Ապրիլի 24-ին Ռուսաստանի Տվեր քաղաքում, Սիլիկատների գործարանի տարածքում ծեծկռտուք է եղել, որին մասնակցել են հայ եւ ադրբեջանական համայնքների մոտ 60 երիտասարդներ, ազգամիջյան հողի վրա փոխհրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդային» հայտնել են իրավապահ մարմինները: Նրանք կրակել են գազային ատրճանակներից, գործածել դանակներ եւ մահակներ: Ծեծկռտուքի 23 մասնակցի տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, իսկ 7 հոգի մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Քաղաքում ուժեղացվել են ոստիկանական պարեկախմբերը: Թերթի փոխանցմամբ` փոխհրաձգության արդյունքում ձերբակալված անձինք ավելի ուշ ազատ են արձակվել, իսկ միջադեպի պատճառը Հայոց ցեղասպանության օրը ադրբեջանցիների կողմից թուրքական դրոշների թափահարումն է եղել: