Բուժիչ նամակներ

22/04/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Ցորենի հատիկի արժեքը

Մարդու սննդի հիմնական մասը կազմում է ցորենը։ Ցորենի հատիկից ստանում են ալյուր, ձավար, սպիտակաձավար, սպիրտ, օսլա, սնձան (սպիտակուցային նյութ)։ Սաղմից ստացվում է յուղ։ Հետաքրքիր է իմանալ, թե ինչպիսի բաղադրություն եւ բուժիչ հատկություններ ունի ցորենի հատիկը, մշակումից հետո ստացվող թեփը, դրա սաղմը, կանաչ ծիլերը եւ այլն։ Ցորենի հատիկն օգտագործվում է լիովին, դրա մեջ պարունակվող բոլոր տարրերը բնորոշ են մարդու օրգանիզմին եւ ներկայացնում են բարձր սննդային արժեք։ Թեփը պարունակում է B1, B2, PP, B4, B5, B6, B9, D, E վիտամիններ, կալիումի, մագնիումի, ֆոսֆորի, երկաթի հանքային աղեր, բջջանյութ, բազմաթիվ այլ օգտակար տարրեր` յոդ, սելեն, ցինկ, քրոմ, կոբալտ, մարգանեց, պղինձ, մոլիբդեն, ինոզիտ։ Թեփը ցորենի աղալուց հետո ալյուրից զատված մնացորդն է։ Դրա մեջ է կուտակված ցորենի հիմնական բուժիչ հատկությունը, այն ոչ միայն նպաստում է մարսողությանը, այլեւ հանում է օրգանիզմից ծանր մետաղները, ռադիոնուկլիդները, թունավոր նյութերը։ Այն խոշոր է աղացած, սակայն լիովին յուրացվում է օրգանիզմում, ուռչում է ստամոքսում եւ նվազեցնում սովի զգացումը։ Թեփն օգտակար է գեր մարդկանց, այն օգտակար է նաեւ հյուծված մարդկանց, քանի որ բարձր քանակության B1 վիտամինը նպաստում է սպիտակուցի յուրացմանը, օգտակար է վահանաձեւ գեղձին։ Բարձր քանակի բջջանյութի շնորհիվ` թեփն արագացնում է խոցերի ապաքինումը։

Դեղատոմսեր ցորենի թեփով

Փորկապության դեպքում։ Թրմեք 1 ճ/գ ցորենի թեփը եռջրի մեջ։ Ցորենի թեփը օգտագործեք մածունի, սպասի, ապուրների, կոտլետի մեջ։ Եփեք ցորենի թեփը ջրի կամ կաթի մեջ, մինչեւ շիլա դառնալը։ Օգտակար է շաքարային դիաբետի դեպքում։

Օրգանիզմը մաքրող միջոց։ Թրմեք 10 գ մասուրը 4-6 ժամ ջերմապահում 200 մլ ջրի մեջ, քամեք թանզիֆով, լցրեք թուրմը 200 գ ցորենի թեփի վրա, 2 ժամից քամեք, խմեք օրվա ընթացքում։ Թեփը հնարավոր է թրմել եւս մեկ անգամ։ Կարելի է կատարել երկար ժամանակ։ Օգտակար է ուղեղի արյան շրջանառության խախտման դեպքում։

Շիլա ցորենի թեփով։ Կարճատեւ տապակեք ցորենի թեփը բուսական յուղի մեջ։ Համատեղ եփեք հնդկացորենի ձավարը եւ թեփը եռման ջրում, մինչեւ դառնա շիլայանման, կափարիչով ծածկեք եւ թողեք 1-1,5 ժամ։ Ուտելիս ավելացրեք սոխեռած։

– Շատ օգտակար է թեփի, խնձորի եւ բազուկի խառնուրդը եփված ջեռոցում բանջարեղենային արգանակի մեջ։

– Պատրաստեք կարկանդակներ թեփով, կաթնաշոռով եւ եղինջով։

– Հազի դեպքում։ 1ճ/գ թեփին ավելացրեք 200 մլ եռջուր, տաքացրեք ջրային բաղնիքի վրա մինչեւ եփելը եւ անմիջապես անջատեք։ Գոլանալուց հետո ավելացրեք 1 թ/գ մեղր եւ խմեք օրվա ընթացքում փոքր կումերով։

– Խառնեք ցորենի հատիկները, պատրինջի եւ դաղձի խոտերը (5։1։1)։ Խառնուրդի 7 ճ/գ-ին ավելացրեք 500 մլ եռջուր, եռացրեք 5-10 րոպե ջրային բաղնիքի վրա, թրմեք 8-10 ժամ, քամեք, խմեք օրը երեք անգամ, 100-ական մլ։ Օգտակար է բրոնխների բորբոքման դեպքում։

Հակացուցում։ Թեփը չի կարելի տալ փոքր երեխաներին եւ խոցային հիվանդությունների սրացման դեպքում։

Աճեցրած ցորենի հատիկները պարունակում են 100 գրամի մեջ 850 մգ կալիում, 1100 մգ ֆոսֆոր, 400 մգ մագնիում, վիտամիններ B6-0,72 մգ, B1-1,76 մգ, PP-5,2 մգ, E-1,6 մգ, B9-350 մկգ, B2, B5, B4, H։ Ի դեպ, ծլած ցորենը պարունակում է հացից ավելի շատ քոլին (B4)։ Հասկանալի է, որ մեծ նշանակություն ունի հացի պատրաստման եղանակը։

Ցորենի ծլեցման եղանակները։ Հումքը պետք է լինի հասած, առանց վնասվածքների։ Հարկավոր է մի քանի անգամ լվանալ հոսող ջրի տակ, լավ է թրջել թույլ կալիումի պերմանգանատի լուծույթի մեջ։ Ցորենը փռեք ափսեի մեջ 2-3 սմ շերտով, ջուրը չպետք է անցնի վերին շերտը (նույնիսկ մի փոքր ցածր լինի), վրայից ծածկեք թանզիֆի շերտով այնպես, որ շփվի օդի հետ, իսկ ջերմաստիճանը լինի 20-25։ 2-3 օրից ծիլերը կհասնեն 2-3 մմ, հատիկները պետք է լվանալ։ Օգտագործման հարմարության համար ցորենը մանրացնում են։

Կարելի է ցորենը լցնել քամիչի վրա եւ տեղավորել բաժակին այնպես, որ ջուրը թրջի հատիկների տակի շերտը, ջուրը ամեն օր պետք է փոխել։

Ցորենի ծլած հատիկները օգտակար են բազմաթիվ հիվանդությունների դեպքում, դրանք լայն կիրառում ունեն` ամրացնում են սրտանոթային համակարգը, ներծծում պոլիպները եւ ֆիմրոմաները, հարստացնում արյունը թթվածնով, բարձրացնում դիմադրողականությունը, ունի վարակազերծ հատկություն, պայծառացնում է տեսողությունը, պակասեցնում «վատ» խոլեստերինը, նպաստում երկար, առողջ կյանքին։

Դեղատոմսեր ցորենի ծլած սերմերով

Անպտղության դեպքում: Աճեցրեք ցորենը` մինչեւ ծիլերը դառնան 5-7 սմ, եւ խմեք դրանց հյութը։ Կարելի է խմել չհասունացած ցորենի հատիկների հյութը։ Կանանց անհրաժեշտ է խմել օրը 2 ճ/գ, տղամարդկանց` 4 ճ/գ, միաժամանակ խմեք 60-70 գրամ եղինջի սերմերի թուրմ` քնելուց առաջ (1 թ/գ 200 մլ եռջրի մեջ, 2-3 ժամ թրմեք)։ Պետք է խմեն եւ կինը, եւ տղամարդը։ Կամ` հավաքեք եղինջի չհասունացած սերմերով կանաչ մասը եւ եփեք դանդաղ կրակով ջրային բաղնիքի վրա 40 րոպե (6 ճ/գ չորացրած հումքին ավելացրեք 750 մլ պորտվեյն)։ Խմեք գոլ վիճակում, օրը մեկ անգամ, 2-3 ճ/գ։

Օստեոպարոզի դեպքում: 100 մլ ծավալով լվացած ցորենը խոնավ վիճակում ծածկեք թանզիֆի բարակ շերտով այնպես, որ խոնավությունը պահպանվի։ Երբ երեւան սպիտակ ծիլերը, մանրացրեք ցորենը մսաղացով կամ բլենդերով, ավելացրեք 100 մլ գազարահյութ եւ երկու մանրացրած ընկույզի միջուկ։ Կերեք առավոտյան մաղադանոսի, սամիթի, կաթնաշոռի (50-100 գ) հետ։

Դիմադրողականությունը բարձրացնող միջոց։ Խառնեք 1 ճ/գ ծլած ցորեն, փոքր գազար (քերիչով անցկացրած) եւ 2 թ/գ չզտված բուսայուղ։ Այս միջոցը հարուստ է հակաօքսիդանտ բաղադրիչներով` բետտա-կարոտին եւ վիտամին E։ Վերջինի ազդեցությունն ուժեղացնում է սելենը։

Տեսողությունը լավացնող միջոց։ Թրմեք 1 ճ/գ ծլած ցորենը 200 մլ եռջրի մեջ 12 ժամ։ Քամեք եւ զտեք երկտակ ծալած թանզիֆով։ Օրվա ընթացքում կաթեցրեք 1-2 կաթիլ աչքերի մեջ։ Օգտակար է ուտել 20-30 գրամ ծլած ցորեն` օրվա ընթացքում։

Քսուք մաշկի խնամքի համար: Մինչեւ 6-7 սմ հասած 3 ճ/գ ցորենի ծիլերը քամեք եւ 1 օր պահեք` մինչեւ լրիվ չորանալը։ Թրմեք 2 շաբաթ 300 մլ ձիթապտղի մեջ (ցանկալի է` չզտված) մութ տեղում, սենյակային ջերմաստիճանի տակ` փակ վիճակում։ Քամեք։ Յուղամզվածքով թեթեւակի մերսեք մաշկը, հատկապես օգտակար է աչքերի շուրջը գոյացած մանր կնճիռների դեպքում։ Յուղը հագեցած է կենսաբանական ակտիվ նյութերով։