Օրերս Երուսաղեմի Պատրիարքության Սրբոց Հակոբյանց Ժառանգավորաց վարժարանի աշակերտները ծեծի են ենթարկել իրենց տեսուչ (տնօրեն), ծայրագույն վարդապետ Պարետ Երեցյանին եւ նրան վտարել վարժարանից: Ծեծկռտուքի արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել երկու սովորողներ, որոնց արդեն դուրս են գրել հիվանդանոցից: Հոկտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էին այցելել Երուսաղեմի Պատրիարքության Սրբոց Հակոբյանց Ժառանգավորաց վարժարանում ուսանող ճեմարանականների ծնողները՝ տեղեկանալու օրերս վարժարանում տեղի ունեցած միջադեպի մասին: Ծնողների ներկայացուցչական խմբին ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Վեհափառը հաստատել է միջադեպի իրողությունը, որի արդյունքում տեսուչը եւ երկու սաներ ստացել են առողջությանը վտանգ չսպառնացող մարմնական թեթեւ վնասվածքներ: Պատրիարքությունից տեղեկացվել է նաեւ, որ վարժարանի տեսուչ Տ. Պարետ ծ. վրդ. Երեցյանն ազատ է արձակվել տեսչի պաշտոնից: