Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով փոփոխություն է կատարվել ՀՀ նախագահի 2008 թվականի մայիսի 4-ի «Ազգային անվտանգության խորհրդի կազմը հաստատելու մասին» ՆՀ-107-Ա հրամանագրում. այն լրացվել է հետեւյալ բովանդակությամբ` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար»: Ըստ այդմ` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ընդգրկվում է ԱԱԽ կազմում: Այդ մասին հայտնել են Նախագահի մամլո ծառայությունից: Ազգային անվտանգության խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկված են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, Սահմանադրական դատարանի նախագահը, փոխվարչապետը, պաշտպանության նախարարը, արտգործնախարարը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր դատախազը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանապետը եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Նշենք, որ խորհրդարանական որեւէ այլ խմբակցության ղեկավար ԱԱԽ-ի կազմում ընդգրկված չէ: