Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին միացան նաեւ ուսանողները: Երեկվանից արդեն Աբովյան 15 հասցեում, Երեւանի Պետական, Մանկավարժական, Սլավոնական, Ֆրանսիական, «Գլաձոր» համալսարանների եւ Կառավարման ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների նախաձեռնությամբ, գործում է «Հանրային ընդունարանը»:
Եթե հավատանք նախօրեին «Հանրային ընդունարանի» գովազդն ապահոված Հանրային հեռուստաընկերությանն ու ընդունարանը սպասարկող ուսանողներին, այս նախաձեռնությունը մի նպատակ ունի՝ ծանոթացնել սահմանադրական փոփոխություններին՝ բացառելով քարոզչությունը: Իսկ թե ինչու է «Հանրային ընդունարանի» ինտերնետային կայքը կրում «Այո» անվանումը, խորհուրդ են տալիս ուշադրություն չդարձնել: «Ի սկզբանե խնդիր էր դրված այդ գեղեցիկ եւ հինավուրց բառն օգտագործել որպես նշանաբան, հետագայում քննարկումների ընթացքում մենք գտանք, որ եւ՛ իրավական, եւ՛ բարոյական առումներով ճիշտ չէ որեւէ տեսակետ փաթաթել մարդկանց վզին, մենք այդ անվանումը հանեցինք ընդունարանի վրայից, բայց քանի որ կայքն արդեն ստեղծված էր, եւ տեխնիկական հնարավորություններ չկային փոփոխելու, ստիպված անունը նույնը թողեցինք եւ որոշեցինք ուղղակի մեր այցելուներին բացատրել, որ «Այո»-ն դիտարկեն ընդամենը որպես անվանում եւ փորձեն խորանալ բովանդակության մեջ, առաջին հերթին` սեփական տեսակետները ճշգրտելու առումով, երկրորդ՝ խորանալով ողջ գործընթացի մեջ»,- համոզում է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտ Սարգիս Երիցյանը: Ի դեպ, կայքում տեղադրված են հրապարակումներ, որոնք հնարավոր չէ դիտարկել զուտ գեղագիտական տեսանկյունից: Մեջբերեմ մի քանի հրապարակումների վերնագրեր միայն, որոնց մի մասն էլ քաղված է մամուլից. «Սահմանադրական փոփոխություններով արդարադատությունը դառնում է մատչելի եւ կանխատեսելի նաեւ սոցիալապես անապահով անձանց համար», կամ՝ «Եվրոխորհրդարանի նախագահը հանդես է եկել Հայաստանում սահմանադրական փոփոխությունների օգտին», կամ՝ «Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդես է եկել Հայաստանում սահմանադրական փոփոխությունների օգտին», եւ այլն: Դժվար է նաեւ գեղագիտորեն մոտենալ եւ ոչ մի քարոզչություն չտեսնել կայքում բազմիցս հանդիպող այսպիսի բովանդակությամբ տեքստերում. «Նշված փոփոխություններն անառարկելիորեն հավաստում են, որ սահմանադրական բարեփոխումների նախագիծը մի քանի քայլ առաջ է կանգնած գործող սահմանադրությունից»: Իսկ եթե ավելացնենք նաեւ, որ կայքում գործում է առանձին «Ես ասում եմ ԱՅՈ» էջը, բոլորովին դժվար կլինի չմտածել բացահայտ քարոզչության մասին: Հատկապես, որ այդ նույն էջում «Սահմանադրական փոփոխությունները եւ դրանց մեկնաբանությունները» բաժնում կարելի է կարդալ նման մեկնաբանություն. «Ըստ գործող սահմանադրության` Հայաստանը չի ճանաչում երկքաղաքացիությունը։ Կարծում ենք, որ դա ճիշտ չէ մեր ազգի համար, որի 70%-ը ապրում է արտերկրում։ Հայաստանի Հանրապետությունը չպետք է դռները փակի արտերկրում ապրող հայերի համար եւ երկքաղաքացիության ինստիտուտը հնարավորություն կտա, որպեսզի ազգային խնդիրների հարցով հայ ժողովուրդը միասնական հանդես գա։ Այս ինստիտուտը կարեւորագույն քայլ է ազգային միասնությունն ապահովելու եւ զարգացնելու հարցում»:
Այսքանից հետո ուսանողները մեզ համոզում են, որ «ԱՅՈ»-ն ընդամենը գեղեցիկ եւ հինավուրց բառ է եւ որ այս ողջ գործընթացն իրականացվում է իրենց ջանքերով ու միջոցներով միայն, նույնիսկ Աբովյան 15 հասցեում տարածքը ժամանակավոր ձեռք են բերել իրենց ծանոթներից մեկից՝ ոմն Սամվելից: Ի դեպ, երեկ փողոցներում հայտնվել էին նաեւ այլ հայտարարություններ, որոնք եւս անվճար իրավաբանական խորհրդատվություն են առաջարկում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Հայտարարության հեղինակներն են Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Հայաստանի իրավաբանական հիմնադրամը եւ «Լիգլ Ըլայընս» իրավաբանական ընկերությունը: Երեկ չնայած մեր համառ փորձերին՝ «քարոզվել» այս ընկերությունների կողմից մեզ չհաջողվեց: Նրանք համառորեն մեզ մատնանշում էին միայն փոփոխությունները: Ի դեպ՝ «Հանրային ընդունարանից» մեզ փորձում էին թյուրիմացության մեջ գցել նաեւ այն առումով, որ իրենք եւ վերոհիշյալ երեք կազմակերպությունները կապ ունեն: «Մեզանից շատերն անդամակցում են Երիտասարդ իրավաբանների ասոցիացիային»,- հիմնավորում էին ուսանողները: «Ճիշտ է, որ իրավաբանական ֆակուլտետների որոշ ուսանողներ անդամակցում են մեր ասոցիացիային, սակայն «Հանրային ընդունարանի» հետ մենք որեւէ կապ չունենք,- հայտարարեց ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը,- ես նաեւ պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք որեւէ մեկի կողմից չենք ֆինանսավորվում, նմանատիպ պատվեր չենք իրականացնում եւ բացարձակ անկախ ենք: Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների հետ կապված այս ակցիային, նախաձեռնել ենք զուտ խնդրի արդիականությունից եւ կարեւորությունից ելնելով, որեւէ տիպի քարոզչություն դուք մեզ մոտ չեք տեսնի»: