սա ընդամենը հայտարարություն է, արդեն գոյություն ունեցող երկխոսությանն ավելի պաշտոնական տեսք տալու համար: Ամեն դեպքում ինչպե՞ս են ընդունում ՀՀ քաղաքական ուժերն օմբուդսմենի` միջնորդ դառնալու ցանկությունը:
Խորհրդարանական ընդդիմության` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն, օրինակ, գտնում է, որ օմբուդսմենի` միջնորդ լինելու առաջարկությունը կարող է լակմուսի թուղթ դառնալ, թե կողմերը որքան են անկեղծ իրենց հայտարարությունների մեջ: «Եթե իսկապես գնում են երկխոսության, ապա պիտի ընդունվի հրավերը, եթե չեն գնում, ապա պարզ կլինի, թե որքանով են անկեղծ կողմերը Մարտի 1-ի մասին իրենց գործունեության մեջ»,- ասում է նա:
Միաժամանակ Ս.Սաֆարյանն այնքան էլ անկեղծ չի համարում թե Ս.Սարգսյանի, եւ թե օմբուդսմենի հայտարարությունները, քանի որ երկու դեպքում էլ Մարտի 1-ի անհատական գործերին անդրադառնալու մասին հավաստիացումներ չկան: Չէ՞ որ այդ գործերում արտահայտվում են իշխանության գնահատականները մարտիմեկյան զարգացումների վերաբերյալ, նշում է Ս.Սաֆարյանը: «Հետեւաբար, հարց է ծագում, եթե այդ գործերը չեն նայվելու, եթե այդ գնահատականները չեն փոխվելու, այդ դեպքում ինչի՞ շուրջ են երկխոսելու: Ստացվում է, որ երկխոսության թեման այնքան էլ Մարտի 1-ը չէ: Դրա թեման կարող է լինել, օրինակ, ընտրություններում ինչ-որ պայմանավորվածություններ: Ասում է, թե ընդամենն անդրադառնալու են իշխանություն-ընդդիմություն փոխադարձ մեղադրանքներին, որոնք շատ պատկերավոր վկայակոչված է օմբուդսմենի նամակում, թե ով ում ինչ է ասում: Այդ դեպքում հետաքրքիր է, թե որն է կոնսենսուսն այդ տարբեր դիրքորոշումների»,- հարցնում է պատգամավորը:
Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի կարծում, որ ընդդիմության եւ իշխանության միջեւ միջնորդ լինելը օմբուդսմենի լիազորությունների շրջանակներում են: Թեեւ Կ.Անդրեասյանն իր հայտարարության մեջ ասել էր, թե իր մանդատն իրեն նման լիազորություն տալիս է: «Չեմ կարող ասել, թե ինչու է նման հայտարարություն արել, բայց իշխանությունները միշտ էլ հայտարարել են, թե ցանկացած քաղաքական ուժի հետ ցանկացած հարցում միշտ էլ պատրաստ են երկխոսության գնալ»,- ասում է Գ.Սահակյանը:
Ամեն դեպքում, ՀԱԿ-ի եւ իշխանությունների դիրքորոշումների կամ հայտարարությունների մեջ որոշակի մեղմացում կա, եւ դա հավանաբար այդ երկխոսության արդյունք է: Նույնիսկ Հանրապետական կուսակցությունից է հնչում, թե կա երկխոսություն, եւ դա միջնորդավորված է միջազգային կառույցների կողմից: Սակայն Գ.Սահակյանը համաձայն չէ նաեւ իր թիմից հնչող նման կարծիքների հետ: «Ես նման տեղեկություններ չունեմ, նման իրավիճակները չեմ էլ կարծում, որ դա որեւիցե արդյունավետության կհանգեցնի: Եթե քաղաքական ուժը խնդիր ունի իշխանությունների հետ, կարող է նստել, խոսել, վճռել եւ որոշել»,- ասում է ՀՀԿ փոխնախագահը:
Ս.Սաֆարյանը համոզված է, որ ոչ միայն երկխոսություն կա, այլ դա տեղի է ունենում ոչ միայն նման հայտարարությունների մակարդակով: Կարծում է, որ այն միջնորդավորված է, եւ դա արվում է ոչ թե եվրոպական կառույցների, այլ Ռուսաստանի կողմից: Բայց նա չի հասկանում, թե այդ երկխոսությունը, միջնորդությունը կամ հաշտեցումն ինչպես պետք է ընթանա թե Մարտի 1-ին, եւ թե այլ հարցերին վերաբերող ՀԱԿ-ի եւ իշխանության հակադիր կարծիքների պայմաններում: Ս.Սաֆարյանը նաեւ ավելացնում է, որ այդ երկխոսությունը պետք է լինի ոչ թե իշխանությունների եւ միայն ՀԱԿ-ի, այլ ողջ ընդդիմության միջեւ: «Ընդդիմությունը միայն ՀԱԿ-ը չէ, ՀԱԿ-ը միայն ընդդիմադիր հասարակության մի հատվածին է ներկայացնում: Հետեւաբար, թույլ տվեք ասել, որ իհարկե, առանձին հատվածների եւ իշխանության միջեւ երկխոսության անհրաժեշտության կա միշտ: Մարտի 1-ը համահանրապետական, ներքաղաքական ճգնաժամ է, եւ շատ ավելի լայն պարագծով հարցերի քննարկման խնդիր կա: Իսկ թե երկխոսությունն այդ երկուսի միջեւ է, ապա պատասխանատվությունը պիտի բաժանվի: Այսինքն, եթե գտնում են, եթե Մարտի 1-ը միայն իրենց է առնչվում, այդ դեպքում պետք է ընդունեն այդ ամենում իրենց առաջնային պատասխանատվությունը»,- եզրափակում է Ս.Սաֆարյանը:
Օմբուդսմենի առաջարկությանը, բնականաբար, պետք է անդրադառնար դրա մյուս հասցեատերը` ՀԱԿ-ը: Եվ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ հայտարարել է, թե «իշխանության կողմից Մարտի 1-ի բացահայտման պաշտոնական հավաստիացման իրենց պահանջը կատարված է, եւ իրենք ընկալում ենք դա` որպես ազդանշան, որ իշխանությունները դիտարկում են իրենց այդ մինիմալ փաթեթի այլ պահանջների կատարումը նույնպես»: Իսկ Կ.Անդրեասյանի առաջարկությանն անդրադառնալով` ավելացրել է. «Եվ օմբուդսմենի` այսօր հնչած հայտարարությունը, որտեղ նա արդեն առաջարկում է միջնորդի դեր ստանձնել կոալիցիայի եւ ՀԱԿ-ի միջեւ, նույնպես նման մի ազդանշան է իշխանությունների կողմից: Բացի դրանից, նրանց հռետորայնության մեջ էլ զգացվում է մտահոգություն եւ գիտակցում, թե ինչքան լարված է վիճակը երկրում, եւ ինչքան սուր է քաղաքական, սոցիալ-տնտեսական ճգնաժամը»:
Իսկ ավելի ուշ ՀԱԿ-ը պաշտոնական հայտարարություն տարածեց, թե ՄԻ պաշտպանը սխալ է հասկացել երկխոսության իմաստը, քանի որ խոսքը վերաբերում է ոչ թե Կոնգրեսի եւ խորհրդարանական կոալիցիայի, այլ Կոնգրեսի եւ գործադիր իշխանության միջեւ կայանալիք երկխոսությանը: «Իշխանության եւ Կոնգրեսի միջեւ ուղղակի երկխոսության ձեւաչափում ոչ ներքին, ոչ արտաքին միջնորդի կարիք չկա: Իսկ եթե իշխանությունը նպատակահարմար համարի բանակցությունների ընթացքում իր պատվիրակության կազմում ընդգրկել Մարդու իրավունքների պաշտպանին, մենք խնդիր չունենք»,- նշված էր Կոնգրեսի հայտարարության մեջ: