«Ժամանակը չէ՞, հարգելիներս, վերադառնալու Վիլյամին մեր Շեքսպիր»

25/04/2011 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

1564թ. ապրիլի 23-ին Ստրատֆորդում ծնվել եւ իր ծննդյան 52-րդ տարեդարձի օրը` 1616թ. ապրիլի 23-ին, մահացել է աշխարհի ամենահայտնի մարդկանցից մեկը` չգերազանցված դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրը: Ծննդյան եւ մահվան օրերի զուգադիպությունը ճակատագրական պատահականություն չէ. դրամատուրգն ինքն է ընտրել իր մահվան օրը: Շեքսպիրը վերջ է տվել կյանքին` թունավորվելով, ինչպես իր հերոսները` Ռոմեոն, Ջուլիետը, Օթելլոն, Ռեգենան, Կլեոպատրան, Անտոնիոսը, ինչը, եթե հիշում եք, պատրրաստվում էր անել Համլետը… Շեքսպիրի մասին տեղեկատվությունը թեեւ շատ իրարամերժ է, սակայն նրա կյանքի որոշ դրվագներ քննարկման ենթակա չեն: 18 տարեկանում ամուսնացել է արդեն իր առաջնեկին սպասող 26-ամյա Էն Հեթեւեյի հետ: Նրանց ամուսնությունից ծնվել են երեք երեխա` Սյուզանը եւ երկվորյակներ Համնետն ու Յուդիթը: Անգամ մինչ օրս, ժամանակ առ ժամանակ, գրական որեւէ հանդեսում հայտնվում է հոդված` նվիրված Շեքսպիրի անվան առասպելին: Ըստ այդմ` Շեքսպիրը (նա, ով Ստրատֆորդից է) իրականում իսկական Շեքսպիրը չէ («Համլետի», «Օթելլոյի», «Մակբեթի», «Լիր արքայի», սոնետների եւ մյուս գործերի հեղինակը): Իսկական Շեքսպիրն ինչ-որ ուրիշ մեկն է: Բայց ո՞վ: Վարկածները շատ են:

Շեքսպիրի բառապաշարը համարվում է չգերազանցված. այն ընդգրկում է 20.000 բառ, այսինքն` 3-4 անգամ ավելի, քան հրաշալի կրթություն ստացած եւ լայն աշխարհայացք ունեցող իր ժամանակակիցներինը: Լեզվաբանները պարզել են, որ բարձրագույն կրթություն ստացած ժամանակակից անգլիացու բառապաշարը մոտ 4000 բառ է: «Օթելլոն», «Ռոմեո եւ Ջուլիետը», «Համլետը» վկայում են, որ նա տիրապետել է ֆրանսերենին, լատիներենին, իտալերենին: Կարողանում էր կարդալ հին հունարենով, հնարավոր է` նաեւ այլ լեզուներով: Շեքսպիրը հրաշալի տիրապետում էր հին հունական եւ հռոմեական առասպելաբանությանը: Նա գիտեր երաժշտություն, բնագիտություն, բժշկություն, ռազմական գործ եւ այլն: Եվ այս ամենը հիմք է տալիս շատ շեքսպիրագետների կասկածել, որ հայտնի ողբերգությունների, կատակերգությունների, սոնետների հեղինակը հենց Վիլյամ Շեքսպիրն է, ով սկզբնական կրթությունը ստացել է քաղաքային դպրոցում: Հետո նա կարծես որեւէ այլ տեղ չի սովորել, քանի որ նրա անունը նշված չէ Անգլիայի քոլեջների, համալսարանների ուսանողների ցանկում: Օրինակ` Մարկ Տվենը չէր իդենտիֆիկացնում Շեքսպիրին իր դրամաների հետ: Նա անգամ կատակում էր, թե Շեքսպիրն աշխարհում գոյություն չունեցող ամենահայտնի մարդն է: Չկա որեւէ ձեռագիր, անգամ մեկ տող, որը մեզ է հասել Շեքսպիրից: Չկա նրա գրական գործունեության մասին վկայող որեւէ փաստաթուղթ: Նրա տանը չի գտնվել գեթ մեկ գիրք (գրքերն այդ ժամանակ շատ թանկ էին): Նրա կտակի տակ դրված երեք ստորագրություններն անհարթ, ծուռումուռ տառակույտեր էին: Բժիշկները դա վերագրում են նրա վատ առողջությանը, ձեռագրաբանները ստիպված են եղել եզրակացնել, թե ստորագրության հեղինակն անգամ փետուր (Ժամանակակից լեզվով ասած` գրիչ) բռնել չգիտեր: Լավագույն դեպքում` հազիվ տառաճանաչ լիներ: Անգրագետ էր նրա ողջ ընտանիքը` ծնողները եւ անգամ զավակները: Շեքսպիրագետներից ոմանք պնդում են, որ Շեքսպիրի անվան տակ գրել է կոմս Ռոջեր Մեներսը, որ նրա համահեղինակներն են եղել կինը, կնոջ քույրը, էլի ոմանք: Ինչպե՞ս կարող էր Շեքսպիրը, երբեք դուրս չգալով Անգլիայի սահմաններից, նկարագրել Իտալիան, Ֆրանսիան, Դանիան: Սակայն նույն տրամաբանությամբ Ժյուլ Վեռնը չի լքել ոչ միայն իր հայրենիքը` Ֆրանսիան, այլեւ իր հարազատ գավառը` Նանտը: Չեն պահպանվել նրա ձեռագրե՞րը: Շեքսպիրի ձեռագրերի մասին հայտնի է, որ դրանք այրվել են 1613թ., «Գլոբուս» թատրոնում բռնկված հրդեհի ճիրաններում: Սակայն նույն ձեւով կարելի է մերժել նաեւ Մոլիերի հեղինակային իրավունքը, քանի որ նրանից եւս ոչ մի ձեռագիր չի հասել մեզ, չի պահպանվել: Ի վերջո, ձեռագրեր չեն պահպանվել նաեւ Սուրբ Գրքից: Բանը հասավ այնտեղ, որ Շեքսպիրի սոնետներում անառողջ երեւակայություն ունեցողները սկսեցին երկնագույն էլեմենտներ փնտրել: Շեքսպիրին վերագրվել են հոմոսեքսուալ կապեր կոմս Հենրի Սաուտհեմպտոնի հետ, ում գրական սալոն Շեքսպիրը հաճախում էր ակտիվորեն: Եվ ում, իբր, նվիրված են Շեքսպիրի 154 հայտնի սոնետներից 126-ը:

Բեռնարդ Շոուն քննադատում էր Շեքսպիրի պաշտամունքը` համարելով այն չափազանցված: Հայտնի է, որ Շեքսպիրի ամենածանրակշիռ քննադատը Լեւ Տոլստոյն էր: Նա սուր քննադատության է ենթարկել Շեքսպիրին` իր «Շեքսպիրի եւ դրամայի մասին» հոդվածում: Քննադատել է հատկապես «Լիր արքան», «Օթելլոն», «Մակբեթը», «Համլետը», մյուս գործերը: Թե ինչո՞ւ է Տոլստոյը քննադատում Շեքսպիրին, ընդ որում, դա անում է տող առ տող` պնդելով, որ հերոսների կերպարներն ու նրանց շուրթերին դրված խոսքերը հակասում են դրամայի սկզբունքներին, դժվար է ասել: Տոլստոյը մերժում է Շեքսպիրի մտածողության խորությունը, Համլետի փիլիսոփայությունը, դրանք համարում վատ ճաշակի դրսեւորում, ֆալշ, ժամանակակիցների համար ձանձրալի պատմություններ: Սակայն Տոլստոյը խիստ քննադատ էր առհասարա՛կ. «Միայն քննադատների շնորհիվ, ովքեր մեր օրերում գովերգում են կոպիտ, վայրի ու հին հույների` երբեմն մեզ համար բովանդազուրկ ստեղծագործությունները` Սոֆոկլես, Եվրիպիդես, Էսքիլես եւ, հատկապես, Արիստոֆանես, կամ նորերին` Դանթե, Տասսո, Միլտոն, Շեքսպիր, նկարչության մեջ` Ռաֆայելին, Միքելանջելոյին` իր անհեթեթ «Ահեղ դատաստանով», երաժշտության մեջ` Բախին եւ Բեթհովենին` իր վերջին շրջանով, հնարավոր դարձան մեր օրերում իբսենները, մետերլինկները, վեռլենները…, երաժշտության մեջ` վագներները, լիստերը, բեռլիոզները, բրամսները, շտրաուսները…, եւ այն անպետք զանգվածն անպետք նմանակողներին նմանակողների»: Անհասկանալի խստություն… Տոլստոյը կարծում էր, թե Շեքսպիրն ու նրան ընդօրինակողներն իրենցից ոչինչ չեն ներկայացնում եւ ապաբարոյական են, նրանք նպատակ ունեն միայն հանդիսատեսին զվարճացնել: Շեքսպիրի գործերը չեն կարող ուսուցողական լինել, քանի որ չկա իսկական հոգեւոր դրամա: Կյանքի ճշմարտությունները փետք է փնտրել այլ գրքերում:

Թե ինչպես են Տոլստոյի հոգեւոր փնտրումները հանգեցրել արվեստի նման ժխտման, մերժման, դժվար է ասել: Գուցե խնդիրն այն է, որ ընթերցելով կամ դիտելով գործը` Տոլստոյի տեսակետից` ընթերցողը կամ հանդիսատեսը պետք է կատարսիս ապրի` մաքրագործվի ուրիշին ցավակցելու ճանապարհով: Որ մարդիկ` ավարտելով ընթերցելը, ծնկի գան ու ասեն. «Մեղավոր եմ: Տեր իմ, ներիր ինձ»: Ինչպես իր ստեղծագործություններն ընթերցելուց հետո…

Սակայն Շեքսպիր շարունակում են կարդալ, բեմադրել: Աշխարհի լավագույն դերասանների համար կյանքի ամենաանկյունաքարային դերը Համլետն է: Կարդացե՞լ ես Շեքսպիր, թե՞ ոչ: Սա լուրջ թեստ է` պարզելու համար` ունե՞ս գլուխ ուսերիդ, թե՞ անհետաքրքիր մեկն ես, ում համար «Լինե՞լ, թե՞ չլինել» հարցադրումը դատարկ զրնգոց է: Ո՞րն է Շեքսպիրի գաղտնիքը: Ինչո՞ւ անգամ Տոլստոյի քննադատությունը չկարողացավ ստվեր նետել Շեքսպիրի վրա: Դրա պատասխանը տալիս է Ջորջ Օրվելն` իր «Տոլստոյն ու Շեքսպիրը» հոդվածում: Ըստ այդմ` Տոլստոյը քննադատել է Շեքսպիրին ոչ թե որպես Շեքսպիր-արվեստագետ, այլ Շեքսպիր-մտածող եւ քարոզիչ: Սակայն ակնհայտ է` արվեստագետը բարձր է մտածողից, բարոյախոսից: Որոշ իրավիճակներում ոչ այնքան խորը միտքն ու կասկածելի բարոյականությունը կարող են լինել իսկական արվեստ: «Եվ եթե անգամ Տոլստոյի նման գիգանտը չկարողացավ հակառակում համոզել, դժվար որեւէ մեկին դա հաջողվի երբեւէ անել»: