Ընդդեմ նեխած իմպերիալիզմի

25/04/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Պարտք վերցնելը ցանկալի բան չէ։ Կրկնակի ցանկալի չէ, եթե պարտք ես վերցնում մեկից, ով քեզ հետ մշտական շփման մեջ է, քանի որ նա կարող է քո ամեն մի քայլը քննադատել, իսկ հակադարձել չես կարող. վերցրած պարտքը քո «լեզուն կարճացրել» է։

Պատկերացրեք` տնային տնտեսուհի Վարդանուշը պարտքով փող է վերցնում իր շատ մոտ հարեւանուհի Հայկանուշից։ Հայկանուշն, ինչպես ասում է, «տան մարդ» է՝ ազատ ելումուտ ունի հարեւանուհու տուն, օգնում է նրան տնային հարցերում, միասին սուրճ են խմում, բամբասում։ Վարդանուշն ունի 12 տարեկան տղա, ով դպրոցում լավ չի սովորում, հաճախակի ծնող են կանչում։ Վարդանուշը որոշում է տղային ուղարկել մասնավոր պարապմունքների, որպեսզի ետ չմնա դասընկերներից։ Եվ հարեւանուհին ակտիվորեն սկսում է միջամտել՝ Վարդուշ ջան, բա քեզ պե՞տք է ավելորդ փող ծախսես, ավելի լավ է դո՛ւ ինքդ նրա հետ պարապես։ Եվ սկսում է քարոզ կարդալ հարեւանուհու գլխին՝ որ նա ուշադիր չէ երեխայի նկատմամբ, ճիշտ չի դաստիարակում, եւ այլն։ Անգամ տղամարդ ընթերցողները կհամաձայնեն, որ այդ ամենը տիկին Վարդուշի համար ամենեւին հաճելի չի լինի։ Նա շատ մեծ ցանկություն ունի հարեւանուհու «պորտը տեղը դնելու» եւ ասելու այն, ինչ մտածում է՝ որ հարեւանուհին գավառամիտ կին է, որ ոչինչ չի հասկանում, որ իր թափառաշրջիկ որդու մասին մոռացած՝ ուրիշներին է խորհուրդներ տալիս, եւ էլի մեջը կուտակված շատ բաներ։ Բայց կա մի բան, որ տիկին Վարդանուշի լեզուն կարճացնում է՝ վերցրած պարտքը։ Մանավանդ, որ գիտի՝ իրենց վիճակն այնքան էլ լավ չէ, պարտքը դժվար թե կարողանա ժամանակին վերադարձնել, ավելին՝ չի բացառվում, որ մի քիչ էլ գումար խնդրի։ Ահա այսպիսի դժվարին վիճակում է հայտնվում կինը. ներքուստ համոզված է, որ իր որդուն իրո՛ք պարապել է պետք, բայց չի էլ ցանկանում վիճել հարեւանուհու հետ։ Եվ ելքը գտնում է։ 12-ամյա տղային «ինստրուկտաժ» է անում, որ հարեւանուհու մոտ խոսի՝ խոսք բացի, որ ուզում է գնալ մասնավոր պարապմունքի, եւ հենց հարեւանուհին սկսի հակառակվել՝ ասի. «Հայկուշ ծյոծյա, մեր դասարանում բոլորն էլ պարապում են, համ էլ՝ այդ առարկան ոչ մամաս լավ գիտի, ոչ էլ դու, թե չէ տանը կպարապեի»։

Շարունակությունը հետաքրքիր չէ, որովհետեւ ցանկանում ենք խոսել ոչ թե արդյունքի մասին, այլ ուրիշի բերանով դժգոհելու գործելաոճի։ Եվ որքան էլ զարմանալի լինի, այդ գործելաոճը կիրառվում է ոչ միային կենցաղում՝ հարեւանուհիների մակարդակում, այլեւ քաղաքականության մեջ՝ միջազգային մակարդակով։ Ամենաթարմ օրինակը տեղի ունեցավ բոլորովին վերջերս։

Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միությունը եւ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) բաց նամակ են հղել Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Գիլյերմո Տոլոսային` կապված նորարարական արտադրություններին հարկային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ նրա կատարած հայտարարության հետ: Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս հայտարարել էր, թե պետությունը հարկային արտոնություններ կտա նորարարական արտադրություն հիմնող ընկերություններին, մասնավորապես, մի քանի տարով կազատի շահութահարկից։

Այդ նախաձեռնությանը հակադրվել էր Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավարը Գիլյերմո Տոլոսան՝ նշելով, որ ԱՄՀ-ն ընդհանրապես դեմ է հարկային արձակուրդներին, բացի այդ` նմանատիպ արտոնությունները հարկահավաքման ռիսկեր կստեղծեն։

Մի խոսքով՝ ԱՄՀ-ն գրագետ ձեւակերպմամբ մեր իշխանություններին ասել է՝ գլխներիցդ մեծ գործեր մի բռնեք, առանց մեր համաձայնության։ Իշխանությունները որեւէ կերպ չեն արձագանքել, փոխարենը՝ գործարարներն են բողոքի ձայն բարձրացել՝ խորհրդային ժամանակների կոլեկտիվ նամակների ոգով։ Ինչպես նշված էր ԶԼՄ-ներում՝ բաց նամակի հեղինակները «ոչ տեղին եւ չհիմնավորված» են համարում Գ. Տոլոսայի այդ կարծիքը, եւ լիակատար պաշտպանություն հայտնում ՀՀ Նախագահին: «Ձեր տեսակետը կարող է խոչընդոտներ ստեղծել Հայաստանի տնտեսական զարգացման համար: Նման մերժողական մոտեցումը հարկային դաշտի բարելավման կապակցությամբ անխուսափելիորեն կհանգեցնի արտադրական եւ նորարարական ձեռներեցության տեմպերի անկման»,- նշել են նրանք՝ համոզմունք հայտնելով, որ հենց նորարարական հատվածն է ապահովելու Հայաստանի տնտեսության վերականգնումը, ինչը թույլ կտա ստանալ լրացուցիչ հարկային մուտքեր, թուլացնել սոցիալական լարվածությունը եւ արդիականացնել տնտեսությունը:

Հատուկ ընդգծենք՝ բանն ամենեւին այն չէ՝ ճի՞շտ են նամակում տեղ գտած պնդումները, թե՞ ոչ (արտոնությունների տրամադրումը իսկապես կարող է խթանել բիզնեսը, բացի այդ, այո, ԱՄՀ-ին այնքան էլ չի հետաքրքրում մեր երկրում նորարարական տնտեսության զարգացումը)։ Խնդիրը բոլորովին այլ է՝ ո՞րն է այդ նամակի իմաստը։

Այդ հարցի պատասխանը շարադրված էր հարեւանուհիների մասին նշված օրինակում, որտեղ ինքներդ կարող եք որոշել՝ ով է Վարդուշի դերում, ով Հայկուշի եւ մնացածի։

Ասվածը հիմնավորելու համար ընդամենը երկու ցուցանիշ բերենք։ Ազգային վիճակագրական ծառայության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքը 2010թ. վերջի դրությամբ (ընթացիկ տարվա պարտքերը մի կողմ դրած) կազմել է 3 միլիարդ 685 միլիոն դոլար։ Իսկ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ Հայաստանի արտաքին վարկատուների մեջ ԱՄՀ-ի մասնաբաժինը գերազանցում է 20%-ը։ Պարզ թվաբանության օգնությամբ կարող եք հաշվել, թե մենք քանի հարյուր միլիոն դոլար ենք պարտք այս կառույցին։ Եվ, որ ավելի վատ է՝ չի բացառվում, որ ԱՄՀ-ից լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելու անհրաժեշտություն լինի։

Այսքանից հետո միամտություն կլիներ հետո սպասել, որ կառավարությունը կարող էր արժանի պատասխան տալ Տոլոսային՝ կոչ անելով չխառնվել մեր ներքին գործերին։ Նրա փոխարեն հանդես են գալիս կառավարության հովանավորությունը վայելող կառույցները, ովքեր երբեք հասցեական քննադատություն չեն հնչեցրել բիզնեսին իսկապես վնասող հարցերի առնչությամբ՝ համատարած կոռուպցիայի, «տանիքների» կամ խայտառակ դատական գործերի առնչությամբ (օրինակ՝ «Ռոյալ Արմենիայի» կամ «Բջնիի»)։

Չենք կարող պնդել, թե բաց նամակը գրվել է իշխանությունների ցուցումով։ Եթե այդպես չէ, եւ այս կառույցները սեփական նախաձեռնությամբ են դա արել՝ ավելի տխուր բան է ստացվում։ Դա անուղղակի խոստովանություն է, որ սեփական երկրում վերջնական որոշում կայացնողը ոչ թե երկրի իշխանություններն են, այլ՝ միջազգային կառույցները, որոնք կարող են «դաբրո» տալ կամ չտալ։ Ավելի ճիշտ կլիներ բաց նամակն ուղղել երկրի ղեկավարությանը, որ անիմաստ պարտքերով իրենք իրենց կախվածության մեջ չդնեն հարեւան հայկուշներից եւ հետո հերոսաբար ուղիներ փնտրեն անհարմար դրությունից դուրս գալու համար։