«Թուրքիայում պատերազմ էր, եւ մի քանի հայ մեռան»,- Հայոց ցեղասպանության մասին ասում է թուրք լրագրողը

25/04/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակ տանող Իսթիքլալ գլխավոր փողոցում մարդկանց անցուդարձը սովորականի պես ակտիվ էր: Մեր շենքի հարեւանությամբ գտնվող Բեյօղլու ոստիկանությունում, կարծես, ինչ-որ կարեւոր բանի պատրաստություն էին տեսնում: Ես ու երկու գործընկերներս հուզմունքից ծանրացած արագ անցանք զինված ոստիկանների կողքով` այն համարելով առօրեական տեսարան:

Նրբանցքի երկայնքով սննդի մշտական կետերն էին, մուգ ու խիտ բեղերով, նարնջագույն գլխարկով ու կեղտոտ գոգնոցով արդեն ծանոթ թուրք շաուրմավաճառը, ով անցորդների մոտ դեմոնստրատիվ սրում էր դանակը: Դեռ երեկ փողոցով զբոսնելիս գործընկերներիցս մեկի հետ անգլերենով բարձրաձայն խոսում էինք Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին` ավելի շատ թուրքերին լսել տալու համար, մինչդեռ հիմա՞… Փողոցի որոշ հատվածներում նախորդ օրվա տոնի մասին հիշեցնող պաստառներ էին փակցված` «Նիսան 23, չոջուխլար բայան»: Սա նույն տոնն է, ինչ մեզ մոտ Հունիսի 1-ը` երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Մեկ շաբաթվա ընթացքում, ինչ մենք գտնվում ենք Ստամբուլում, խանութներից եկող երաժշտության ձայնն անգամ աննկատ էր մնում մարդկային հսկա հոսքի մեջ: Թաքսիմ հրապարակ տանող ճանապարհին թուրք ոստիկանների զինված մի մեծ խումբ էր կանգնել: Անմիջապես հանեցինք լուսանկարչական սարքերն ու սկսեցինք ֆիքսել ամեն դրվագն այն մեծ դրամատիկ իրադարձության, որ դեռ սպասվում էր:

Լռության ձայներ` Թաքսիմում

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումը նախատեսված ժամից 10 րոպե շուտ սկսվեց: Մարդիկ արդեն հավաքվել էին հրապարակում տեղադրված` «Այս ցավը բոլորիս ցավն է» ցուցապաստառի մոտ, որտեղ արդեն դրված էին կարմիր մեխակներն ու նռան տեսք ունեցող մոմերը: Միջոցառման կազմակերպիչը «Դուրդե» («Կանգ առ») անվամբ նախաձեռնող խումբն էր, որի անդամները մտավորականներ, արվեստագետներ եւ հայտնի մարդիկ են: Ընդ որում` միջոցառման մասնակիցների մեծ մասը թուրքեր ու քրդեր էին: «Այս միջոցառումը հայերի համար են կազմակերպել: Ապրիլի 24-ը հայտնի է` իբրեւ Հայոց ցեղասպանության օր»,- ասաց հավաքված թուրք կանանցից մեկը` նայելով ցուցապաստառի մոտ դրված վառվող մոմերին: Դուդուկի հնչյուններն արդեն տարածվել էին հրապարակում, երբ մարդիկ կամաց-կամաց ծնկի եկան: Խոնարհումի դրամատիկ տեսարանն էր, որ օպերատորներն ու լուսանկարիչներն անմիջապես փորձում էին ֆիքսել, իսկ նրանց կողքին կանգնել էին թուրք լրագրողները, ովքեր խնդրում էին որսալ այս կամ այն հաջող կադրը: Ակցիայի մեկնարկից մի քանի րոպե անց հրապարակի Աթաթուրքի արձանի դիմաց հավաքվեց դեղին տառերով կարմիր դրոշներով մի խումբ` «HKP» գոռալով: Ոստիկանները, որ ակցիայի մեկնարկից առաջ խմբվել էին փողոցի մի անկյունում, անմիջապես շրջօղակի մեջ առան լռության ակցիայի մասնակիցներին: Նրանք, ասես, ջրբաժանն էին դեմ դիմաց կանգնած խմբավորումների: Ընդ որում` Քեմալի եւ Լենինի լուսանկարներով «Հալիկին Քուրթուլուշ փարթի» ազգայնականները բարձրախոսներով «կատարյալ» շոու էին ստեղծել իրենց շուրջը հավաքված մի քանի հոգու համար: Դրան զուգահեռ` անասելի ուժգնությամբ սկսեց մուսուլմանների նամազը, որը խլացրեց հայկական երաժշտության ձայնը: Այս պատկերն ամբողջացնում էր հրապարակում տեղադրված թուրքական մեծ դրոշը: Մինչ «լռության» ակցիայի կազմակերպիչները թուրքերենով թվարկում էին Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած մտավորականների անունները, ես մոտեցա կարմիր «դրոշակակիրներին»: Խմբավորման անվանատառ ժիլետներով երկու տղամարդ կանգնել էին հրապարակի կենտրոնում ու թուրքերենով ինչ-որ արտահայտություններ էին անում, որից հետո հավաքված մի քանի երիտասարդներ սկսեցին ուժգին ծափ տալ: Ինձ ավելի շատ զարմացրեց տղամարդկանց սարսափազդու ու ջղային դեմքերը: Իմ կողքին կանգնած թուրք լրագրողից փորձեցի հետաքրքրվել, թե այդ մարդիկ ի՞նչ են խոսում: Քանի որ Ստամբուլում ոչ պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, մտածում էի, որ ընտրազանգվածի ուշադրությունը գրավելու քայլ էր: «Իրենք ասում են, որ 1915թ. Թուրքիայի տարածքում հայեր էին ապրում, ովքեր Սիրիա գնալու ճանապարհին մեռան: Դե, այդ ժամանակ Թուրքիայում պատերազմ էր»,- կցկտուր անգլերենով ասաց թուրք լրագրողներից մեկը: Անկեղծ ասած, միշտ լսել եմ թուրք ազգայնականների մասին, բայց երբեւէ այսքան մոտ ու այսքան խորը չէի զգացել: «Ներեցեք, նորից կասե՞ք, թե այս մարդիկ ինչ են խոսում»,- շարունակեցի ես: Թուրք լրագրողը հեռախոսի մեջ գրեց պատերազմ բառն ու նորից կրկնեց քիչ առաջ ասած խոսքերը: «Մի քանի հայ էին մեռել, երբ Թուրքիայում 1915թ. պատերազմ էր: Իսկ Դուք ո՞ր ազգից եք: Ինչո՞ւ եք հետաքրքրվում»,- հարցրեց զրուցակիցս: Դժվար էր այդ մի քանի վայրկյանում մի ամբողջ պատմություն հիշեցնել թուրք երիտասարդին, ով, թերեւս, իր ազգի մասին այնքան քիչ բան գիտեր: «Այսինքն` հայերի՞ն են պաշտպանում»,- ի պատասխան նրա հարցին` շարունակեցի ես: Երիտասարդ թուրքը քմծիծաղ տվեց, հետո խիստ հայացքով այլեւս որեւէ բան չասաց` բացի այն, որ ինքն անգլերեն լավ չի հասկանում: Մինչդեռ հետո պարզ դարձավ, որ այս խմբավորման մասնակիցները հակահայկական գաղափարախոսությամբ էին հանդես գալիս` նշելով, որ ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել, եւ դա ընդամենը Ամերիկայի եւ Եվրոպայի կողմից կազմակերպված «անհասկանալի» գործողություններ են: «Լռության» ակցիայի ավելի քան 300 մասնակիցներ ակցիան ավարտեցին այն ժամանակ, երբ Իսթիքլալ փողոցով ադրբեջանական դրոշներով դեպի հրապարակ էր շարժվում մի խումբ, ովքեր վանկարկում էին, թե Ղարաբաղն իրենցն է: Ընդ որում` հետաքրքիրն այն է, որ ակցիան նախատեսվածից շուտ սկսվեց եւ ավարտվեց ճիշտ այն ժամանակ, երբ փողոցից լսվեցին ադրբեջանական դրոշներով, բառի բուն իմաստով` գազազած ամբոխի ձայները: Ու դժվար չէր պատկերացնել, թե ի՞նչ տեղի կունենար, եթե Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառման մասնակիցները դեռ հրապարակում լինեին: «Փաստ է, որ այսօր շատ մարդիկ են զոհվել, շատ մարդիկ տեղահանվել են, եւ դա է կարեւորը: Եվ կարեւոր չէ, թե դրան ցեղասպանություն ենք կոչո՞ւմ, թե՞ ոչ»,- մեզ հետ զրույցում ասաց թուրք երիտասարդներից մեկը: «Չեմ կարծում, որ կատարվածը ցեղասպանություն է, բայց որ մարդիկ են սպանվել, դա արդեն շատ կարեւոր է ինձ համար: Դա իրական մեծ ցավ է»,- ավելացրեց թուրք ուսանողներից մեկը: «Կարծում եմ` կան մարդիկ, ովքեր խոսում են Ցեղասպանության մասին` ցույց տալով Օսմանյան պատմության մութ էջերը: Տաբուները չեն կարող միանգամից ջարդվել, բայց դա գործընթաց է, որը կբերի ավելի բաց դաշտ, բաց քննարկումներ եւ ճանաչում»,- ասաց Անադոլու Քուլթուր Մշակութային կենտրոնի ղեկավար Օսման Քավալան:

Ի դեպ, ապրիլի 24-ի առավոտյան Ստամբուլի Սուլթան Ահմեդ տարածքում հավաքվել էին թուրք մտավորականներ, ովքեր հարգանքի տուրք մատուցեցին 1915թ. Ստամբուլում ձերբակալված եւ աքսորված հայ մտավորականների հիշատակին: Ընդ որում` այժմ այդ տարածքում գտնվող թուրք մահմեդականների արվեստների թանգարանը նախկինում այն վայրն էր, որտեղ 1915թ. պահվում էին ձերբակալված հայ մտավորականները` նախքան աքսորի ենթարկվելը: Ակցիան կազմակերպել էր Մարդու իրավունքների ընկերակցության Ստամբուլի մասնաճյուղը, որն իր հայտարարության մեջ նշում է. «Թուրքիան երկար ժամանակ թաքցրել է իր հանցագործ անցյալը, եւ կան տարածքներ, որտեղ մարդիկ անցնելիս` չեն գիտակցում դրանց իրական պատմությունը»…

Ստամբուլ-Երեւան