«Newsweek» ամսագրի փոխանցմամբ` հոլիվուդյան դերասան, Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը կարող է դառնալ Եվրամիության նախագահ: Ամսագրի տվյալներով, թեպետ Շվարցենեգերը դեռեւս չի որոշել, թե ինչով է զբաղվելու նահանգապետի պաշտոնը լքելուց հետո, սակայն նրա խորհրդականները նրան առաջարկել են վերադառնալ Եվրոպա եւ պայքարել ԵՄ նախագահի պաշտոնի համար: Նրա խորհրդական Թերրի Թամինենն ասել է, որ եվրոպական երկրները մեծ դժվարություն կունենան Ավստրիայում ծնված Շվարցենեգերին արժանի մրցակից գտնելու հարցում. «Ֆրանսիացիները չեն ցանկանա, որպեսզի նախագահ դառնա գերմանացին, գերմանացիները դեմ կլինեն իտալացուն: Բայց ի՞նչ կասեն նրանք մի մարդու մասին, ով ծնվել է Եվրոպայում, հաջողությունների հասել ԱՄՆ-ում, սակայն կարող է վերադառնալ, որպեսզի միավորված Եվրոպայի համար դառնա Ջորջ Վաշինգտոն եւ Թոմաս Ջեֆերսոն»: