Իրանի համակարգչային համակարգերում նոր վիրուս է հայտնաբերվել. այն ստացել է «Stars» անվանումը: Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը` վկայակոչելով Իրանի քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Ղոլամրեզա Ջալալիին: Նա տեղեկացրել է, որ չնայած այն հանգամանքին, որ այդ ծրագիրը հանգամանորեն քողարկված է եղել, այդուհանդերձ, իրենց հաջողվել է այն հայտնաբերել: Իրանցի պաշտոնյան նաեւ ասել է, որ այդ վիրուսն ուսումնասիրող մասնագետներին հաջողվել է բացահայտել դրա հիմնական բնութագրերը: Ջալալին, սակայն, չի հստակեցրել, թե հատկապես որ համակարգերն են վարակվել այդ վիրուսով: 2010թ. նոյեմբերին հայտնի դարձավ, թե իբր մեկ տարի առաջ Իրանի համակարգչային համակարգերում «Stuxnet» անունը կրող վիրուս է հայտնաբերվել, որը, որոշ տվյալներով, ուղղված է եղել Իրանի միջուկային օբյեկտների դեմ: Մասնավորապես, հաղորդվեց, որ այդ վիրուսի նպատակն Իրանի միջուկային օբյեկտներում հարյուրավոր ցենտրիֆուգների շարքից հանելն է` ցենտրիֆուգների շարժիչների արագությունը կարգավորող եւ էներգիա մատակարարող կոնվերտերի պտտման հաճախությունը կտրուկ փոփոխելու միջոցով: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում ընդգրկված իրանցի դիվանագետները մասամբ հաստատել էին համակարգիչների վիրուսով վարակված լինելու փաստը եւ նշել Իրանի ցենտրիֆուգներում առկա անսարքությունների մասին: Իսկ գերմանացի համակարգչային փորձագետ Ռալֆ Լանգերը «Stuxnet» կոդի վերլուծության արդյունքում այն եզրահանգման էր եկել, թե Իրանի միջուկային ծրագիրը երկու տարով հետ է ընկել: «Stuxnet» վիրուսն, Իրանից բացի, 2010թ. հայտնաբերվել էր միանգամից մի քանի ասիական երկրների, այդ թվում` Հնդկաստանի եւ Ինդոնեզիայի համակարգչային համակարգերում: Իրանն այդ ժամանակ միջուկային օբյեկտների համակարգիչները «Stuxnet» վիրուսով վարակելու մեջ ԱՄՆ-ին մեղադրեց: Որեւէ պաշտոնական տեղեկություն, որը կհաստատեր այս կամ այն երկրի կամ որեւէ կազմակերպության պատասխանատվությունը «Stuxnet» վիրուսի մշակման հարցում, դեռեւս չկա: