«Եթե, Աստված մի արասցե, որ նման խնդիր առաջանա, որ ճանապարհները փակեն, մենք ամեն գնով ճանապարհները բացելու, զինամթերք ստանալու քայլին գնալու ենք: Սա մեր վերջին շանսն է, մենք չենք հանդուրժի, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն կորցնեն անկախությունը: Մենք Վրաստանի հետ լավ հարաբերություններ ենք ունեցել, ու դա պետք է պահպանենք»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն` անդրադառնալով Վրաստանի խորհրդարանի որոշմանը, որով արգելում է Վրաստանի տարածքով զենք-զինամթերք տեղափոխել ՌԴ ռազմաբազաների համար: Իսկ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը գտնում է, որ ՀՀ-ն միակողմանիորեն իր ողջ անվտանգությունը վստահել է ՌԴ-ին: «Ինչպես ՀՀ-ի ինտերնետը վրացական տատիկի քլունգի մեկ հարվածով ի չիք դարձավ, մոտավորապես նույն ամրությունն էլ ուներ անվտանգության վերաբերյալ մեր պատկերացումները»,- ասել է նա: