Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը երեկ մեր թղթակցին տված հարցազրույցում` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է քաղաքապետարանն ընդդիմությանը մերժում հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում, երբ միեւնույն է` ոստիկանների հետ բանակցելուց հետո հանրահավաքը շարունակվում է Ազատության հրապարակում, ո՞րն է մերժման իմաստը, ասել է. «Մենք արգելելու պատճառները գրավոր ներկայացնում ենք։ Կան վայրեր, որտեղ նման միջոցառում անցկացնելը խնդիրներ է ստեղծում՝ երթեւեկության, մարդկանց հանգստի հետ կապված եւ այլ պատճառներով։ Ես քննադատությունն օբյեկտիվ կհամարեի, եթե խտրականություն դնեինք՝ մի քաղաքական ուժին արգելեինք, մյուսին` ոչ։ Սակայն նման բան չկա։ Օբյեկտիվ կհամարեի նաեւ, եթե մենք հանրահավաք անցկացնելու այլընտրանքային վայր չառաջարկեինք։ Սակայն մենք հնարավորություն ենք տալիս հանրահավաք անցկացնել Մատենադարանին հարող տարածքում, որն ընդամենը 700 մետր է հեռու Ազատության հրապարակից»։