Աստղաբան, էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանի կանխատեսումներով, մայիս ամսին խոցելի կլինեն քաղաքական գործիչները, ինչպես նաեւ` այդ ամսին հարվածի տակ կլինի տրանսպորտը, բարձր տեխնոլոգիաները, իսկ տարերային աղետների համար վտանգավոր է հունիսի 22-ը. հավանական է, որ այդ օրը ցունամիներ եւ ջրհեղեղներ լինեն: Նրա վերոնշյալ կանխատեսումները կապված են աստղերի դիրքի հետ: Նրա դիտարկմամբ` այդ ժամանակաշրջանում քաղաքական գործիչները կարող են շտապողաբար որոշումներ կայացնել, որոնց հետեւանքները հնարավոր է` վատ լինեն:
Ըստ նրա` այդ ընթացքում մեծ է նաեւ վթարների, համակարգչային տեխնոլոգիաների խափանման հավանականությունը: Գ. Հովհաննիսյանի խոսքով` արեգակնային պտույտի մեջ այժմ մենք գտնվում ենք ցլի շրջանում, ինչը կապված է հնագույն աստված Տորքի հետ, իսկ Տորքը բնորոշում է կամքի ուժը, խոչընդոտների հաղթահարումը: Տորքի շրջանն ունի երկու հատված` կամային ուժերի արտահայտման եւ դիպլոմատիկ գործունեության շրջան: Նրա կանխատեսմամբ` մայիսի 6-21-ին սկսվում է կտրուկ դիպլոմատիկ շրջանը, որտեղ կարեւորվելու է խոսքը եւ ինֆորմացիան. «Եթե ճիշտ օգտվենք այդ ժամանակաշրջանից, ապա կունենանք մեծ հաջողություններ»,- ասել է Գ. Հովհաննիսյանը:
Ի դեպ, նրա փոխանցմամբ` Զատիկը վախերից ազատվելու լավագույն օրն է։ «Զատիկը կանացի ուժ ունի իր մեջ, եւ այդ ուժը մարդը կարող է օգտագործել ազատվելու վախերից, մեղքերից, կոմպլեքսներից»,- ասել է նա` հավելելով, թե երբ Լուսինը 1-15 օրական է լինում, ապա դա լավագույն շրջանն է վախերից, սթրեսներից եւ բարդույթներից ազատվելու համար: Իսկ ապրիլի 19-29-ն ընկած ժամանակահատվածը լավագույն շրջանն է, որպեսզի մարդը կարողանա ինքն իրեն տիրապետել, ազատվել իրեն հուզող վախերից ու տագնապներից: