Թվում է` Ցեղասպանության թեմայով ամեն ինչ վաղուց ասված է: Այսօր էլ ելակետային ինֆորմացիան, ըստ էության, նույնն է, սակայն փոխվում է մեր վերաբերմունքը 96-ամյա վաղեմության դեպքերին: Ցեղասպանության ճանաչման գործընթացին «թարմություն» է տալիս սպորտային հետաքրքրության էլեմենտը` կարտասանի՞ ԱՄՆ նախագահը «ցեղասպանություն» եզրը, թե՞ չի արտասանի:
Պարապությունը, ծուլությունն արդարացնելու համար սկսել ենք բանավոր խոսքին գերբնական հատկություններ վերագրել: Այդպես. տակավին վերջերս ՀԱԿ-ը ՀՀ նախագահից պահանջեց պաշտոնական հավաստիացում` Մարտի 1-ի դեպքերի բացահայտման թեմայով: Նախագահն էլ չուշացրեց. պաշտոնապես հավաստիացրեց, ավելին` ակնկալեց, որ «նոր թափ եւ ընդգծված ակտիվացում» կհաղորդվի գործին: Ավելորդ է ասել, որ թե՛ ընդդիմությունը, թե՛ հասարակությունն ու, առավել եւս, երկրի նախագահը վստահ են, որ ոչինչ նոր չի բացահայտվի այս գործում: Կարեւորը` բանավոր հավաստիացումներն են, եւ կողմերն այլեւս հանգիստ են` յուրաքանչյուրն իր դաշտում երկարաձգեց ոչինչ չձեռնարկելու եւս մեկ հրաշալի հնարավորությունգ Երբ երկրի նախագահը բարձր ձայնով (որ լսվի նաեւ հեռավոր Ամերիկայում) նշում է, թե ինքն ակնկալում է, որ ԱՄՆ-ը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, պետք է հիմնավորի, թե հատկապես ինչո՞ւ է ակնկալում: Քաղաքական պահանջների, ծրագրերի ենթատեքստում աշխարհից Ցեղասպանության ճանաչում պահանջելն իմաստավորվում է: Այդ ծրագրից դուրս` ամեն ինչ վերածվում է թույլ հոգոցների, որոնք ժամանակի ընթացքում մարում են: Մենք` ՀՀ քաղաքացիներս, պատկերացնո՞ւմ ենք, թե ի՞նչ ենք ուզում եւ ինչո՞ւ: Բարոյական հարթությունում` գուցե: Իսկ մի փոքր այն կո՞ղմ: Նման պայմաններում, երբ երկիրը չի պատկերացնում քայլերի հաջորդականությունը` գոնե երկու քայլի մակարդակով, մեզ պարզապես անհրաժեշտ է, որ աշխարհում իրավիճակն այնպես դասավորվի, որ ԱՄՆ-ին ձեռնտու չլինի արտաբերել «ցեղասպանություն» եզրը: Քանի որ պարզ է, ինչպես լույս` մենք չգիտենք` ի՞նչ անել մեր ցեղասպանության հետ: Հետեւաբար` շատ հնարավոր է, որ ԱՄՆ-ի ճանաչման դեպքում մենք պարզապես կփոշիացնենք մեր այդ վերջին շանսը, որը գրագետ, լուրջ ղեկավարների, հավաք հասարակության դեպքում` կարող է աշխատել հօգուտ մեր երկրի: Համազգային աղետը մտածող մարդուն պիտի որ կանգնեցնի անհրաժեշտության առաջ` անդրադառնալ աղետի պատճառներին եւ հետեւանքներին: Մեր դեմոգրաֆիկ վիճակը, դատարկվող երկիրը պահանջատիրության տրամաբանությունն անհասկանալի են դարձնում: Բարոյական, հոգեւոր այն պաշարը, որ կուտակվել էր տասնամյակներով եւ դրսեւորվեց 88-ին, շատ արագ մաշեցրինք: Ունենք թույլ պետություն, թույլ առաջնորդներ: Եվ այս պարագայում մեր հայրենակիցների մեծ մասն իրեն թույլ է տալիս չկաշկանդվել հայրենիքի հանդեպ որեւէ պատասխանատվությամբ: Իրադրությունն ու մարդկային թույլ բնությունը ստիպում են մեզ ձգտել ավելի հարմար, բարենպաստ միջավայր: Յուրաքանչյուրի անհատական բարեկեցությունը թանկ է դարձել Հայրենիքից: Եվ մարդիկ հանգիստ խղճով հեռանում են Հայաստանից` անկեղծորեն մխիթարվելով, թե իրենք հերթական դեսպանն են, ով կարող է իր նպաստը բերել դրսում Ցեղասպանության ճանաչման գործում: Եվ հետո, ոչ պակաս կարեւոր հիմնավորում` «Եվրատեսիլին» կքվեարկեն Հայաստանի ներկայացուցչի օգտին: Հայաստանից հեռացողները վստահ են, որ Սփյուռքում անպայման կպահպանեն իրենց ինքնությունը` կիրակի օրերին եկեղեցի կգնան, հայկական դոլմա կպատրաստեն: Իրենց երեխաներին ու թոռներին անպատճառ կիրակնօրյա հայկական վարժարաններ կուղարկեն, ճիշտ խաչակնքել կսովորեցնեն: Կարճ ասած` ամեն կերպ կդիմադրեն ուծացմանը: Ինչ խոսք, ձուլումից փրկվելու անփոխարինելի դեր ունեն հատկապես Ռուսաստանի հայկական համայնքներում պարբերաբար կազմակերպվող նարդու փառատոները: Իսկ համաեվրոպական մարզական միջոցառումները, Կրեմլի դահլիճում եւ ԱՄՆ-ում կազմակերպվող շոու ծրագրերն անասելի նպաստում են մեր համայնքների կշռի բարձրացմանը տվյալ երկրում: Եվ, ի վերջո, լինենք արդար` անգամ հոգեվարքի մեջ գտնվելով` «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնն իր միայն անվանումով արդեն հոգեբանական լուրջ արգելք է` ինքնությունը չկորցնելու համար: Իսկ եթե լուրջ` ուծացումն օրինաչափ է նույնքան, որքան այն, որ ձմռանը հաջորդում է գարունը:
Թույլ տալ, որ բնակչությունը տարհանվի` գյուղ առ գյուղ, եւ տարածքային պահանջ ներկայացնել, թող որ` պատմականորեն քո՛ տարածքների, 21-րդ դարում լուրջ չէ: Աշխարհում հողի յուրաքանչյուր քառակուսի մետրը տեր ունի: Ընդ որում` հոգատա՛ր տեր: Կարո՞ղ ենք մենք տեր կանգնել նոր տարածքների, երբ անմշակ են մեր հողերը, կիսադատարկ են գյուղերը, բնակեցված չեն անգամ ազատագրված տարածքները: Այն, ինչ կատարվել է 1915-ին, ոչ միայն համազգային, քաղաքակրթական աղետ է: Աշխարհն ունի այդ աղետին դիմակայելու միայն մեկ միջոց` ցեղասպանության ճանաչումը: Ավելին ակնկալել հնարավոր չէ: Նույն խնդիրն ունենք մենք` հայերս` ճանաչել մեր ցեղասպանությունը: Այսինքն` հասկանալ եւ գրագետ եզրակացություն անել: Մասնավորապես ա՛յդ աղետին դիմակայելու մեր միակ գործիքը հոգեւոր դիմակայությունն է: Իսկ թե ինչ է դա, կարելի է տեսնել Ճապոնիայի օրինակով: Երբ ատոմակայանում աշխատում են կամավորներ, ովքեր գիտակցված մահվան են գնում, երբ ճապոնացի գյուղացիները չեն լքում իրենց հողերը` ավելի անվտանգ եւ հարմար տեղ հաստատվելու համար: Հոգեւոր դիմակայությունն ամենաարդյունավետ միջոցն է աղետը հաղթահարելու համար: Ամեն դեպքում, այն թույլ չի տալիս կորցնել դեմքը, բանականությունը:
Մենք անվերջ կենտրոնացած ենք կորցրածը վերադարձնելու գաղափարով: Անգամ` մարմաջով: Իսկ երազանքն ու սեւեռուն միտքը տարբեր հարթություններ են: Մինչ ակնկալում ես ստանալ Ամբողջը, կորցնում ես Մասերը:
Կիրակի օրն Ապրիլի 24-ն է: Քրիստոսի հարության եւ Հայոց եղեռնի նահատակների հիշատակի օրը:
Քրիստոս հարյավ ի մեռելոց: Ձեզ եւ մեզ մեծ ավետիս: