«Թուրքիայում Հայաստանն առաջնային հարց չի եղել ու չի լինի»

25/04/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Հայկական հարցն ամենամեծ տաբուն է Թուրքիայում: Ներկայումս փորձում ենք այն հաղթահարել: Դա գործընթաց է, իսկ ավելի ճիշտ` գործընթացի սկիզբ»,- երեկ Ստամբուլում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ստամբուլի Թուրքական տնտեսական եւ սոցիալական ուսուցման հիմնադրամի («Turkish economic and social studies Foundation», /TESEV/) օտարերկրյա քաղաքականության ծրագրի ասիստենտ Այբարս Գորգուլուն: Նրա փոխանցմամբ` հատկապես վերջին 3 տարիների ընթացքում հիմնադրամը Հայաստանում Կովկասյան ինստիտուտի հետ ակտիվ ծրագրեր է իրականացնում: Գորգուլուի գնահատմամբ` Թուրքիան փոփոխությունների փուլում է, որն ինքը համարում է «էլիտ» փոփոխություններ: Նույն դրական տեղաշարժերն ինքը նկատում է նաեւ Հայաստանի հասարակության շրջանում: Թեեւ երկխոսության պլատֆորմին, ըստ Ա. Գորգուլուի, Թուրքիայի համար Հայաստանը տնտեսապես այդքան էլ հետաքրքիր երկիր չէ: «Արեւելյան Թուրքիայի արդյունաբերությունն ավելի զարգացած է, քան Հայաստանի, ինչը, սակայն, չի նշանակում, որ Հայաստանը հետաքրքիր երկիր չէ: Եթե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմաններից որեւէ մեկը բացվի, ենթադրենք` Կարսի հետ դարպասը, ապա, վստահ եմ` արեւելյան Թուրքիան շահավետ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Թուրքիան զգալի կախվածություն ունի Վրաստանից, ինչը պայմանավորված է գազի փոխադրումներով: Այդ իմաստով Հայաստանը մեկուսացած կղզի է»,- նկատեց TESEV-ի աշխատակիցը, ում համոզմամբ` Հայաստանը սահմանի բացման դեպքում կհայտնվի նպաստավոր դիրքում: «Միգուցե այդքան էլ պատշաճ չհնչի, բայց Թուրքիայի իշխանությունների համար Հայաստանի հետ տնտեսապես համագործակցությունը շահավետ չէ, որովհետեւ Հայաստանը փոքր երկիր է, փոքր բնակչությամբ: Միգուցե Հայաստանն էներգետիկ առումով այլընտրանք լինի Վրաստանի համար»,- ասաց ծրագրի ղեկավար Սաբիհա Սենյուսել Գունդոգարը` հավելելով, թե Հայաստանի եւ Թուրքիայի պարագայում տնտեսության ամենաշահավետ ճյուղը կլինի տուրիզմը: Ծրագրի ղեկավարը նկատեց նաեւ, որ Հայաստանում թուրքական ապրանքները մեծ շրջանառություն ունեն, եւ ամեն տեղ կարելի է տեսնել թուրքական բրենդային ապրանքներ: Չնայած դրան, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանների բացումը ծրագրի ղեկավարն ու ասիստենտը համարեցին բավական բարդ հարց: Ըստ նրանց` այստեղ առկա է ադրբեջանական գործոնը, եւ Թուրքիան հաշվարկում է իր կորուստներն ու շահերը: «Սահմանները չբացելով` Թուրքիան ավելի ծանրակշիռ շահեր ունի, քան կորուստներ: Ադրբեջանի հետ տնտեսական, պատմական կապերից բացի, Թուրքիան, այսպես ասած`գազային կախվածություն ունի Ադրբեջանից»,- նշեց Սաբիհա Սենյուսել Գունդոգարը` ընդգծելով նաեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի գործոնները: «Թուրքիան չի պատրաստվում Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար բացել սահմանը: Դժբախտաբար, դա այդպես է»,- շեշտեց Թուրքական տնտեսական եւ սոցիալական քաղաքականության հիմնադրամի ծրագրի ղեկավարը, ում փոխանցմամբ` իր տեսակետը միգուցե հոռետեսական է հնչում: Նրա կարծիքով` եթե երկրի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կուսակցության համակիրները ցանկանան, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանները բացվեն, ապա դա հնարավոր կլինի: Էրդողանի համակիրները կարող են ճնշել նրան` սահմանները բացելու հարցում: «Տվյալ պահին ես որեւէ լույս չեմ տեսնում հայ-թուրքական սահմանների բացման հարցում»,- ավելացրեց Ս. Գունդոգարը: Իսկ ծրագրի ասիստենտ Այբարս Գորգուլուի հավաստմամբ` Թուրքիայում ադրբեջանցիները մեծ լոբբինգ են իրականացնում, եւ Հայաստանի հետ Թուրքիայի սահմանները բացել առանց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում փոփոխություններ կատարելու` կվտանգվեն թուրք-ադրբեջանական հարաբերությունները: Ըստ նրա` 1993թ. երկու մուսուլմանական երկրների բարիդրացիական հարաբերությունները պահպանելու համար իրենք սահմանը փակեցին, քանի որ Հայաստանը պատերազմում էր Ադրբեջանի հետ: Իսկ հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ հայ-թուրքական արձանագրությունները, որոնք ստորագրել էին առանց նախապայմանների, Այբարս Գորգուլուն պատասխանեց. «Յուրաքանչյուր քայլին նրանք ներկայացնում էին Ադրբեջանը: Ալիեւը գտնվում էր այդ քայլերի առջեւում, եւ երբ արձանագրությունները հռչակեցին, ադրբեջանցիներն ասացին, որ թուրքերն իրենց դավաճանում են»: Սաբիհա Սենյուսել Գունդոգարի ասելով` Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարող են ընդամենը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, եւ Կովկասում Թուրքիան պատանդ չի դառնա իր հարաբերություններում: Նրա գնահատմամբ` խնդրի լուծումը թողնում են Թուրքիայի վրա, իսկ Թուրքիան, գիտակցելով Ադրբեջանի հետ իր համագործակցության գինը, հրաժարվում է: «Հայաստանը ցանկանում է սահմանները բաց տեսնել վաղը, առաջիկա մեկ տարում ճանաչել Ցեղասպանությունը, բայց Թուրքիայում դրանք ժամանակատար, ավելի ճկուն հարցեր են: Եվ Հայաստանը երբեք չի դիտարկվել ու չի դիտարկվելու` որպես առաջնային հարց»,- նշեց Սաբիհա Սենյուսել Գունդոգարը:

Ստամբուլ-Երեւան