ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ դատաիրավական բարեփոխումների առանձին հարցերի վերաբերյալ խորհրդակցություն է հրավիրել, որով, ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության` մեկնարկում է քննարկումների մի շարք, որն ունենալու է հստակ պարբերականություն:
Խորհրդակցությունների նպատակն է` անդրադառնալ դատաիրավական համակարգի խնդիրներին, որոշակի լուծումներ գտնել տարիներով ամրապնդված արատավոր երեւույթների դեմ, բացահայտել խնդիրների հիմքում ընկած հանգամանքները, դրանք շտկել, վերացնել եւ, որ ամենակարեւորն է` բացառել այդպիսի երեւույթների հետագա կրկնությունները: Ըստ քննարկվող թեմաների` մասնակիցների շրջանակը կարող է փոփոխվել, հարկ եղած դեպքում, կհրավիրվի երրորդ կողմ, նաեւ` փորձագետներ: Երեկվա խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, ՀՀ ԿԱ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ՀՀ ԿԱ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Մնացական Սարգսյանը, Արամ Թամազյանը, Գեւորգ Կոստանյանը, ՀՀ հատուկ Քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը, ՀՀ ԿԱ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանը: Խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ 2008թ. մարտի 1-ի դեպքերի առիթով հարուցված քրեական գործի ընթացքին` ասելով. «Բազմիցս ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ, որ սպասելիքները շատ են եւ, առաջին հերթին, խոսքս վերաբերում է Մարտի 1-ի դեպքերին: Ակնկալում եմ նոր թափ եւ ընդգծված ակտիվացում` նշված դեպքերի բացահայտման հարցում: Ես գիտեմ բոլոր խնդիրներն ու օբյեկտիվ պրոբլեմները, որ ունեցել են մենք բոլորս, նկատի ունեմ` իրավապահ մարմինները: Երեւի ինձնից լավ որեւէ մեկը տեղյակ չէ այդ պրոբլեմներին: Բայց պետք է մեկ անգամ եւս շեշտեմ, որ հարցի նշանակությունը չափազանց մեծ է եւ՛ մեր պետության, եւ՛ մեր հասարակության, եւ՛ նաեւ տարբեր շահարկումներից խուսափելու համար: Սա էլ է էական հանգամանք: Անձնապես ինձ համար սա շատ կարեւոր հարց է, եւ ձեզ ուղղված իմ պահանջն է` կրկին եւ առավել մանրակրկիտ անդրադառնալ նույնիսկ այն հանգամանքներին, որտեղ, ըստ ձեզ` որեւէ նոր բան չի կարող լինել: Փորձեք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել: Արդեն տեւական ժամանակ է անցել, միգուցե, մարդիկ կան, ովքեր ականատես են եղել եւ այն ժամանակ չէին ուզում համագործակցել իրավապահ մարմինների հետ, իսկ հիմա այլ մոտեցումներ ունեն: Սա էլ է շատ հնարավոր»: Ս. Սարգսյանի խոսքով, չնայած դատաիրավական բարեփոխումների ընթացքում արձանագրվել են ձեռքբերումներ եւ անցած ժամանակահատվածում բավականին մեծ աշխատանքներ են կատարվել, այնուամենայնիվ, այդ համակարգի արդյունավետության ապահովման խնդիրը չի կարելի համարել լիովին լուծված: Նաեւ նշել է, որ դատաիրավական բարեփոխումների հիմնական ուղղություններից մեկը պետք է հանդիսանա հատկապես դատարանների կողմից օրենքների միատեսակ մեկնաբանությունը եւ կիրառությունը: «Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ մեր օրենսդրական ոչ հստակ կարգավորումների պարագայում օրենսդրության կիրառման պրակտիկան խիստ հակասական է: Ես չեմ ասում, որ սա վերջին մեկ տարում, կամ մի քանի ամիսներին է սկսվել: Այս արատը, ընդհանրապես, միշտ եղել է: Բայց դրա դեմ մենք պետք է շատ լրջորեն պայքարենք, հատկապես ընդունված փոփոխություններից հետո: Այսօր մենք ուղղակի պարտավոր ենք այս պրակտիկան ներդնել բոլոր ատյանի դատարաններում: Մեր իրականության մեջ, ցավոք, այդպիսի որոշումների կայացումն արտառոց երեւույթ չէ: Պետք է հասկանանք, թե պատճառը որն է, որ այս մի դատավճիռը կամ որոշումը շեղվել է ընդհանուր պրակտիկայից: Երբ մարդիկ տեսնում են, որ շեղումներ են լինում, բնականաբար, այդ երեւույթը երբեք չի կարող նպաստել հենց նույն դատարանների կամ այլ մարմինների հեղինակության բարձրացմանը: Իսկ մեր նպատակներից մեկն էլ այն է, որ մեր իրավապահ մարմիններն ունենան բարձր հեղինակություն: Բարձր հեղինակություն` նշանակում է` հանրության կողմից ձեր կայացրած որոշումների ընկալում: Կարծում եմ, որ այս առումով, խնդիրը միայն անկատար օրենսդրության մեջ չէ: Այն, ինչ նկատել ենք, նախ` պետք է արագ փոփոխենք, բերենք ճիշտ ձեւի»,- ասել է Սերժ Սարգսյանը` խոսելով նաեւ առկա սուբյեկտիվ գործոնների, միջգերատեսչական այնպիսի փոխհարաբերությունների մասին, որոնք հնարավոր են դարձնում այդպիսի երեւույթների առկայությունը: