Ստամբուլյան առավոտները հատկապես մետրոների կամ մետրոավտոբուսների շրջակայքում բացվում են թերթավաճառների գովազդներով: Դժվար է թուրքերենով հասկանալ, թե նրանք ո՞ր նորություններն են առանձնացնում` անցորդներին գրավելու համար, բայց ամեն դեպքում անգամ թերթ վաճառողներն են տեղյակ լինում նախորդ օրվա իրադարձություններից: Ընդհանրապես Թուրքիայում հատկապես մամուլին մեծ ուշադրություն են դարձնում: ԶԼՄ-ներն այս երկրում հիմնականում ֆինանսավորվում են գովազդների հաշվին: Օրինակ, անգլիատառ «Todayգs Zaman»-ի խմբագիր-կառավարիչ Ջելիլ Սայիլը մեզ հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրենց թերթը բացառապես ֆինանսավորվում է գովազդներից ստացած եկամուտներով, իսկ թերթի շուրջ 80%-ն էլ վաճառվում է բաժանորդագրությամբ: Նկատենք, որ թերթն օրական լույս է տեսնում, ինչպես խմբագիրն ասաց, 1 մլն տպաքանակով: Իսկ լրագրողների նվազագույն աշխատավարձը սկսում է 1000 դոլարից, ընդ որում` դա սկսնակ թղթակիցների: «Սյունակագիրներին ամսական վճարում ենք 30.000 դոլար»,- նկատեց Ջ. Սայիլը: Ի դեպ, Ջ. Սայիլի հետ մեր հանդիպումը տեղի ունեցավ «Զաման» օրաթերթի շենքում: Շենքը ճարտարապետական հսկա է: Օրաթերթի շենքում կան սրճարաններ, ռեստորաններ, իսկ մուտքի մոտ կապույտ համազգեստներով անվտանգության աշխատակիցներն են կանգնում, ովքեր հատուկ սարքերով տարածք մտնողների պայուսակներն են ստուգում: Թերթի կառավարիչ-խմբագրի փոխանցմամբ` «Todayգs Zaman»-ը կոնսերվատիվ է եւ չափազանց մեծ տեղ է տալիս նոր սերնդին: «Մեր ամբողջ աշխատակազմում թուրքերի նոր սերունդն են, եթե փորձեք այստեղ շրջել, կնկատեք դա»,- ընդգծեց խմբագիրը` միաժամանակ խոսելով Թուրքիայի` ժողովրդավար պետություն դառնալու հեռանկարի մասին: Վերջինս նշեց նաեւ, որ անձամբ ինքը չէր ցանկանա, որ իր 3 երեխաներն ապրեին ռազմականացված Թուրքիայում: «CNN Turk»-ի խորհրդատու Ֆերհատ Բորաթովի փոխանցմամբ` Թուրքիայում կան ավելի քանի 200 հեռուստակայաններ, որոնք պաշտոնապես` ռեգիոնալ, տեղական հեռուստաալիքներ են, բայցեւայնպես, արբանյակային կապով սփռվում են: Նա դժվարացավ ասել, թե քանի ռադիոկայան կա Թուրքիայում, փոխարենը նշեց օրաթերթերի թիվը` 24 ազգային օրաթերթ: Ըստ նրա` Թուրքիայում ԶԼՄ-ները քաղաքականացված են, եւ դա «արտացոլում է հասարակությունը»: Ֆ. Բորաթովի ասելով` Թուրքիան արագ զարգացման փուլում է եւ կարիք ունի արմատական փոփոխությունների, որոնցից առաջնահերթ է սահմանադրական փոփոխությունը, քրդական հարցի լուծումը: «Ինչքան հեռու մենք կգնանք սահմանադրությունը փոխելով, դա առաջին հարցն է: Երկրորդը քրդական հարցն է: Այս հարցերի լուծումը երկրորդական է այն մեծ հարցի համեմատ, որ ունենք. այն է` ինչպե՞ս պետք է մենք զարգանանք, աճենք: Մեր բնակչությունը բավական երիտասարդ է»,- նշեց Բորաթովը: Նրա կարծիքով` մեդիայի ազդեցությունն ակնհայտ է հասարակության վրա, բայցեւ այն չի կարող փոխել այն, ինչ արդեն ընթացքի մեջ է: Բորաթովը նաեւ նկատեց, որ թուրքական ԶԼՄ-ներում միշտ էլ լուսաբանվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները: Ըստ նրա` երկու երկրների միջեւ սահմանների բացումն ավելի շատ հետաքրքիր է Հայաստանին: «Թուրքական ԶԼՄ-ներում ապրիլը համարում են հայկական ամիս: Թուրքական ԶԼՄ-ները միշտ էլ լուսաբանել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, բայց երբ եկա Հայաստան, տեսա, որ Հայաստանի կողմից սահմանները բացելու ձգտումները ավելի ակնհայտ էին, շատ ավելի էին, քան, ինչ այստեղ: Երբեմն ինձ զանգահարում են իմ հայ գործընկերները` հետաքրքրվելով, թե ինչ ենք անում այդ թեմայի առնչությամբ: Ես էլ պատասխանում եմ` ներեցեք, ես նույնիսկ չգիտեմ այդ պատմությունը: Ինչ-որ մեկը ինչ-որ տեղ մի բան ասելուց հետո` մեծ հարց է դառնում Հայաստանում: Իսկ դա Թուրքիայում սովորաբար աննկատ էլ մնում է,- ասաց Ֆ. Բորաթովը` ավելացնելով,- Եթե Հայաստանը տանգոն դիտարկում է Հայաստանի եւ Թուրքիայի պարագայում, ապա մեզ համար տանգոն 3,4,5 հոգու համար է»: Բարաթովի կարծիքով` սահմանների բացումը երկրորդական հարց է, եւ ինքն այդ հարցի արագ լուծման զարգացում դեռ չի տեսնում: «Դա ադրբեջանցիներին սիրելու կամ հայերին ատելու պատճառը չէ, այլ հարցն ավելի քան քաղաքական է: Խոսքը նավթի, բնական գազի մասին է: Առաջիկա 25 տարիների ընթացքում Թուրքիան պետք է դառնա էներգամիջանցք Եվրոպայի համար: Այդ իմաստով Ադրբեջանի համագործակցությունը շատ կարեւոր է»,- ասաց նա: Մեր հարցին, թե հայ-թուրքական արձանագրությունների չստորագրման պատճառն արդյո՞ք ԼՂ-ի խնդիրն էր, եւ արդյո՞ք կարելի է ասել, որ մինչեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առկա խնդիրը չլուծվի, սահմանը չի բացվի, Ֆերհատ Բարաթովը պատասխանեց. «Թուրքիան շատ լավ գիտի, որ Լեռնային Ղարաբաղի հարցը համալիր հարց է: Մոտ ապագայում հիմնախնդիրը չի լուծվի: Կարծում եմ` բավական երկար ժամանակ կպահանջվի: Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում շատ պարզ է` Հայաստանը պետք է պատրաստակամություն հայտնի 7 շրջաններից նվազագույնը մեկը ազատելով: Դա արդեն քայլ կլիներ»։ Նա նաեւ անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին: Նրա գնահատմամբ` Մինսկի խմբի «սեղանին» եւս կա Հայաստանի կողմից «պատրաստակամորեն մեկ շրջան ազատելու մասին հարցը»: Նրա ասելով` Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը եւս այդպիսի պահանջ են դրել, եւ Ռուսաստանն է, որ Թուրքիային խոստացավ նման հարցի զարգացում: «Իրականում Ռուսաստանն էր, որ Թուրքիային խոստացել էր հարցը զարգացնել այդ կերպ»,- ասաց նա:
Ստամբուլ-Երեւան