«ԼՂՀ-ն երբեք չի միանա Հայաստանին կամ չի դառնա անկախ պետություն: Այնտեղ բնակվող հայերը կարող են վայելել ինքնավարության բարձր աստիճան Ադրբեջանի կազմում»,- ըստ «Regnum» լրատվական գործակալության, hայտարարել է Իլհամ Ալիեւը: Նա շեշտել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը բխում է միջազգային նորմերից, մինչդեռ «Հայաստանի դիրքորոշումը լիովին հակասում է միջազգային օրենքին»: Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ խնդիրներն ինքնուրույն լուծելու բավական ներուժ ունի: «Ներկայումս ես կտրուկ ավելացնում եմ Ադրբեջանի ռազմական բյուջեն: Ես հայտարարել էի, որ մեր ռազմական ծախսերը պետք է հավասարվեն ՀՀ ողջ բյուջեին, եւ մենք կհասնենք դրան: Մենք ինքներս պետք է ուժեղ լինենք: Եթե մենք լինենք ուժեղ, ապա կկարողանանք լուծել ցանկացած հարց»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Ալիեւի խոսքերով՝ Հայաստանը չի մասնակցի տարածաշրջանային խոշոր էներգետիկ եւ տրանսպորտային որեւէ ծրագրի՝ քանի դեռ նրա զինված ուժերը դուրս չեն բերվել Ադրբեջանի հողերից: