«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պահվող քաղբանտարկյալ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին` լրատվամիջոցների կազմակերպած ակցիայի շրջանակներում հարցեր ուղղելու հերթափոխը մեր թերթինն է: Ստորեւ ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերը, որոնց պատասխանները ստանալուն պես կհրապարակենք մեր թերթում:
Հարգելի Նիկոլ, ապրիլի սկզբին հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը որոշում է կայացրել առաջնահերթության կարգով քննել քո ներկայացրած հայցերը: Քո կարծիքով, այս որոշումը ՀՀ իշխանություններին կարո՞ղ է ստիպել առաջիկայում քեզ եւ մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելու քաղաքական որոշում կայացնել` խուսափելով եվրոպական կառույցներում այս գործերի քննության կանխատեսելի խայտառակ ընթացքից:
Ապրիլի 20-ին Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցության ընթացքում հնչած հայտարարությունը` Մարտի 1-ի գործի բացահայտմանը «նոր թափ» հաղորդելու վերաբերյալ, Հայ Ազգային կոնգրեսը գնահատեց որպես իշխանություններին ներկայացված երեք հրատապ պահանջներից մեկի կատարում: Հաշվի առնելով վերջին իրադարձությունները, քո կարծիքով` ե՞րբ իշխանությունները կկատարեն մյուս` ամենակարեւոր պահանջը` քեզ եւ մնացած քաղբանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ:
Վերջին շրջանում ամենաշատ քննարկվող թեման իշխանությունների եւ ՀԱԿ-ի միջեւ հնարավոր երկխոսության հնարավորությունն է, որի մասին քո կարծիքը բազմիցս արտահայտել ես` երկխոսություն հնարավոր է միայն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ: Հերթական խորհրդարանական ընտրություններին մնացել է մեկ տարուց քիչ ժամանակ, եւ իշխանությունների քայլերն ակնհայտորեն ուղղված են ներքաղաքական զարգացումները հերթական ընտրությունների նախընտրական փուլ հասցնելուն: Եթե իշխանությունների հետ երկխոսությունը` միակ հնարավոր հարցի` արտահերթ ընտրությունների վերաբերյալ, այդուհանդերձ, տեղի չունենա, քո կարծիքով` որո՞նք պետք է լինեն ՀԱԿ-ի հետագա քայլերը: Հնարավոր համարո՞ւմ ես ՀԱԿ-ի կողմից հերթական խորհրդարանական ընտրությունները բոյկոտելու հնարավորությունը:
Հարգելի Նիկոլ, ազատազրկման մոտ երկու տարիների ընթացքում ցուցաբերած քո տոկունությամբ եւ պայքարի վճռականությամբ ապացուցեցիր, որ ազատազրկումը քեզ համար սոսկ պայմանականություն է, եւ դու իրականում շատ ավելի ազատ ես, քան հազարավորները` թվացյալ ազատության պայմաններում: Այդուհանդերձ, ցանկանում ենք օր առաջ քեզ նաեւ ֆիզիկապես ազատության մեջ տեսնել, եւ գուցե չհիմնավորված` սակայն հույս ունենք, որ դա տեղի կունենա ավելի շուտ, քան «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից կստանանք մեր հարցերի պատասխանները: