Արդեն մի քանի օր է, Երեւանի Աբովյան եւ Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում գտնվող Ս.Աստվածածին Կաթողիկե եկեղեցու հարեւանությամբ հիմնափոս է փորվել:
Դեռ 2 տարի առաջ Երեւանի քաղաքապետարանը որոշում էր ընդունել այդ տարածքը տրամադրել Հայ Առաքելական եկեղեցուն` Սուրբ Աննա եկեղեցու եւ կաթողիկոսարանի երեւանյան նստավայրի կառուցման համար: Անգամ հողն էր հասցրել օրհնվել, ու ըստ կաթողիկոսի`աստվածահաճո այդ շինարարության մեկնարկն էր ազդարարվել: Քաղաքապետարանը որոշել էր, եկեղեցին համաձայնել էր, բարերարը (Հրայր Հովնանյան) գումար էր տրամադրել, իսկ երեւանցիներին մնում էր միայն համակերպվել այն մտքի հետ, որ մայրաքաղաքի գողտրիկ կենտրոնում մասնավոր կառույց է վեր խոյանալու: Միայն երազներում կարելի էր պատկերացնել, որ Հայ Առաքելական եկեղեցին այդ վայրում ոչ թե շենքերի համալիր, այլ, ասենք, այգի է կառուցելու: Ինչը շատ ավելի տրամաբանական կլիներ, քանի որ Երեւանի ծայրաստիճան ծանրաբեռնված այդ հատվածն էլ ավելի ծանրաբեռնելը բնավ էլ չէր բխում քաղաքացիների ցանկությունից: Կաթողիկոսի նստավայրը, թերեւս, կարելի էր տեղափոխել նորակառույց Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ, կամ էլ վերջապես` թող նստավայրը մեկը լինի, այլ ոչ թե մի քանիսը: Սակայն փաստը մնում է փաստ. քաղաքի իշխանությունները հանրային ունեցվածքը հանձնել են (վաճառքի մասին խոսք չի եղել) իրապես մասնավոր հաստատությանը (այս դեպքում նաեւ` անհատ ձեռներեցի կարգավիճակում հանդիսացող): Իսկ հենց նշված վայրում նստավայրի ու եկեղեցու կառուցման նպատակահարմարությունը բնավ էլ չի դրվել հանրային քննարկման: Պատվիրատուն պատվիրել է հենց այն կառույցի ֆորման, որն իրեն է հոգեհարազատ եւ որը ծառայում է իր մասնավոր շահերին: Եթե, օրինակ, երեւանցիների շրջանում հարցում անցկացվեր, թերեւս ոչ մեկի մտքով անգամ չէր անցնի, որ Լեզվի ինստիտուտի շենքի տեղում իրենք ցանկություն ունեն կաթողիկոսի նստավայրը տեսնել:
Ընդհանրապես Հայ Առաքելական եկեղեցին հիմա շատ տարօրինակ մարտավարություն ունի. լինելով մասնավոր ինստիտուցիոնալ կառույց, այն ակտիվորեն «ընդլայնում» է իր ունեցվածքը` խուսափելով պետական ու հանրային վերահսկողությունից: Այն կա՛մ պետական հեռուստաալիքի տեր է դառնում («Շողակաթը» դարձավ պետական մշակութային-հոգեւոր ալիքի տերը), կա՛մ էլ պետական հողատարածքների, որոնց վրա, ի դեպ` միայն ուզում է նոր եկեղեցիներ տեսնել, այլ ոչ թե, ասենք` դպրոցներ, համերգասրահներ, թանգարաններ, գրահրատարակչատներ, որոնց կարիքը շատ ավելի մեծ է, քան սոսկ նոր աղոթատեղեր ունենալու պահանջը: Եվ ստացվում է, որ նոր եկեղեցիների կառուցումը (ինչն այլ կրոնական կոնֆեսիաների նպատակը թերեւս երբեք չի դառնում) այսօր մեր հոգեւոր հայրերի ներկայությունը զգալու միակ ձեւաչափն է: Եկեղեցին եկեղեցի է կառուցում, թերեւս, ենթադրելով, որ որքան շատ լինեն եկեղեցիները, այնքան ավելի արժեքավոր կդառնա մեր կյանքն ու ավելի կհագենա հոգեւոր սնունդով: Կարծես մեր հանրապետությունում հոգեւոր հայրերի միջամտությանը արժանի այլ խնդիրներ չկան: Իհարկե, կան, եւ բնական է, որ երկրորդ նստավայրի կառուցման անհրաժեշտությունը խմբագրում է ոչ միայն Երեւանի փոքր կենտրոնը, այլեւ` պատմությունը: Չէ՞ որ, եթե Երեւանը դառնում է Հայ Առաքելական եկեղեցու նստավայրը, այլեւս չենք կարող ասել` աթոռանիստ Սուրբ Էջմիածին: Իսկ միգուցե պետք է ասենք` աթոռանիստ Երեւան:
Երկու աթոռի վրա նստելն ընդհանրապես բարդ գործ է, եւ կարող է դժբախտ պատահարի սկիզբ դնել:
Գիգանտոմանիայի խճանկար
Կաթողիկոսի ենթադրյալ նոր նստավայրի ու վիրտուալ Ս.Աննա եկեղեցու մի քանի ճարտարապետական նախագծեր կան: Տարբեր ճարտարապետներ նախագիծ անելու պատվեր են ստացել, հետո մերժվել են կա՛մ Երեւանի քաղաքապետարանի, կա՛մ հենց Հրայր Հովնանյանի կողմից: Եվ մինչ հիմա էլ անհայտ է, թե եռակողմ որոշման (պետություն, բարերար ու կաթողիկոս) արդյունքում` ո՞ր տարբերակն է համարվել ամենաօպտիմալը: Բոլոր կողմերի հավանությանն արժանացած ու պետականորեն հաստատված որոշում դեռ չի եղել: Սակայն փոսը փորվել է:
Միակ անփոփոխ տարրը մնացել է եկեղեցու անվանումը, որը կամ պարտադրել է Հրայր Հովնանյանը, կամ էլ` եկեղեցին է որոշել «ժեստ» անել ու կոչել այն բարերարի կնոջ անունով: Ու թեեւ «Աննա» անունով սուրբ հայկական եկեղեցում գրանցված չէ, սակայն դաշտն ավելի լայն ուսումնասիրելուց հետո` պարզվել է, որ այդ անունով սրբեր, այնուամենայնիվ, եղել են:
Մեզ հայտնի են 4 տարբերակները, որոնք տարբեր ժամանակահատվածներում հիմք են հանդիսացել շինարարության թույլտվության համար: Ճարտարապետ Լեւոն Վարդանյանի տուֆակերտ տրադիցիոն տարբերակն այդ ցանկում առաջինն էր, հետո եկավ Հրաչյա Պողոսյանի տարբերակի հերթը, որը շատ դուր եկավ կաթողիկոսին, սակայն մերժվեց Հրայր Հովնանյանի կողմից: Այդ տարբերակն ամենաերկարը մնաց շրջանառության մեջ: Կաթողիկոսը նկատել էր, որ Ս.Կաթողիկեից 6 անգամ ավելի բարձր Ս.Աննան խորհրդանշում է մոր ու զավակի գուրգուրանքը: Կաթողիկոսն անձամբ այդ վիզուալ պատկերը բնութագրել էր` որպես «մայրը գրկում է իր զավակին»: Հ.Պողոսյանի նախագիծն իրականում ամենածավալունն էր եւ կարծես «կլանում» էր շրջակա օդն ու միջավայրը` իր մոխրագույն հզորությամբ ու ահռելի չափերով: Իսկական քարե առանձնատուն հիշեցնող պրոյեկտը ներառում էր նաեւ խաչի ֆորմա ունեցող պատուհաններն ու կամարաձեւ մուտքերը (ինչը սոսկ ճաշակի հարց է), եւ ստացվում էր, որ նստավայրն ուղղակի հայտնվում է Սայաթ-Նովա փողոցի մայթին, իսկ Ս.Աննան ձգվում է մինչեւ Աբովյան փողոց (որն, ինչպես հայտնի է, միակողմանի եւ շատ բանուկ փողոց է):
Այս երկու նախագծերը ստեղծվել են պատվերով, իսկ արդեն մյուս նախագիծը անձնական նախաձեռնության արդյունք է: Ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանն առաջարկեց քաղաքի այդ հատվածում եռանկյունաձեւ հրապարակ ստեղծել ու բոլոր շինարարական օբյեկտները կենտրոնացնել Ս.Կաթողիկեի ետնամասում: Նրա նախագծում բարձրահարկ շինությունները ոչ թե շրջապատելու են Ս.Կաթողիկեն, այլ` վեր են հառնելու նրա թիկունքից:
Իրականում բոլոր այս նախագծերը ոչ այնքան ճարտարապետական, որքան գաղափարական թերություն ունեն. դրանք միջավայրի շարունակությունը չեն, այլ` միջավայրի հանդեպ կատարվող կոպիտ միջամտության փորձեր են: Նստավայրի ու Ս.Աննայի կառուցման պարտադրանքը թույլ չի տալիս երեւանցիներին կենտրոնացնել հայացքը հենց Ս.Կաթողիկեի վրա, որն առանց նստավայրի առկայության էլ շատ ներդաշնակ է իր տեղում: Փոքր ու ավարտուն տեսք չունեցող Ս.Կաթողիկեն ավելի շուտ ընդգծման, այլ ոչ թե գիգանտ կառույցներով համալրվելու եւ դրանց ճնշման տակ անէանալու կարիքն ունի: Եվ այն կարող էր շատ հետաքրքիր ճարտարապետական լուծումներով ընդգծվել, եթե, իհարկե, պետությունն ու Հայ Առաքելական եկեղեցին ոչ թե` նստավայր ու եկեղեցի կառուցելու, այլ` քաղաքային միջավայր ստեղծելու նպատակ ունենային:
2009 թվականին, երբ առաջին անգամ լայնորեն քննարկվեց Ս.Կաթողիկեի հետագա ճակատագիրը, Երեւանում անցկացվեց Ճարտարապետների համահայկական համագումար: Համագումարին ներկա էին հայտնի ճարտարապետներ, որոնց թվում էր նաեւ ամերիկացի ճարտարապետ Մայքլ Կարապետյանը: Նա նկատեց, որ Ս.Կաթողիկեի կողքին հսկա եկեղեցու կառուցումը 18-րդ դարի մտածողություն է, որը 21-րդ դարում չի կարելի կիրառել: «Այդ գեղեցիկ պատմական հուշարձանը մենք ծածկում ենք մեծ եկեղեցիով: Ախր այդպես մենք Դիսնեյլենդ ենք կառուցում: Մինչդեռ Ս.Կաթողիկեն խորհրդավոր օբյեկտ է, որը պաշտպանության (ծառերով եւ թեթեւ կառույցներով շրջապատվելու), այլ ոչ թե դեկորացիայով արհեստականորեն մեծացվելու կարիքն ունի: Վերջիվերջո, եթե ուզում ենք մեր քրիստոնյա լինելն ընդգծել, բնավ էլ կարիք չկա նոր եկեղեցի սարքել: Երեւանին ուղղակի օդի պես անհրաժեշտ են ծառն ու խոտը: Իսկ մարդիկ էլ թող սովորեն քաղաքի մեջ ծառի արանքում երեւացող եկեղեցու միջավայրին»,- մեր թերթին տված հարցազրույցում ասել էր նա` շեշտելով, որ Երեւանում հարկավոր է զարգացնել ոչ թե եկեղեցաշինությունը, այլ լանդշաֆտային ճարտարապետությունը: Մ.Կարապետյանը ստեղծել էր Ս.Կաթողիկեն ամբողջացնող իր նախագիծը, որի հիմքում արեւի էներգիայով սնուցվող այգու ու փայտե նստատեղերով համալրված պուրակի ստեղծումն էր: Այդ նախագծում 13-րդ դարի գեղեցիկ եկեղեցին դիտարկվում էր որպես միայնակ կանգնած հուշարձան, որի շուրջը զբոսանքի վայր է: Սակայն այդ նախագիծը չընդունվեց, քանի որ բարերարն ու Հայ Առաքելական եկեղեցին ուզում էին պուրակի փոխարեն նստավայր ու նորակառույց եկեղեցի տեսնել: Կաթողիկոսին երեւանյան հասցե ունեցող գրասենյակային նստավայր է հարկավոր` գործնական հանդիպումներ անցկացնելու եւ հյուրեր ընդունելու համար: Քաղաքն էլ ընդառաջում է մեր հոգեւոր առաջնորդի ցանկություններին` զիջելով նրան ոչ միայն տարածքը, այլեւ` այդ տարածքի վրա լայնամասշտաբ կառուցապատման աշխատանքներ կատարելու իրավունքը:
Իսկ ՀՀ մշակույթի նախարարությունն էլ հայտնում է, որ գիտամեթոդական փորձաքննություն անցկացնելուց հետո պարզվել է, որ պեղումների ժամանակ հայտնաբերվել են «հուշարձանապատկան մի քանի քար եւ ոչ մեծ չափերի 3 կարասների մնացորդներ», որոնք հանձնվել են Երեւանի պատմության թանգարանին: Եվ «նշյալ տարածքում մշակութային այլ շերտ չի հայտնաբերվել»: Սակայն հայտնաբերվել են մարդկային ոսկորներ, որոնք, ամենայն հավանականությամբ, վերաթաղվելու են: Հո չի՞ կարելի կաթողիկոսի նոր նստավայրը ոսկորների վրա կառուցել: