«Կարծում եմ` հատկապես Ադրբեջանում մտածում են, որ իրենք կհաղթեն արագ հարձակումով` վերցնելով ցածրադիր մի քանի շրջաններ, օրինակ, Աղդամը, Ֆիզուլին, բայց մտածում եմ, որ դա երբեք տեղի չի ունենա: Որովհետեւ, եթե ադրբեջանցիները շեշտակի գրոհեն, ապա հայերը կարձագանքեն: Այդ դեպքում կստեղծվի բարդ իրավիճակ, բայցեւայնպես, չեմ կարծում, թե հայ-ադրբեջանական կարճատեւ պատերազմը հնարավոր կլինի»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավար Սաբինա Ֆրայզերը` պատասխանելով հարցին, թե` որքանո՞վ է հավանական հայ-ադրբեջանական կարճատեւ պատերազմի վերսկսման հնարավորությունը: Ըստ Ս. Ֆրայզերի` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը դեռ երկար կշարունակվի: Նրա կարծիքով` եթե այսօրվանից սկսեն աշխատել խաղաղ համաձայնագրի հիմնարար սկզբունքների շուրջ, հիմնահարցի լուծման գործընթացը կտեւի մոտ 20 տարի: