Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ անդրադարձել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի բացահայտման գործընթացին` հայտարարելով, թե «ակնկալում է նոր թափ եւ ընդգծված ակտիվացում` Մարտի 1-ի դեպքերի բացահայտման հարցում»: «Բազմիցս ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ, որ սպասելիքները շատ են եւ, առաջին հերթին, խոսքս վերաբերում է Մարտի մեկի դեպքերին: Ակնկալում եմ նոր թափ եւ ընդգծված ակտիվացում` նշված դեպքերի բացահայտման հարցում: Ես գիտեմ բոլոր խնդիրներն ու օբյեկտիվ պրոբլեմները, որ ունեցել ենք մենք բոլորս, նկատի ունեմ` իրավապահ մարմինները: Երեւի ինձնից լավ որեւէ մեկը տեղյակ չէ այդ պրոբլեմներին: Բայց պետք է մեկ անգամ եւս շեշտեմ, որ հարցի նշանակությունը չափազանց մեծ է եւ՛ մեր պետության, եւ՛ մեր հասարակության, եւ՛ նաեւ տարբեր շահարկումներից խուսափելու համար: Սա էլ է էական հանգամանք: Անձնապես ինձ համար սա շատ կարեւոր հարց է, եւ ձեզ ուղղված իմ պահանջն է` կրկին եւ առավել մանրակրկիտ անդրադառնալ նույնիսկ այն հանգամանքներին, որտեղ ըստ ձեզ` որեւէ նոր բան չի կարող լինել: Փորձեք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել: Արդեն տեւական ժամանակ է անցել, միգուցե մարդիկ կան, ովքեր ականատես են եղել եւ այն ժամանակ չէին ուզում համագործակցել իրավապահ մարմինների հետ, իսկ հիմա այլ մոտեցումներ ունեն: Սա էլ է շատ հնարավոր»,- ասել է Սերժ Սարգսյանը: Ակնհայտ է, որ այս հայտարարությունն առաջին հերթին ուղղված է Հայ Ազգային կոնգրեսին, որի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` իշխանություններին ուղղված երեք պահանջներից մեկը վերաբերում էր Մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը: Ընդ որում, այդ` երրորդ պահանջը շատ «առաձգական էր» ձեւակերպված` «Մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացում…»: Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը, ըստ էության, ոչ թե հավաստիացում, այլ «խիստ հավաստիացում է», որը հերթական անգամ վկայում է ՀԱԿ-իշխանություն (ըստ Կոնգրեսի` իշխանություն-հասարակություն) երկխոսության կամ պայմանավորվածությունների մասին: «Շախմատային պարտիայի» հաջորդ քայլը Կոնգրեսինն է, եւ հայտնի կդառնա ուղիղ մեկ շաբաթից` ապրիլի 28-ին կայանալիք հանրահավաքում: