Մնում է մի փոքր սպասել

22/04/2011

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Մարտի 1-ի գործով ընթացող քննությանը նոր թափ հաղորդելու մասին, ըստ էության, զիջման քայլ էր` ոչ այնքան ընդդիմության պահանջներին, որքան Հայաստանի ներքաղաքական իրողություններին: Նա այս համատեքստում չի բացառում, որ նախագահի հայտարարությունն ավելի լայն ու հեռուն գնացող ենթաշերտեր ունի, որոնք կարող են երեւան գալ առաջիկա խորհրդարանական ընտրությունների մոտեցմանը զուգընթաց եւ անգամ ի վիճակի են որոշակի փոփոխություններ մտցնել ներքաղաքական դաշտում ներկայումս ձեւավորված ուժերի դասավորվածության վրա: Ռիչարդ Կիրակոսյանը ձեռնպահ է մնացել կանխատեսելուց, թե ինչպիսին կլինեն այդ փոփոխությունները` նշելով միայն, որ շատ բան կախված կլինի այն հանգամանքից, թե ինչ քայլեր կհաջորդեն նախագահի այս հայտարարությանը: Հարցին, թե չի՞ բացառում արդյոք, որ իրականում նախագահի հայտարարությունը ոչ այնքան հարցն իսկապես բացահայտելու լուրջ հայտ էր, այլ ինչ-ինչ նպատակների միտված քաղաքական հայտարարություն, քաղաքագետը պատասխանել է. «Ըստ էության, դա կարեւորագույն հարցն է, քանի որ դրա մասին խոսելով ու դրա կարեւորությունը հրապարակավ շեշտելով` Սերժ Սարգսյանը հասարակության մեջ մեծ սպասումներ առաջացրեց: Մնում է մի փոքր սպասել ու տեսնել, թե կոնկրետ ինչ գործողություններ կհաջորդեն, որոնք էլ, ըստ էության, պայմանավորելու են այս խնդրի շուրջ հետագա զարգացումները: Մի բան հստակ է` անկախ ամեն ինչից, Սերժ Սարգսյանի այս հայտարարությունն այն իրողության պաշտոնական խոստովանությունն էր, որ 2008-ի հետընտրական ճգնաժամը շատ հեռու է լուծված լինելուց»: