Փրկիչների ձեռքը կրակն ենք ընկել

25/04/2011

Ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Աղասի Թադեւոսյանը lragir.am-ին տված հարցազրույցում ասել է. «Երբ վարչապետը վեր է կենում եւ տուրիստի պես գնում է գյուղերը, դա ընդամենը գործող իշխանական համակարգի էգոիզմի հերթական դրսեւորումներից մեկն է, որի նպատակը ժողովրդին ցույց տալն է, թե իբր իշխանությունը մտահոգված է մարդկանց հիմնախնդիրներով: Ավելի լավ է, իշխանության PR-ին ծառայող զբոսաշրջության փոխարեն, առկա ռեսուրսները թիրախավորված ու նպատակային օգտագործեն: Նայում ես, թե ինչպիսի ծառայողական մեքենաներով են պտտվում 88 տոկոս գոյատեւողների ու տառապողների երկրում պաշտոնավարող նախարարները, պատգամավորները, բանակի գեներալիտետը, ակնհայտ է դառնում իշխանական այս համակարգի ողջ խղճուկությունն ու սնանկությունը: Գյուղեր կան, որտեղ երեխաները սոված են դասի գնում: Մարդիկ ամենաառաջնային կարիքների բավարարման միջոցներ չունեն»: Հարցին, թե ինչպե՞ս կարելի է հասնել համակարգային փոփոխության, իշխանափոխության միջոցո՞վ, Ա. Թադեւոսյանը պատասխանել է. «Իշխանափոխությունը գործիք է համակարգը փոխելու համար, բայց այն փոխելու համար պետք է երկրում ձեւավորվի քաղաքականություն: Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ ՀՀ-ում այսօր քաղաքական ուժեր գոյություն չունեն»: Իսկ ինչ վերաբերում է նոր ուժի ձեւավորմանը, ինչի վերաբերյալ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կասկած էր հայտնել, ապա ազգագրագետն ասել է. «Տեր-Պետրոսյանը շատ բան կարող է ասել, ես նրան հանճարեղ քաղաքական գործիչ չեմ համարում, նա ավելի շատ միջակ մակարդակի քաղաքական պատվեր կատարող է, քան քաղաքական գործիչ: Հայաստանում այսօր քաղաքական գործիչ չեմ տեսնում: Դաշտը բացարձակապես դատարկ է: Քաղաքական ուժ ասվածն առաջին հերթին հզոր տեսանկյուն է, այսինքն` պետք է հստակ լինի, թե ինչպես է քաղաքական ուժը պատկերացնում հասարակության, քաղաքական, տնտեսական, մշակութային տրանսֆորմացիաները: Բավական է մենք մեր գլուխները մշուշենք անիմաստ լղոզված գաղափարներով ու ակցիաներով: Ժամանակն է հասկանանք, որ Հայաստանը մի երկիր է, որը սովետական սոցիալիզմից անցում է կատարում դեպի կապիտալիզմ: Այսօր ՀՀ-ում քաղաքական կարող է համարվել այն ուժը, ով ունի այդ անցումը կատարելու հստակ տեսլական: Խոսքը ոչ թե գործող իշխանությանը քննադատելու ու այն տապալելու ծրագրի մասին է, այլ շատ ավելի հիմնարար խնդրի: Հայաստանը խնդիր ունի խեղված հետխորհրդայնությունը հաղթահարելու, եւ այդ պատճառով անհրաժեշտ է դիսկուրս ծավալելու ու վարելու ունակ ուժի ձեւավորում: Իսկ այսօրվա ընդդիմությունը դա անելու ունակությունից զուրկ է այն պատճառով, որ իր բովանդակությամբ նույնպես հետխորհրդային է, այսինքն` ձեւով ոչ սովետական, իսկ բովանդակությամբ` սովետականին մոտ: Վերջին հաշվով, Լեւոնը Սովետի մարդ է ու, չնայած իր մասնակի դիսիդենտականությանը, միեւնույն է, մնացել է սովետական: Դրա համար էլ իր մոտ հաջող է ստացվում ընդդեմ ինչ-որ բանի գործունեությունը, բայց ոչ` հանուն ինչ-որ բանի: Ներկայի ու ապագայի տեսանկյունից ինքը շատ հին մարդ է»: Նաեւ հավելել է. «Մենք ոչ թե գործիքավորողների, այլ մտածողների կարիք ունենք: Եվ եթե ուզում են գալ իշխանության, թող ցույց տան, որ մտածել գիտեն: Երբ իրենք սկսեցին գործիքավորել ՀՀ-ի տրանսֆորմացիան 1991-98 թթ., իրենք չէին էլ մտածում, պարզապես ուրիշների ասածներն էին իրականացնում: Դրա համար էլ գործիքները չաշխատեցին, որովհետեւ բարդ գործիքներով պարզ խնդիրներ էին փորձում լուծել ու բարդ գործիքներն այլանդակեցին: Իրենք ժողովրդավարական գործիքներով փորձում էին Հայաստանում իրենց մերձավորներին ու խմբակիցներին հովանավորության ցուցաբերման ճանապարհով կապիտալիզմ կառուցել»: Հարցին, թե` «Լավ, ստացվում է ՀԱԿ-ը ինքնանպատա՞կ պայքար է մղում», Ա. Թադեւոսյանը պատասխանել է. «Կարծում եմ` իրենց առաջնորդի նպատակն այսօր խաղն է: Տպավորությունն այն է, որ իրենք խաղում են ոչ իրենց կամքով եւ չունեն սեփական ծրագիրը: Բայց որ ծրագիր կա, դա նույնպես տեսանելի է: Ստացվում է, որ իրենք ռեալիզացնում են իրենցից դուրս գտնվող ուժերի ծրագրեր: Կարծում եմ` Լ. Տեր-Պետրոսյանը չի ունեցել եւ այսօր էլ չունի իշխանության գալու ծրագիր: Հակառակ դեպքում, եթե նա ուզենար իշխանություն վերցնել, ապա մարտի 1-ին այն վերցնելն ավելի ռեալ էր, քան հիմա: Ինչ վերաբերում է այն բանին, թե իրենք ասում են` ուզում են փոխել հասարակության մտածողությունը, ապա այդ գործընթացները ՀՀ-ում տեղի են ունենում, բայց դրանք սկսեցին տեղի ունենալ ոչ թե իրենց անմիջական գործունեության արդյունքում, այլ հետեւանքային պրոցեսների շնորհիվ: Եվ հետո` եթե իրենք իսկապես ուզում էին փոխել հասարակությունը, ապա չէին սարսափի նոր կամ երրորդ ուժ գաղափարի արծարծումից: ՀԱԿ-ի առաջին դեմքերից սկսած, վերջացրած շարքային անդամներով` չափազանց սուր եւ հիվանդագին են արձագանքում այդ գաղափարին, նոր ուժի ձեւավորման գաղափարին, որովհետեւ նրանք տեսնում են մրցակից»: Իսկ հարցին, թե` այնուամենայնիվ, այսօր նոր ուժի ստեղծման հավանականություն կա՞, եւ ո՞վ է մրցակիցը, նա պատասխանել է. «Չէ, չկա, որովհետեւ ՀՀ-ում նոր գաղափարներ կրող մարդկանց թիվը չափազանց քիչ է»: Ըստ Ա. Թադեւոսյանի` ըստ էության, ՀՀԿ-ն եւ ՀԱԿ-ը նույն սերնդի ուժեր են եւ որակական առումով էլ իրարից համարյա չեն տարբերվում: «Երկուսն էլ պոստսոցիալիստական արժեքներ կրող ուժեր են: Վստահ եմ, որ եթե նրանք տեղերով փոխվեն, ՀՀ-ում պատկերը կմնա նույնը: Այդ երկու ուժերը դեռեւս հետսովետական վիճակում են ու դեռ անկախության փուլ չեն մտել, ու կարծում եմ` չափից դուրս պահպանողականության պատճառով ունակ էլ չեն մտնելու»: Նաեւ հավելել է. «Եվ ՀԱԿ-ը, եւ ՀՀԿ-ն երկուսն էլ ռուսամետ, ստրկամիտ ուժեր են: Երբ լսում եմ Լ. Տեր-Պետրոսյանի խոսակցությունները, թե ինչպես է ՌԴ-ին դիմում, ակնհայտ է դառնում այդ մարդու սովետականությունը: Տպավորություններն ավելի ծանր են, իհարկե, Սերժ Սարգսյանի դեպքում: Մեզ անհրաժեշտ է սերունդ, որը ոչ թե լինի հակառուսական, այլ սերունդ, որը չմտածի, թե առանց ՌԴ-ի անհնար է, որ ՌԴ-ն մեր ավագ եղբայրն է, եւ այլն»: Ըստ նրա` այնպիսի տպավորություն է, որ ՀՀ-ի կախվածությունը ՌԴ-ից ավելի ծանր բնույթ ունի, քան` Սովետի ժամանակ, եւ գնալով այդ կախվածությունը խորանում է: Ա. Թադեւոսյանի խոսքով` «Այսօրվա քաղաքական ուժերը չունեն որեւէ դասակարգի շահերի պաշտպանությանն ուղղված ծրագիր: Իրենք խոսում են ազգային շահից: Ազգային շահը եւ Լ. Տեր-Պետրոսյանն է ուզում պաշտպանել, եւ Ս. Սարգսյանը: Այս ի՞նչ նացիոնալիստական դիսկուրսի մեջ են ներքաշվել: Փրկիչների ձեռքը կրակն ենք ընկել: Դրա համար եմ ասում`մեզ նոր ուժեր են անհրաժեշտ, որոնք կլինեն ազատ սովետական ու հետսովետական մտածողությունից: Եվ առաջին հերթին իրենց մեջ հաղթահարած կլինեն ազգայինի ու համազգայինի սրբազան հարթություններում մարդկանց ուղեղները լվանալու գայթակղությունը եւ կխոսեն կոնկրետ հասարակական խավերի ու դասակարգերի շահերի պաշտպանությունից: Իսկ բնակչության շուրջ 88 %-ը կազմող գոյատեւողներն ու տառապողներն էլ կհասկանան, որ այս ուժը գալու է ոչ թե իրենց ու երկիրը վերահաս կործանումից փրկելու, այլ իր կյանքի այս կամ այն պայմանը բարելավելու»: