«32 ատամ» ակումբի շիկահեր Զառան վստահեցնում է, որ իրական կյանքում ինքը բացարձակապես չի համապատասխանում «Երեւան» նախագծում իր մարմնավորած կոլորիտային, ծիածանի բոլոր գույներով շպարված եւ շենքի բամբասանքների մեջ «թաղված», միայն աղջիկներ լույս աշխարհ բերող Ռուզիկի կերպարին: Առաջին իսկ «փորձից» տղա է ունեցել, իսկ բամբասել ընդհանրապես տանել չի կարողանում: Իրականում Զառան իր կերպարի հակապատկերն է` անգամ մարմնի կառուցվածքով: Չնայած նրան, որ ընդամենը 2,5 ամիս առաջ է մայրացել, Զառան այնքան է նիհարել, որ իր կերպավորած Ռուզիկի հազիվ կեսն է: Զառայի ասելով` ինքը շպարվում է միայն այն դեպքում, երբ պետք է ներկայանա հանրությանը: Մեր հարցազրույցի ընթացքում, թվում էր, թե որոշ հարցերի նա վերաբերվում է իբրեւ բամբասանքի միջոցով նորություն կորզելու ցանկության: Սկզբից մի պահ լռում էր` հասկանալու համար հարցի ենթատեքստը, հետո` պատասխանում: Նշենք, որ Զառան հնարավորինս անկեղծ էր իր պատասխաններում: Ի դեպ, նա հարցազրույցի եկել էր 2,5 ամսական որդու` Նոյի հետ:
– Անկեղծ ասած` մեղքի զգացողություն ունեմ, քանի որ այս հանդիպման պատճառով ստիպված փոքրիկի հետ ես եկել խմբագրություն:
– Իզուր եք անհանգստանում, սա Նոյի առաջին հարցազրույցը չէ, չնայած` ընդամենը 2,5 ամսական է: Քառասուն օրը դեռ չլրացած, մենք միասին գնում էինք նկարահանումների: Նա հանգիստ կարող է քնել աղմուկի մեջ, մարդաշատ վայրերում նա երբեք չի լացում: Ես սիրում եմ որդուս եւ որոշել եմ` ավելորդ «չդողալ» եւ այնպես անել, որ նա կոփված մեծանա: Ինձ օգնողներ ունեմ` եւ մայրս, եւ սկեսուրս միշտ պատրաստակամ են, սակայն ես եւ ամուսինս որոշել ենք` անգամ որոշ հարցերում թերանալով, ինքնուրույն մեծացնել մեր բալիկին: Ավելի լավ է այսպես, քան երեխային թողնել տանը ինչ-որ մեկի մոտ եւ անհանգստությունից փշերի վրա լինել ողջ օրը:
– Մայրական ինքնավստահությունդ գովելի է, սակայն, չե՞ս կարծում, որ այս տարիքում երեխային խորհուրդ չի տրվում չափազանց մարդաշատ վայրերում լինել` խոցելի շրջան է:
– Խոցելի շրջանն արդեն անցել է: Այն բոլոր վատ իրավիճակները, որոնք կարող էին լինել երեխայի հետ, արդեն անցյալում են: Դեմ եմ երեխային բամբակի մեջ պահելուն: Հիվանդանոցից տուն բերելու առաջին իսկ օրվանից ինքնուրույն եմ մեծացնում բալիկիս: Սկեսուր մայրիկս գիտի, որ ես կենդանիներ շատ եմ սիրում: Երբ հղի էի, ասում էր. «Երբ երեխան ծնվի, կիմանաք, թե որքան դժվար է: Երեխան շուն չի, նրան շատ լուրջ խնամք է անհրաժեշտ»: Ես ասում էի, որ հասկանում եմ, որ հեշտ չի լինելու, սակայն ուզում եմ ինքնուրույն մեծացնել փոքրիկին:
– Ամուսնությունից հետո հանկարծակի վրա հասած կենցաղային խնդիրները, որոնց հետ աղջիկներից շատերը նախքան ամուսնությունը չեն էլ առնչվում`շնորհիվ ընտանիքի բեռն իր ուսերին վերցրած մայրերի, խոսակցությունների թեմա են դառնում նորաստեղծ ընտանիքում: Որքանո՞վ էիր դու պատրաստ ընտանեկան կյանքին, հատկապես, եթե որոշել էիր ամեն ինչ ինքնուրույն անել:
– Ամուսնությունն ինձ վրա միայն դրական ազդեցություն ունեցավ: Տարրական հարցերում, որտեղ ես շատ անգամ զլանում էի եւ չէի հասցնում նախքան ամուսնությունը, այժմ, ասես, երկրորդ շունչ է բացվել իմ մեջ, եւ ես հասցնում եմ անել այն ամենը, ինչ ծրագրում եմ: Երեխան ինձ նոր ուժ է տվել: Չեմ թաքցնում, որ կան հարցեր, որոնց մեջ ես թերանում եմ` զուտ անփորձ լինելու պատճառով, սակայն դա դեռ չի նշանակում, որ ժամանակի հետ ես ավելի հմուտ չեմ դառնա:
– Եթե չեմ սխալվում, ամուսինդ իր ծնողների միակ որդին է: Որքանո՞վ է հեշտ նրա մոր համար ապրել հեռու` առանց միակ որդու, եւ առավել եւս` նոր աշխարհ եկած թոռնիկի:
– Նա հեռու չէ ո՛չ որդուց, ո՛չ էլ թոռնիկից: Սկեսուրս հաճախակի է մեզ այցելում, միշտ պատրաստակամ է օգնելու ինձ` եւ՛ կենցաղում, եւ՛ փոքրիկի հարցում:
– Ռուսական ասացվածք կա` «Եթե խոհանոցում միանգամից երկու կին է, ուրեմն սպասեք պատերազմի»: Յուրաքանչյուր կին իր էությամբ մշտապես ցանկանում է, որ իր տանն ամեն ինչ լինի իր պատկերացումների համաձայն: Չե՞ս սիրում, որ քեզ վերահսկում են: Դա՞ է առանձին ապրելու պատճառը:
– Տանել չեմ կարող, երբ փորձում են ինձ վերահսկել: Բախտս բերել է` սկեսուր մայրիկս վերահսկող մայրերից չէ: Նա ամբողջությամբ ռուսական, ազատ մոտեցում ունի կյանքի հանդեպ: Նա անգամ իր որդուն երբեք չի վերահսկել նախքան ամուսնությունը, առավել եւս, չի արել դա ամուսնությունից հետո: Նա որդուն լիակատար ազատություն է տվել` վստահ լինելով որդու ողջամտության վրա: Նա նման չէ մեր հայկական կպչուն մայրերին: Նրա համար կարեւորն այն է, որ որդու կողքին լինի սիրող եւ նվիրված կին: Եվ դա այդպես է:
– Սակայն, նայելով քեզ, ենթադրվում է, որ այսպես շարունակվելու դեպքում շուտով դու նույնպես կդասվես կպչուն մայրերի շարքին:
– Հնարավոր է: «Երբեք մի ասա` երբեք» ասացվածքը շատ իմաստուն է: Ես երբեք չէի կարող պատկերացնել, որ հնարավոր է միաժամանակ եւ՛ երեխա պահել, եւ՛ կենցաղով զբաղվել, եւ՛ աշխատանքի գնալ, եւ այս ամենի հետ մեկտեղ` լինել ներկայանալի, խնամված տեսքով: Ասացի` երբեք, սակայն ամուսնանալով` հասկացա, որ գոյություն ունի միայն` «Պետք է, ուրեմն` կարող ես» հասկացությունը: Հնարավոր է, որ ես եւս դառնամ կպչուն մայր` ժամանակը ցույց կտա:
– Ձեր ամուսնական արարողության ժամանակ Նոյը, կարելի է ասել` ներկա էր:
– Այո, նախքան պսակադրությունը ես ու ամուսինս արդեն ապրում էինք միասին, սակայն այդ ժամանակ մենք արդեն ԶԱԳՍ-ով ամուսնացած էինք: Եվ մեր պսակադրության ժամանակ ես կրում էի որդուս սրտիս տակ: Մենք երեքով էինք, եւ դա հրաշալի էր:
– Իսկ դու ներկա՞ էիր, երբ տեղի ունեցավ «32 ատամ» ակումբի տղաների բաժանումը, ինչի արդյունքում նրանց մի մասը ստեղծեց նոր` «Vitamin» նախագիծը, որը բավականին մեծ հաջողությունների հասավ շատ կարճ ժամանակահատվածում:
– Քանի որ ես խմբի միակ աղջիկն էի, երբեք ներկա չեմ եղել տղաների ժողովներին: Ի՞նչ գործ ունի աղջիկն այնտեղ, որտեղ վիճում են տղաները: Ես միշտ ցանկացել եմ փորձել ուժերս ակումբից դուրս եւս: Դա պատճառ հանդիսացավ, որ համաձայնեմ մասնակցել «Երեւան» ծրագրում` նոր կերպարով:
– Հեռուստադիտողն արդեն գիտի, որ եթե մի դեմք է հայտնվել կոնկրետ ալիքի եթերում, նշանակում է, որ նրան շուտով կտեսնենք այդ հեռուստաընկերության բոլոր նախագծերում: Ձանձրալի է:
– Անկեղծ ասած, ինձ բացարձակ դուր չի գալիս այն լճացումը, որն առկա է գրեթե բոլոր հեռուստաալիքներում: Չգիտես ինչու, բոլորը նույն մարտավարությունն են ընտրել` եթե մասնակցում ես այսինչ հեռուստաալիքի որեւէ նախագծում, ապա իրավունք չունես ներկայանալ մեկ այլ հեռուստատեսության նախագծերում: Ասես գերի են վերցնում իրենց մոտ: Ես չեմ կարող արդարանալ, քանի որ գտնվում եմ այդ նույն համակարգում եւ այդ իրականության մասն եմ կազմում: