Դեռ մոր փորում ծեծի ենթարկված երեխան

25/04/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Էլենը երկու ամիս առաջ ծնվել է… Ծնվել է պայքարով ու ավելի շատ չծնվելու հավանականությամբ: Բժիշկները կանխատեսել են, որ կա՛մ կծնվի Էլենը, կա՛մ կկորցնեն մորը: Նախապես ստորագրություն են պահանջել` հարազատներին տեղեկացնելով ծննդաբերության վտանգավորության աստիճանի մասին:

Էլենը դեռ մոր փորում դադարել է զարգանալ, որովհետեւ մոր նյարդային վիճակն ու թերսնուցվող օրգանիզմը խոչընդոտել են երեխայի բնականոն աճին: Մայրը` 22 տարեկան Միլենան, ամիսներ առաջ լրիվ կորցրել էր ապրելու հույսը: Կորցրել էր նաեւ երեխա լույս աշխարհ բերելու, մայր դառնալու ոգեւորությունն ու երազանքները: Սկսել էր հասկանալ, որ ամուսնուց հեռանալու միտքն այնքան է ծանրացել սրտին, որ մեկ-մեկ մտածում էր` մի քանի ամսից ծնվող աղջկան անհայր չթողնելու համար ինքնասիրությունը դնել սկեսրոջ ու ամուսնու ոտքերի տակ: Բժիշկները ծննդաբերության ժամկետ էին սահմանել` ապրիլ-մայիս ամիսները, բայց… «Փետրվար ամիսն էր, շատ լարված, ահավոր, վեճ-կռիվ… Ամուսինս առավոտյան աշխատանքի գնալուց ասեց` նայի, մինչեւ ժամը վեցը քեզ ժամանակ եմ տալիս: Գամ տեսնեմ` էստեղ չես, աչքիս չերեւաս: Եթե մինչեւ ժամը 6-ը չգնացիր մորդ տուն… սկսեց հայհոյանքներ տեղալ: Մոտս մի կոպեկ չկար, չգիտեի ոնց Ալավերդուց Երեւան հասնեմ, վիճակս էլ էն չէր, ցավեր ունեի: Էդ վիճակով իրերս մենակ կրել եմ մեքենայի մեջ: Տաքսի էի ման գալիս, բայց անկոպեկ: Վերջը մեկը խղճալով համաձայնվեց ինձ քաղաք բերել, ու մամաս փողը տվեց»,- պատմում է Միլենան` ամուսնու հասցեին որեւէ վատ բառ չասելու բարդույթից ատամները սեղմած ու պարանոցի երակները լարվածությունից դուրս ցցած: Միլենայի մայրը` Մարինան, հղի աղջկան ահավոր վիճակով ընդունելիս, հասկացել է, որ իր աղջիկը մեկ տարի շարունակ տառապել է, բայց մորը խնայելով` ձեւացրել է, թե ամեն ինչ կարգին է: Մորը տեսնելուց հետո անդադար, երկար լացել է, որովհետեւ մեկ տարի շարունակ մայրական հոգատարությունից զուրկ է եղել ու վիրավորանքները խեղդած պահել է իր մեջ: «Էդ օրն եկա էստեղ ու հաջորդ օրը սկսեցի արյունահոսել: Ահավոր վատացա, արնաքամ էի լինում: Մաման հասցրեց հիվանդանոց ու անմիջապես պառկեցրին: Հետո ասեցին, որ վիճակս ահավոր ա, կա՛մ ինձ կկորցնեն, կա՛մ երեխային: Մամայիցս ստորագրություն վերցրին, ու կեսարյան հատումով երեխաս ծնվեց: Քաշը 1.490, շատ տկար ու անառողջ: Երկարատեւ պահեցին կուվեյզի մեջ, բժիշկներն այնտեղ էին կերակրում, շատ մեծ խնամք էր պահանջվում»,- պատմում է Միլենան` գիրկն առնելով անսովոր փոքր Էլենին, ում լացն, ասես, կատվի մլավոց լինի, որովհետեւ երեխան շատ թույլ ու նվազ է:

Հիմա Էլենը մոր մոտ է, իսկ մայրն էլ` իր մոր մոտ: Ապրում են տիկին Մարինայի փոքրիկ, թթվածնից զուրկ հանրակացարանային սենյակում, որը գտնվում է Շենգավիթ համայնքի նախկին Դաշնամուրի գործարանի հարեւանությամբ: Տիկին Մարինան 1988թ. Բաքվի ջարդերից մի կերպ Հայաստան տեղափոխված փախստականներից է, ով միայնակ, մեծ դժվարությամբ է մեծացրել երկու երեխաներին: Հիմա սարսափում է մտածել այն մասին, որ աղջիկն էլ իր նման… «Ես գիտեմ ինչ բան է` առանց ամուսին երեխա մեծացնելը, հիմա, հիմա… հիմա մեր վիճակն աննկարագրելի է: Ախր գոնե երեխաս երջանիկ լիներ, բայց ո՞վ կպատկերացներ, որ էս հեռավորությունից օգտվելով` ինչեր են արել նրա հետ: Երեխան մոր կաթից կտրվեց, մանկական կերով ենք կերակրում: Հիմա անելանելի դրություն է, ես չգիտեմ` ո՞նց ենք անելու: Էստեղից-էնտեղից պարտք եմ անում, որ կերը հասցնեմ, բայց էլ պարտք տվող էլ չկա: Ախր մեծ լիներ, ուրիշ, բայց էս երեխան տառապանքով է ծնվել, չգիտեմ, չգիտեմ` գլուխս որ պատին տամ»: Հետո տիկին Մարինան պատմում է, որ երբեւէ ոչ մեկից օգնություն չի խնդրել, բայց հիմա թոռանը նայելիս պատրաստ է նույնիսկ սկզբունքներին դեմ գնալ: Ասում է` երբ մանկական կերի տուփը վերջանում է` վախից ճնշումը բարձրանում է: Երկար տարիներ մանկապարտեզում դայակ աշխատած տիկին Մարինան մի քանի ամիս առաջ ստիպված դուրս է եկել աշխատանքից: Ասում է` «Ճնշման խնդիր ունեմ, էս վերջերս անընդհատ բարձրանում-իջնում ա, ու ահավոր վատանում եմ: Հիմա էլ աչքիս է խփել, տեսողությունս վատացել է, արյունը լցվում, տեսադաշտը փակում է: Մտածում էի` գնալ բժշկի, բայց հիմա, երբ Միլենան էսպիսի դժբախտ վիճակով եկավ…»: Միլենան իրեն վերաբերող` մոր արտահայտած ամեն խոսքի հետ պինդ գրկում է փոքրիկին ու գլուխը կախում է: Հետո սկսում է կիսվել` ասելով, որ ամուսնանալուց որոշ ժամանակ անց սկեսուրը սկսել է դավեր նյութել: «Հղիության ժամանակ շատ էի սովածանում, բայց չէր թողնում հաց ուտեմ: Ասում էր` նոր ես կերել: Վիրավորվում էի, ոչ մի բանի ձեռք չէի տալիս, բայց զգում էի, որ ահավոր ուտել եմ ուզում: Ամուսնուս իմ դեմ էր տրամադրում, ասում էր` ուշ ա արթնանում, հողի գործ չի անում, ամբողջ օրը պարապ ա: Հետո ամուսինս սկսեց ինձ նեղացնել: Մայրն անընդհատ ինձնից էր բողոքում, ինքն էլ` ինձ էր ծեծում: Հղի վիճակում դաժան ձեւով ինձ ծեծելով` տնով մեկ քարշ էր տալիս: Շատ էի վախենում երեխայիս համար: Մամայիս ոչինչ չեմ ասել, ինքը չգիտեր` ինչ ա ինձ հետ կատարվում: Երբ զանգում էր` չէին թողնում խոսել: Սկզբում ասում էին` ի՞նչ ես էդքան խոսում, արագացրու: Հետո արդեն հեռախոսը վերցրին ձեռքիցս, արգելափակեցին, որ կապն ընդհանրապես կտրվի: Ասում էին` մեր ադաթները տենց են, մամայիդ հետ պիտի քիչ շփվես»,- ասում է Միլենան, ով տագնապով պատմում է իր հետ կատարված դաժան արարքների մասին, իսկ մայրը միայն նոր է նրա շուրթերից լսում այն, ինչ իրականում եղել է: «Վայ, քոռանամ ես, վայ, վայ, էս ի՞նչ են արել երեխուս հետ: Ախր ինձ ոչ մի բան չի ասել: Չնայած ես նրա սկեսուրի հետ կարո՞ղ էի մրցել: Երբ եկան իրեն ուզելու, ասացի` ես աղջիկ չեմ տա մի մարդու, որին լավ չենք ճանաչում: Հետո սկեսուրը խնդրեց, աղաչեց, սկսեց լաց լինել: Միլենան էլ սիրում էր էդ տղային, եւ ինքը ցանկացավ ամուսնանալ նրա հետ: Երբ ինքը որոշում կայացրեց, ես այլեւս չմիջամտեցի: Հիմա, երբ նրան ասում եմ` սխալ էր ամուսնությունդ, ասում է` չէիր ուզում, դուրս հանեիր տանից իրենց: Ախր ես չեմ կարողանում մարդկանց կոպտեմ…»,- խեղճանալով ասում է տիկին Մարինան, ով իր վատ վիճակի հետ մեկտեղ` աղջկա ու թոռան հոգսերը հոգալու դժվարություններին չդիմանալով` պարբերաբար կշտամբում է Միլենային, այնուհետեւ ինքն իրեն դատապարտում: «Է՜հ, երեխես ի՞նչ անի, որ դժբախտացավ: Կամ` էս փոքր, անմեղ երեխեն ի՞նչ մեղավոր ա, որ նման հայր ունի»: Միլենան աննկարագրելի տանջվում է, երբ մայրն ակնարկում է նրա սխալ ընտրության մասին: Նյարդերը տեղի են տալիս մանավանդ այն ժամանակ, երբ տեսնում է, թե ինչպես է մայրն ընկած «կոպեկ-կոպեկ» պարտքեր անում, որպեսզի երեխայի համար կեր գնեն: «Պատկերացրեք, որ պահ ա լինում, ինձ թվում ա` խելագարվում եմ: Ես ճիշտ եմ համարում էնտեղից հեռանալը, բայց մայրս… Երեխային կերակրելու համար պահանջվող գումարը… Մի քանի օր առաջ էլ ելք չկար, կերը վերջանում էր: Երեւի մեր վիճակը չեք պատկերացնի: Մյուս կողմից էլ` մաման ստիպում էր, որ զանգեմ երեխայի հորը: Զանգել, ասում եմ` Ռոման, երեխան կեր չունի, հայրն ես, չէ՞, մի բանով օգնի: Ասեց` ես հնարավորություն չունեմ: Ինձ մնար, չէի զանգի, ճիշտն ասած, որովհետեւ գիտեի պատասխանը»,- ասում է Միլենան ու հուզմունքից ծնոտը դողացնելով` սենյակից դուրս է գալիս, որ սիրտը թեթեւացնի: Հիմա կեսարյան հատման պատճառով մարմնի կարերը թույլ չեն տալիս ծանր աշխատանք կատարել, բայց շուտով աշխատանք կփնտրի, որ երեխային միայնակ մեծացնելու դժվարություններին վարժվի:

Ընդամենը մեկ տարվա ամուսնական կյանքին չդիմացած Ռոմանն ամիսներ առաջ ծնված երեխային նույնիսկ չի էլ տեսել: Դեռ մոր փորում իր երեխային Ալավերդիից Երեւան ճանապարհած Ռոմանը նույնիսկ պատկերացում չունի, թե նա ի՞նչ անուն է կրում, ո՞ւմ է նման, կամ առո՞ղջ է արդյոք:

Էլենն այսօր ապրում է… Վաղն էլ կապրի, որովհետեւ մանկական կերի տուփի մեջ դեռ մի երկու օրվա գոյատեւում կա: Կմեծանա, հաստատ կմեծանա, որովհետեւ Էլենի մասին այս հրապարակմանը, վստահ ենք, կարձագանքեն այն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն ապահովել երեխայի ապրելու վաղվա օրը: Էլենի վաղվա օրերը կախված կլինեն բոլորովին ուրիշ մարդկանցից: Ռոմանը մինչեւ այսօր երեխայի հանդեպ հայրությունը չի ճանաչել, որովհետեւ սեփական երեխային բառի բուն իմաստով չի էլ ճանաչում: Անսովոր փոքրիկ այս երեխայի դիմագծերը դեռ նոր-նոր են մարդու կերպարանք ստանում: Բայց Էլենի արձակած ճիչերի ելեւէջներն անգամ վկայում են որբության վախ ապրելու զգացումների մասին: