Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչները Էջմիածնի էլցանցից նախազգուշացման թերթիկներ են ստացել, որում նշված է, թե իբր էլեկտրաէներգիայի պարտքեր ունեն կուտակված (ընդ որում` խոշոր) եւ 5 օրվա ընթացքում չվճարելու դեպքում «հարցը կլուծվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»: Ամբողջ Գայ գյուղը, ըստ Էջմիածնի էլ.ցանցի` 45 մլն դրամի էլեկտրաէներգիայի պարտք ունի: Իսկ թե դա ի՞նչ պարտք է` որեւէ մեկը տեղյակ չէ: Բանն այն է, որ բնակիչներն ամեն ամիս բարեխղճորեն վճարում են իրենց ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց, եւ վստահեցնում են, որ եթե իրենք նույնիսկ մեկ օր ուշացնեն վճարը, ապա անմիջապես կհոսանքազրկվեն: Եվ նման նախազգուշացման թերթիկները ստանալուց հետո Գայ գյուղի բնակիչները հավաքվել ու գնացել են Էջմիածնի էլցանց` իրենց բողոքն արտահայտելու համար: Սակայն, ինչպես միշտ, նրանք որեւէ պարզաբանում չեն ստացել: Գյուղացիները նույնիսկ պահել են մի քանի տարվա վճարումների կտրոնները, որոնք վկայում են, որ իրենք ոչ մի պարտք էլ չունեն: Ապրիլի 21-ին Գայ գյուղի բնակիչները ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մոտ բողոքի ցույց են արել` պահանջելով բացատրել, թե ինչ պարտքերի մասին է խոսքը: Նախարարությունից նրանց խոստացել են, որ կստեղծվի հանձնաժողով, որը պետք է երեկ մեկներ գյուղ եւ տեղում ուսումնասիրեր խնդիրը: Իսկ երեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն է նամակ հղել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին` պարզելու, թե որտեղի՞ց են գոյացել Գայ գյուղի բնակիչների էլեկտրաէներգիայի հսկայական պարտքերը: «Ակնհայտ է, որ էլէներգիայի դիմաց փողը վերցրել են եւ իրենց գրպանն են դրել, հսկայական շահույթներ են ստացել` ժողովրդի փողերը չվճարելով»,- երեկ լրագրողների հետ զրույցում ասել է Ա. Բախշյանը` խոստանալով պատասխան, ուշանալու դեպքում հարցը բարձրացնել ԱԺ առաջիկա քառօրյայի ընթացքում: