«Հայաստանի կորսված գարունը»

22/04/2011

Գրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը առաջիկայում կներկայացնի իր «Հայաստանի կորսված գարունը» նոր, հետաքննական ֆիլմը, որն անդրադառնում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին:

2 ժամ 4 րոպե տեւողությամբ ֆիլմը երկու մասից է բաղկացած: «Առաջին մասը մինչեւ մարտի 1-ն է, երկրորդ մասը սկսվում է մարտի 1-ի առավոտյան իրադարձություններով: Մենք նպատակ ունենք միաժամանակ ցույց տալ Մարտի 1-ի եւ՛ պատճառները, եւ՛ հետեւանքները: Պատճառները փորձել ենք ցույց տալ անարդար, անհավասար մրցակցային պայքարով, որ ծավալվել էր 2007 թվականի աշնանից մինչեւ փետրվարի 19-ը` բուն ընտրությունների օրը, եւ հասարակության հախուռն ցասումով, որը, եւս մեկ անգամ տեսնելով կեղծված ընտրություններ, ոտքի էր կանգնել եւ պահանջում էր չեղյալ հայտարարել ընտրությունները»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Տիգրան Պասկեւիչյանը: Ըստ նրա, ֆիլմի երկրորդ մասը վերաբերում է մարտի 1-ին տեղի ունեցած եւ դրան հաջորդած իրադարձություններին: «Մենք խնդիր չենք դրել բացահայտել Մարտի 1-ը: Դա որեւէ լրագրողական խմբի կամ լրագրող անհատի ուժերից վեր գործ է: Մենք խնդիր ենք դրել ցույց տալ, թե ինչու եւ ինչպես իշխանությունները չեն բացահայտել Մարտի 1-ը»,- նշել է Պասկեւիչյանը: Ֆիլմի աշխատանքները սկսվել են ավելի քան մեկ տարի առաջ: Պասկեւիչյանը պատմել է, որ ֆիլմի ստեղծման ընթացքում ուսումնասիրվել են մարտի 1-ի իրադարձություններին առնչվող մամուլի հրապարակումները, տեսանյութեր, անգամ լուսանկարներ: «Ի տարբերություն իմ նախորդ ֆիլմի, որը դարձյալ ընտրությունների մասին էր, եւ որտեղ խոսում էին քաղաքական գործիչներ, նախկին քաղբանտարկյալները եւ այլք, այստեղ մոտեցումը մի փոքր փոխվել է: Ֆիլմում` որպես օրիգինալ նկարահանված մարդիկ, առկա են միայն Մարտի 1-ի զոհերի հարազատները, ֆիլմը նաեւ հայացք է իրենց կողմից այս իրադարձություններին: Պաշտոնյաներ, տարբեր մարդիկ, ովքեր խոսում են ֆիլմում, վերցված են արխիվային նյութերից»,- ասել է Պասկեւիչյանը` ենթադրելով, որ «Հայաստանի կորսված գարունը» կդառնա արդեն իր երրորդ ֆիլմը, որը թե՛ հեռուստաընկերությունները, թե՛ կինոդահլիճների սեփականատերերը կհրաժարվեն ցուցադրել: