Գոհարն ու Գարուշն ապագայի հանդեպ այնքան երազանքներ ունեն, որ անվերջ թվարկելով` մի տեսակ չեն դադարում մանկական հրճվանքով խոսել վաղվա օրվա անելիքների մասին. «Ես պիտի պարի գնամ, բայց համ էլ բժշկուհի եմ դառնալու, որ տատիկներիս բուժեմ: Պիտի նկարել սովորեմ, դրա համար մամայիս ստիպում եմ, որ ինձ պարի խմբակ տանի: Հետո, երբ որ դպրոց գնամ` պիտի շատ-շատ լավ, գերազանցիկ սովորեմ, որ լավ մարդ դառնամ»,- ասում է Գոհարը, ում խոսքն ընդհատելով միջամտում է եղբայրը` ասելով, որ ինքն էլ շատ երազանքներ ունի, բայցգ «Ես մամայիս ու պապայիս նման չեմ, ես ինչ ասում եմ` պիտի անեմ: Իրանք ասում են, որ հես ա շինական (շինարարություն) ենք անելու, տուն ենք սարքելու, որ հանգիստ ապրենք, բայց խաբում են ու չեն սարքում: Դրա համար էլ չեմ ուզում ստեղ մնամ, ուզում եմ մանկապարտեզ գնամ»,- խիստ տոնով, «տղամարդավարի» բարկանալով` ասում է 4-ամյա տղան ու մորը կշտամբում է, որ մանկապարտեզից շուտ է իրեն տուն բերել: Գոհարն ու Գարուշն ամիսներ շարունակ վարձավճարի պատճառով մանկապարտեզ չեն հաճախել, քանի որ ծնողները մի քանի ամսվա վարձի պարտքեր են կուտակել:
«Երբ մանկապարտեզները դարձան անվճար` երեխեքիս ուրախությանը չափ չկար: Տանում էի մանկապարտեզ, ասում են` մամա, արդեն փող ունե՞նք, որ գնում ենք մանկապարտեզ»,- ասում է նրանց մայրը` Մարինեն, ում դեմքին, ինչպես նաեւ` մարմնի որոշ հատվածների վրա խորը սպիներ կան: «Առաջ առեւտրով էի զբաղվում, ձմռանը ցրտահարվել եմ, դեմքս, ձեռքերս լրիվ անզգայացավ»: Մարինեի չորս երեխաներից ավագը սովորում է Մանկավարժական ինստիտուտում, ով, սակայն, 250.000 դրամ վարձը չվճարելու համար հավանաբար ուսումը կթողնի. «Ինքն իր ուժերով ընդունվել ա, հավատացեք, որ շատ խելացի երեխա ա: Ճիշտն ասած` ամեն ամիս տատիկներն իրենց թոշակը կցմցում- տալիս են, որ հավաքի, ինստիտուտի վարձը տա, բայց դե` 20.000` մի տատիկի, 21.000 էլ` մյուս տատիկի թոշակներով չենք կարող էդքան գումարը վճարել: Երկու տատիկներն էլ հիվանդ են, իրենց համար դեղորայք չեն գնում, տալիս են, բայց»: Բայց Վարդանանց 125 հասցեի անտանելի պայմաններում ապրող, բազմամարդ այս ընտանիքում աշխատունակներն աշխատանք չեն գտնում, իսկ հիվանդներն աստիճանաբար կորցնում են ապրելու վաղվա հույսը:
66-ամյա Ռիմա Նիազյանն, արդեն քանի տարի է, ապրում է երկու աղջիկների` նրանց ամուսինների եւ երեխաների հետ: «Երկուսին էլ ամուսնացրի, ամեն ինչ նորմալ էր, մենք էլ վատ ապրած մարդիկ չենք: Բայց դժբախտությունը դժբախտության ետեւից եկավ, ու ո՞նց տեղ չտայի տանս մեջ, երեխեքս են»,- ասում է տիկին Ռիման, ում տանը ներկայումս ապրում է տասներկու հոգի: Տարիներ առաջ Մարինեն ու ամուսինը վաճառել են Մասիսում գտնվող իրենց բնակարանը` սկեսրոջ առողջական վիճակը բարելավելու համար: Ասում է` սկզբում հիվանդանոցում բուժվելու համար 1500 դոլար տոկոսով գումար են վերցրել, այնուհետեւ տոկոսն այնքան է կուտակվել, որ ստիպված բնակարանն են վաճառել. «Սկեսուրս շատ ծանր հիվանդություն ունի: Սկզբում բրոնխիալ ասթմա էր, հետագայում` թոքախտ էին կասկածում: Մի բրոնխը հեռացրեցին, հետո նորից վիրահատություն էին ուզում անել: Հիմա չի կարողանում շնչել, ամբողջ գիշեր խեղդվում ա: Հիվանդանոցներին էնքան փող տվեցինք, որ հետո ստիպված տունը վաճառեցինք, որ պարտքերը տանք: Մի քանի տարի վարձով ապրեցինք, բայց անհնար էր, չէինք կարողանում տան վարձ տալ: Մաման ասեց` եկեք էստեղ»: Մարինեն ներկայումս բոլոր դռները թակում է աշխատանք գտնելու համար, սակայն ասում է, որ անգամ հավաքարարի աշխատանքի համար հատուկ պայմաններ են անհրաժեշտ։ «Մի տեղ դիմեցի, ոնց որ թե պիտի ընդունեին: Որոշ ժամանակ անց կանչեցին, բա թե` երեխա ունե՞ս: Ասում եմ` այո: Ասացին` ուրեմն` չենք կարող ձեզ ընդունել: Ասում եմ` բայց ինչո՞ւ, եթե երեխա չունենայի` էս տարիքիս հավաքարարի աշխատանք կխնդրեի՞գ չընդունեցին»,- պատմում է չորս երեխաների մայրը: Նա, եթե պատահի, մեծահարուստների տներ է մաքրում, որպեսզի մի քանի հազար դրամ վաստակի: Ամուսինը տաքսի ծառայությունում էր աշխատում, սակայն վերջերս վթարի է ենթարկվել: Եվ բացի այն, որ կորցրել է աշխատանքը, պիտի վճարի նաեւ տաքսի ծառայության ավտոմեքենայի վերանորոգման ծախսերը: «Ախր շատ անելանելի դրություն է: Ամբողջ օրը հայտարարում են, թե երկրի վիճակը բարելավվում է, բայց հասկանո՞ւմ եք, որ անգամ բանվորի ու հավաքարարի աշխատանքի հերթ է: Մենք շատ աշխատասեր մարդիկ ենք, բայց արի ու տես` գործազրկությունից արդեն առողջություն ենք կորցնում»:
Մարինեի քույրը` Մարգարիտը, նույնպես տեւական ժամանակ է, ինչ երեխաների հետ ապրում է մոր տանը: Երեք երեխաներից 23 տարեկան Կառլենը հոգեկան հիվանդություն ունի եւ տարվա մեջ երկու անգամ բուժման կուրս է ստանում: Եղանակի փոփոխության հետ մեկտեղ` այս երիտասարդի հիվանդության սրացում է արձանագրվում, եւ այդ դեպքում նա դառնում է անկառավարելի: «Ճիշտն ասած` դե, տեսնում եք մեր պայմանները: Սա էն հիվանդություններից է, որ ամեն վայրկյան ուշադրություն է պահանջում: Փոքր երեխաներ կան տան մեջ, ընդհանուր սենյակ է ու ամենավտանգավոր բանն էլ կարող է լինել, շատ եմ վախենում»,- ասում է Մարգարիտը: Շաքարային դիաբետով հիվանդ այս կինն ամեն րոպե հետեւում է որդու գործողություններին, որպեսզի մի նոր դժբախտություն չկատարվի: «Գիտե՞ք, մենք բավականին լավ ենք ապրել, բիզնես ենք ունեցել: «Բարեկամության» գետնանցումում փոքրիկ կրպակ ունեինք, բայց պետական հարկերն էնքան շատ էին, որ չկարողացանք տակից դուրս գալ: Հարկերը կուտակվեցին, հետո էլ տոկոսներ ավելացան, ու մեծ գումարների պարտքի պատճառով մենք էլ վաճառեցինք տունը: Անշարժ գույքի գներն էլ անկանխատեսելի են` մեկ բարձրանում, մեկ իջնում էին: 8000 դոլար ունեինք, բայց տուն չկարողացանք գնել: Արդեն մի ամիս կլինի` ամուսինս մեկնել է ռուսաստաններ, բայց հույս չկա, թե ամեն ինչ լավ կլինի: Ճիշտն ասած` ոչ տեղը գիտեմ, ոչ էլ գիտեմ` ինչով է զբաղվում»,- ասում է Մարգարիտը` վստահեցնելով, որ ամուսնու մեկնումից հետո նրանից տեղեկություն չունի: Երկու քույրերն էլ ներկայումս երեխաների հետ պատսպարվելով մոր տանը` չեն կարողանում գտնել այն ձեւը, որով կարելի է ընտանիք պահել: «Հասկանո՞ւմ եք, չորս երեխա ունեմ, բազմազավակ մայր եմ, հրաշալի, դաստիարակված երեխաներ եմ մեր պետությանը տալիս, բայց ախր պետությունը գոնե պետք է հնարավորություն տա, որ աշխատենք»,- ասում է Մարինեն` նեղսրտելով, որ օրեր են լինում, երբ երեխաները քաղցած են գիշերում: Բազմիցս դիմել է Երեւանի քաղաքապետարան` խնդրելով փոքրիկ աջակցություն ցուցաբերել, որով կկարողանան մոր տան սենյակում պատ շարել եւ առանձին ապրել: «Ախր մեր ղեկավարները պիտի հասկանան, որ ինչքան էլ ասում են, թե ամեն ինչ լավ է, տնտեսությունը զարգանում է, մարդկանց ապրելակերպը լավանում է` իրականում ճիշտ հակառակն է: Անելք վիճակ է, ու մեզ նման շատ մարդիկ կան, որոնք բարձրանալու փոխարեն` ընկնում են: Մենք բոմժեր չենք, մեր երեխաները կիրթ ու դաստիարակված են, նորմալ ընտանիքներ ենք, բայց աշխատելու, ապրելու ճանապարհները փակված են: Տղամարդիկ քոչում են ռուսաստաններ, իսկ կանայք ու երեխաներն էստեղ սովամահ են լինում»,- զայրույթից շնչահեղձ լինելով` ասում է Մարինեն:
Գոհարի ու Գարուշի համար մեծերի խոսակցությունն այնքան անհետաքրքիր է, որ վայրկյան առաջ ուզում են բակ դուրս գալ: Դժգոհում են մանկապարտեզից շուտ տուն գալու համար, որովհետեւ այնտեղ կյանքը գունավոր է, հետաքրքիր, իսկ տանը բոլորը հոգնած ու նյարդային են: Այս փոքրիկները գոնե մանկապարտեզում կարողանում են երազանքների մեջ ապրել ու հավատալ, որ կյանքն ավելի բազմերանգ է, քան իրենց գորշ, խոնավ ու ցուրտ տան պատերը: