Արդյունք չի նկատվում

21/04/2011

Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավար Սաբինա Ֆրայզերի գնահատմամբ` հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման գործընթացում որեւէ արդյունք չի նկատվում, ինչը վկայում է վերջին 5 տարիների ընթացքում երկու երկրների շփման գծում գրանցվող դեպքերի քանակական աճը: Փոխարենը` Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավարն ասում է, որ տեղաշարժ է նկատվում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում: «Թեեւ հայ-թուրքական սահմանները չեն բացվել, բայց հայերն ու թուրքերը երկխոսում են: Դա արդեն լավ գործընթաց է, մինչդեռ հայ-ադրբեջանական հարաբերություններիդ դեպքում ոչ մի գործընթաց տեղի չի ունենում»,- նշեց Ս. Ֆրայզերը` նկատելով, որ երկու երկրներն էլ չեն ուզում երկխոսության գործընթաց սկսել, որովհետեւ ադրբեջանցիները «հայերին ընդունում են` որպես գրավողներ, ովքեր զավթել են իրենց հողերը, իսկ հայերն իրենց հերթին` ասում են, որ ադրբեջանցիներն են հարձակվել, իրենց սպանել»: «Իրականում իրավիճակն ավելի բացասական երանգներ է կրում, քան նախկինում էր: Իսկ թե ինչո՞ւ, չգիտեմ, շատ դժվար է պատասխանել այդ հարցին»,- ավելացրեց Ֆրայզերը, ում խոսքերով` ստեղծված իրադրությունը մտահոգում է եւ ԱՄՆ-ին, եւ Ռուսաստանին: «Ռուսաստանը եւս իր մեծագույն ջանքերը ներդրեց այդ խնդիրը լուծելու համար: Մեդվեդեւն անձամբ գնաց, փորձեց լուծել հարցը, բայց նույնիսկ դա այդքան շատ հաջողություն չունեցավ»,- ասաց Ս. Ֆրայզերը` նշելով, որ, այդուհանդերձ, հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ արդյունավետ է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից կատարվող աշխատանքը:

Ստամբուլ-Երեւան