Պայքար, պայքար մինչեւ տառապանք

22/04/2011

Հեղինակավոր «Gallup» հետազոտական կենտրոնը հրապարակել է մի հետազոտություն, որի նպատակն է եղել պարզել, թե աշխարհի 124 երկրներում ինչպես են իրենց կյանքը գնահատում քաղաքացիները եւ ինչ են ակնկալում առաջիկա հինգ տարիների ընթացքում: Հայաստանի վերաբերյալ ցուցանիշները, ըստ էության, սարսափելի են: Հարցման մասնակիցների 54 տոկոսը նշել է, որ բառի բուն իմաստով պայքարում է գոյատեւման համար, իսկ 34 տոկոսի համար` Հայաստանում ապրելը հավասարազոր է տառապանքի: «Gallup»-ի հետազոտության շրջանակներում հարցվածների ընդամենը 12 տոկոսն է պատասխանել, որ իր կյանքը Հայաստանում բարգավաճում է: Դժբախտաբար, այս ուսումնասիրության արդյունքները բավական մոտ են Հայաստանում մարդկանց կենսամակարդակի իրական պատկերին, եւ համամասնությունների առումով` բավական ճշգրտորեն արտահայտում են սոցիալական շերտավորումը: Ովքե՞ր են այսօր լավ ապրում եւ «բարգավաճում» Հայաստանում: Իշխանական համակարգի ներկայացուցիչները, նրանց մոտ կանգնած օլիգարխներն ու գործարարները` իրենց մեծ ու փոքր շրջապատով: Իսկապես Հայաստանի բնակչության 10-12 տոկոսի համար ներկայիս պայմանները ոչ միայն դրական, այլ նաեւ դրախտային կարող են համարվել: Հասարակության մնացած մասն ընդամենը գոյատեւում է («պայքարող» հատվածը, եթե նույնիսկ հանապազօրյա հացի խնդիր չունի, ապա Հայաստանում որեւէ հեռանկար չի տեսնում): Այսինքն` Հայաստանը պետություն է, որտեղ բառի լայն իմաստով` ապրում է քաղաքացիների ընդամենը 12 տոկոսը: Մնացած 88 տոկոսի հաշվին: Ի դեպ, այդ 12 տոկոսանոց ցուցանիշը կարելի է համարել նաեւ Հայաստանի իշխանությունների իրական վարկանիշը: