Ե՛վ գնդակ եմ «տշել», եւ՛ կռիվների մեջ եմ եղել

25/04/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երիտասարդության մեծ մասի մոտ տարածված պատկերացում կա, թե դասական երաժշտությամբ զբաղվող երիտասարդները, ժողովրդի լեզվով ասած` փոքր-ինչ «ցնդած» են, քանի որ ապրում են երաժշտության, շատ անգամ` միայն իրենց հասկանալի աշխարհում, որը հեռու է իրականությունից:

Երաժիշտները, ասես, դուրս են ֆինանսական, կենցաղային, առօրյա խնդիրներից, եւ միակ իրականությունը, որը նրանց ամբողջությամբ կլանում է, այն երաժշտական գործիքն է, որին տիրապետում են: Իսկ ո՞րն է նվագախմբի դիրիժորի երաժշտական գործիքը: Առաջին հայացքից` կարող է թվալ, թե դա դիրիժորական փայտիկն է, որով նվագախմբի ղեկավարը չափ է տալիս: Երիտասարդական նվագախմբի հիմնադիր եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդամենը 23 տարեկան է, սակայն նրա հիմնադրած, 75 երաժիշտներից բաղկացած Երիտասարդական նվագախումբը, որի հնգամյակը լրանում է այս տարի, հասցրել է համագործակցել դասական երաժշտության հսկաների հետ` Մաքսիմ Վենգերով, Վլադիմիր Սպիվակով, Վալերի Գերգիեւ, Դենիս Մացուեւ: Նվագախմբի յուրաքանչյուր համերգն անցնում է լեփ-լեցուն դահլիճում, քանի որ այս հինգ տարիների ընթացքում արդեն իսկ հասցրել է ձեռք բերել իր հանդիսատեսը: Սերգեյ Սմբատյանը ընդամենը 4 տարեկան էր, երբ տատիկի նախաձեռնությամբ սկսեց զբաղվել ջութակով: 13 տարեկանում` մասնակցելով Ռումինիայում, Ճապոնիայում եւ Իտալիայում անցկացվող երաժշտական մրցույթներին, նա իրար հետեւից արժանացավ մրցանակների: Սակայն, նվագելով բազմաթիվ նվագախմբերի հետ, Սերգեյը որոշել է զբաղվել նաեւ դիրիժորի մասնագիտությամբ: Այդ նպատակով էլ սովորեց Մոսկվայի եւ Երեւանի կոնսերվատորիաներում:

– Ո՞ւմ է պատկանում Երիտասարդական նվագախումբ ստեղծելու մտահղացումը: Ինչպե՞ս որոշվեց, որ Դուք պետք է լինեք այդ նվագախմբի դիրիժորը եւ ոչ` պարզապես ջութակահարը:

– Ես եւ իմ ընկերները, ներեցեք` իմ ընկերները եւ ես` ավարտելով Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը եւ Կոնսերվատորիան, գիտակցում էինք, որ` կա՛մ պետք է լքեինք մեր երկիրը, կա՛մ ստեղծեինք ճիշտ մատուցվող երաժշտական գաղափար: Եվ արդեն 2005թ. ստեղծեցինք Երիտասարդական նվագախումբը: Չեմ էլ ուզում հիշել, թե որքան էինք աշխատում այդ նախագիծն իրականություն դարձնելու համար` անմարդկային ռեժիմով, 7-8 ժամ անվերջ թվացող փորձեր, փորձեր… Եվ միայն այդ աշխատասիրության շնորհիվ մենք ունեցանք փայլուն համերգներ: Մեր նվագախմբի կայացման հարցում շատ որոշիչ դեր խաղաց ջութակահար եւ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը: Նվագախմբի ստեղծումից ընդամենն ամիսներ անց նա մեզ հրավիրեց Մոսկվա, եւ Չայկովսկու անվան մեծ համերգասրահում համերգ ունեցանք: Նվագախումբ ունենալու եւ այդ նվագախմբի դիրիժորը լինելու հատուկ նպատակ չեմ հետապնդել: Պարզապես մեր թիմում միայն ես ունեի դիրիժորի կրթություն: Այդ իսկ պատճառով ընտրվեցի` որպես խմբի ստեղծագործական առաջնորդ եւ դիրիժոր: Հնարավոր է` շատ վերամբարձ թվա այն, ինչ կասեմ, սակայն նվագախմբի ստեղծման բուն նպատակն աշխարհին հայ դասական երաժշտությունը, հայ երիտասարդ երաժիշտներին ներկայացնելն է, քանի որ մենք դասական երաժշտության բնագավառում շատ հզոր հիմքեր, ավանդույթներ ունենք:

– Բազմաթիվ աշխարհահռչակ երաժիշտներ եք հրավիրում` համագործակցելու Երիտասարդական նվագախմբի հետ: Արդյոք չե՞ք գովազդում նվագախումբը` այդ հեղինակությունների շնորհիվ: Ինչպե՞ս է հաջողվել հնգամյա պատմություն ունեցող նվագախմբին` հրավիրել Մ.Վենգերովին, ով իր ելույթի դիմաց սովորաբար վաստակում է 50.000 դոլար:

– Դիրիժոր Վ.Գերգիեւը Հայաստանի Երիտասարդ նվագախմբի մասին գովեստի խոսքեր էր ասել, ինչն էլ Մ.Վենգերովին դրդեց, որ նա մեզ հետ նվագելու ցանկություն հայտնի: Վենգերովը վարձատրվել է շատ սիմվոլիկ, գրեթե միայն իր այցելության ծախսերի դիմաց: Նա եկել էր համերգից մեկ շաբաթ առաջ եւ ժամերով փորձեր էր անցկացնում մեզ հետ: Նա բացարձակ նման չէ այն երաժիշտներին, ովքեր գալիս են համերգից մեկ օր առաջ, ասում` ինչ լավն ենք մենք ու մեր սարերը, վերցնում են իրենց գումարը, նվագում եւ հեռանում:

– Քո բազմաթիվ լուսանկարներում կանգնած ես երաժշտական հսկաների կողքին: Ի՞նչ է անհրաժեշտ նման հաջողությունների հասնելու համար:

– Երբ ջութակի դասեր էի վերցնում իմ դասախոս Զախար Բրոնի մոտ, նա միշտ ասում էր. «Դու տաղանդավոր ես, սակայն դա դեռ ոչինչ չի նշանակում: Աշխատել է պետք` առավոտից երեկո»: Ես պարապում էի` օրական 11 ժամ: Երբ դասախոսիս հարցրի, թե ո՞րն է հաջողության գրավականը, նա պատասխանեց. «Երբ ինձ կասես, թե ի՞նչ է քեզ համար հաջողությունը, ես կասեմ, թե ինչ է պետք անել` դրան հասնելու համար»: Մեզանից յուրաքանչյուրն ունի հաջողության մասին իր պատկերացումը: Պետք է ստույգ իմանալ, թե որն է նպատակդ, եւ հետո միայն պայքարել այդ բարձրագույն կետին հասնելու համար:

– Դու նշեցիր, որ մանկուց պարապել ես օրական 11 ժամ: Ակամայից մտաբերում եմ «Երալաշը», որտեղ խելացի, ակնոցավոր տղան պատուհանի մոտ ջութակ է նվագում եւ թախիծով նայում բակում գնդակ «տշող» իր հասակակիցներին:

– Վստահեցնում եմ, որ եւ՛ գնդակ եմ «տշել», եւ՛ կռիվների մեջ եմ եղել:

– Մի ձեռքով ջութակ էիր նվագում, մյուսով` ծեծում բակի տղաների՞ն: Որքանո՞վ է հնարավոր միաժամանակ համատեղել 11-ժամյա պարապմունքներն ու բակային կռիվները:

– Իրականում դժվար չէ համատեղել բակն ու պարապմունքները: Բակից զրկվել եմ, երբ սկսվել են համերգները, շրջագայությունները: Իրականում տղայի կայացման հարցում շատ կարեւոր է նաեւ բակի գործոնը, քանի որ բակը միայն խաղերը չեն:

– Շատերը կարծում են, որ դասական երաժշտությամբ զբաղվողները…

– Մի քիչ գի՞ժ են:

– Գժի հարցը չէ: Ժամանակին Վ.Սպիվակովը` բռնցքամարտով, իսկ Մ.Վենգերովը` բոդիբիլդինգով էին զբաղվում: Նայելով մատներիդ` թվում է` երբեք որեւէ ֆիզիկական գործողությամբ չես զբաղվել, ջութակից ծանր ոչինչ չես բարձրացրել:

– Ես սպորտ շատ եմ սիրում:

– Նայել հեռուստացույցո՞վ:

– Նայել եւս սիրում եմ, սակայն ժամանակին զբաղվել եմ սեղանի թենիսով եւ արմ բրեսլինգով:

– Որքանո՞վ ես առնչվում կենցաղի հետ:

– Հարկ եղած դեպքում կարող եմ կատարել ցանկացած կենցաղային աշխատանք: Սակայն վստահորեն կարող եմ ասել, որ կենցաղը ճահիճ է, այն կարող է շատ խորը տանել մարդուն: Առհասարակ, որքան հեռու լինի արվեստագետը կենցաղից, այնքան մաքուր կլինի նրա աուրան: