Վախենում են դուրս մնալ

22/04/2011

«Ոչ միայն խորհրդարանական ընդդիմությունն ու արտախորհրդարանական ընդդիմության այն կուսակցությունները, որոնք ՀԱԿ-ում ներգրավված չեն, նաեւ իշխանության, կոալիցիայի մեջ ներգրավված ուժեր ու քաղաքական անհատներ Կոնգրեսին դրդում են իշխանության հետ գնալ առճակատման»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն` անդրադառնալով իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ հնարավոր պայմանավորվածությունների մասին տարբեր քաղաքական ուժերի կողմից հնչող գնահատականներին: Ըստ Ա.Սարգսյանի, այդ ուժերը պարզապես վախենում են դուրս մնալ քաղաքական գործընթացներից: «Հակառակ դեպքում որեւէ նորմալ մարդ չի ուզենա, որ իր երկրում հիմնական ուժ հանդիսացող, հասարակության մեծամասնության վստահությունը վայելող ՀԱԿ-ը բախման գնա իշխանության հետ, բիրտ ուժի եւ Ոստիկանության հետ: Ինչո՞ւ են նման բան ուզում այն մարդիկ, ովքեր սիրում են այս երկիրը»,- հարցնում է նա: